ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիի հետ:
Հանդիպման ընթացքում Գագիկ Բեգլարյանը դեսպանին ներկայացրեց այն կարևոր ծրագրերը, որոնք այժմ իրականացվում են Հայաստանում տրանսպորտի ոլորտում՝ մասնավորապես ընդգծելով կառուցվող Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի բացառիկ դերը Հայաստանի զարգացման համար։
«Մենք ունենք ևս մի կարևոր նախագիծ՝ Հայաստանի հարավային երկաթուղու ծրագիրը, որը մեծապես կնպաստի աշխարհի հետ Հայաստանի տնտեսական կապի ընդլայնմանը։ Ես համոզված եմ, որ մենք ընդհանուր եզրեր կգտնենք առաջիկայում տրանսպորտի ոլորտում ավելի սերտ համագործակցության համար»,- ասաց նախարարը։
Ճապոնիայի դեսպանը նշեց, որ ճապոնական կազմակերպությունները ևս հետաքրքրված են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրով և հույս հայտնեց, որ ճապոնական կողմը նույնպես կներգրավվի աշխատանքներում:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը պատրաստակամություն հայտնեց առաջիկայում Տոկիո կատարելիք այցի ժամանակ հանդիպել Ճապոնիայի կառավարության ներկայացուցիչների հետ և քննարկել տրանսպորտի և կապի ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Կողմերը կարծիքներ փոխանակեցին նաև «Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագրի իրագործման հեռանկարների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն