Շիրակի մարզի չորս գյուղ հեղեղման վտանգի առջև է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Շիրակի մարզի Հայկավան, Ողջի, Ախուրիկ եւ Ոսկեհասկ գյուղերի բնակիչները հայտնվել են անելանելի դրության մեջ: Բանն այն է, որ «Ոռոգում» ՓԲԸ-ն փորձում է ապամոնտաժել Ողջի գյուղի վարչական տարածքում վերը նշված 4 գյուղերի համար կառուցված սելավատարի խողովակները: Սակայն գյուղերի բնակիչները մեծ աղմուկ են բարձրացրել, քանի որ այդ խողովակները իրենց գյուղերի համար մեծ նշանակություն ունեն. սելավատար չլինելու դեպքում հորդառատ անձրեւների հետեւանքով գյուղերի բնակարանները կջրալցվեն:

Շիրակի մարզի Հայկավանի գյուղապետ Սամվել Մխոյանը «Ժողովուրդ»-ին ասաց, որ «Ոռոգում» ՓԲԸ-ից երբեւէ որեւէ ներկայացուցիչ չի դիմել գյուղապետարանին եւ չի տեղեկացրել սելավատար խողովակների հնարավոր ապամոնտաժման մասին: Նշենք, որ Հայկավան, Ողջի, Ախուրիկ եւ Ոսկեհասկ գյուղերի բնակիչները վճռական են տրամադրված եւ մտադիր են պայքարել մինչեւ վերջ: Իսկ եթե ընկերությունը, այնուամենայնիվ, ապամոնտաժի այդ խողովակները, ապա նրանք պահանջում են, որ մեկ այլ սելավատար կառուցեն:

«Ժողովուրդ»-ը Շիրակի մարզպետարանից տեղեկացավ, որ այս պահին ապամոնտաժման աշխատանքները ժամանակավորապես կասեցվել են:
«Մենք նախապես տեղեկացված չենք եղել ապամոնտաժման մասին, իսկ երբ իմացանք, անմիջապես ահազանգեցինք ու աղմուկ բարձրացրեցինք: Այդ սելավատարի խողովակների ապամոնտաժումը ողբերգական կլինի մարզի չորս՝ Ախուրիկ, Ոսկեհասկ, Ողջի եւ Հայկավան գյուղերի համար: Այս չորս գյուղերը սելավատարի շնորհիվ հորդառատ անձրեւների ժամանակ պաշտպանվում են հեղեղումներից: Այդ սելավատարը ինչ-որ մեկի սեփականությունն է հանդիսանում, իսկ նա էլ փորձում է տնօրինել իր ունեցվածքը: Բայց սելավատարը մեզ համար մեծ նշանակություն ունի, այն պահպանում է մեր անվտանգությունը արտակարգ իրավիճակներում»,- ներկայացրեց Հայկավանի գյուղապետ Մխոյանը:

Զրույցի ընթացքում գյուղապետը հիշեց, որ այդ սելավատարը տեղադրվել է 90-ականներին՝ Ողջի գյուղի վարչական տարածքում: «Դրանից առաջ մեծ հեղեղումներ էին լինում այս չորս գյուղերում: Եւ ինժեներական միտքը պրպտեց եւ գտավ, որ այստեղ սելավատար կառուցվելու դեպքում այդ չորս գյուղերը հեղեղումներից կպաշտպանվեն: Ու այդպես էլ եղավ: Իսկ հիմա այն ինչ-որ մի ընկերություն փորձում է քանդել: Թե ով է քանդում, մեզ դա չի հետաքրքրում, կարեւորը սելավատարը մնա ու շարունակի գործել»,- հավելեց մեր զրուցակիցը:

«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Ախուրիկի գյուղապետ Վարդիթեր Գասպարյանի հետ, ով հայտնեց, որ իրենց գյուղը լրացուցիչ սելավատար ունի, որն էլ իրենց կպաշտպանի հեղեղումներից:

Ինչպես Ողջիի եւ Հայկավանի, այնպես էլ Ոսկեհասկի բնակիչները մտահոգված են սելավատարի խողովակների ապամոնտաժմամբ: Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Ոսկեհասկի գյուղապետ Արտաշես Սահակյանի հետ. «Խողովակների ապամոնտաժումը վատ հետեւանք կունենա մեր գյուղերի բնակիչների համար, որովհետեւ դրանք հանողը հաստատ չի բերելու նորից դնի: Գոնե ինչ-որ ձեւով սելավատար կառուցվի: Դրանք որ քանդեն, փոխարինող չեն դնի: Չեն հասցրել հանել, որովհետեւ հայկավանցիները լուրջ դիմադրություն են ցուցաբերել, բայց սա ժամանակավոր է, որովհետեւ իրենք իրենցը համառորեն շարունակում են պնդել»:
Ոսկեհասկի գյուղապետից տեղեկացանք նաեւ, որ «Ոռոգում»-ՓԲԸ-ն դեռեւս 2007 թվականին սնանկ է ճանաչվել եւ այժմ իր գույքն է օտարում: «Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել նաեւ «Ոռոգում» ՓԲԸ-ի սնանկության գործերով կառավարիչ Սուրեն Վարդանյանի հետ, սակայն մեզ դա չհաջողվեց:

Նշենք, որ օրեր առաջ Սուրեն Վարդանյանը «Գալա TV»-ի հետ զրույցում հայտարարել է, որ ՀՀ Կառավարության որոշմամբ՝ սելավատարը փոխանցվել է ընկերության հաշվեկշիռ, եւ հիմա գույքն ապամոնտաժում են՝ խողովակները վաճառելու եւ ստացված գումարները պետբյուջե մուտքագրելու համար: «Սելավատարը հողալցված է, մասնագետների կողմից ուսումնասիրվել է, հենց այնպես չի սկսվել ապամոնտաժումը, դա արվել է, քանի որ հողալցված էր, նպատակին չէր ծառայում:

Հիմա ապամոնտաժման աշխատանքը դադարեցված է, եւ ես մարդ եմ ուղարկել, որպեսզի գնան, լսեն գյուղաբնակների դժգոհությունները: Խողովակների մեջ լիքը հող կա, որը չի թողնում ջուրը տանել: Մեր նպատակն այդ խողովակների ապամոնտաժումն ու վաճառքն է, քանի որ գույքը, որը հանձնվել է մեզ, վաճառում ենք ու գումարներն ուղղում պետական բյուջե»,- լրատվամիջոցի հետ զրույցում փոխանցել է նա:
Թեեւ ընկերությունը հաստատակամ է տրամադրված սելավատար խողովակները ապամոնտաժելու հարցում, այնուամենայնիվ, վերը նշված գյուղերի բնակիչները պնդում են, որ իրենք էլ պակաս հաստատակամ չեն եւ շարունակելու են իրենց պայքարը մինչեւ վերջ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս