ԿՐԱԿՈՑՆԵՐ ՏԱՐԱԴՐԱՄԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 13-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 20 շենքի տարադրամի փոխանակման կետում: Գիշերը՝ ժամը 24:00-ի սահմաններում, դիմակավորված անձինք մտել են տարադրամի փոխանակման կետ եւ կրակելով 36-ամյա Հակոբ Մկրտչյանի վրա` հափշտակել 40 մլն դրամ: Վերջինիս վիճակը  ծայրահեղ  ծանր է:
Դեպքի մանրամասները պարզելու համար «Ժողովուրդ»-ն այցելեց Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 20 շենք: Զրուցեցինք տարադրամի փոխանակման կետի հարակից տարածքում գտնվող խանութների աշխատակիցների հետ, որոնք բավական վախեցած էին միջադեպից: Նրանք թեեւ չցանկացան ներկայանալ, սակայն պատմեցին, թե ինչ է տեղի ունեցել այդ գիշեր:
«Հակոբին շատ լավ ճանաչում ենք, նորմալ տղա է: Կրակոցները լսեցինք, բայց քանի որ տարադրամի փոխանակման կետի դուռը փակ էր, ո՞վ իմանար, որ դա կրակոց է: Մտածեցինք, որ այն գմփուցիկներից է, որ հիմա բոլորը գմփացնում են, էլ ի՞նչ իմանայինք, որ ներսում սենց բան է կատարվում»,-պատմեցին խանութի աշխատակիցները: Նրանց խոսքով՝ միջադեպի ականատեսներն ասել են, որ հարձակվողներն առանց համարանիշի Վազ 21-21 «Նիվա» մակնիշի սպիտակ գույնի մեքենայով են եղել:
Մեր այցելության պահին տարադրամի փոխանակման կետը փակ էր, սակայն մեզ հաջողվեց զրուցել փոխանակման կետի տնօրեն 65-ամյա Սերգեյ Մխիթարյանի հետ: Վերջինիս խոսքով` հունվարի 13-ի դեպքից հետո փոխանակման կետը փակվել է, եւ ինքը հստակ չի կարող ասել, թե այն երբ կբացվի: «Դեռ սպասում ենք` հասկանանք, թե ինչ կատարվեց»,-ասաց Ս. Մխիթարյանը: Նա նշեց, որ Հակոբն իր մոտ աշխատում է մեկ տարի եւ նորմալ անձնավորություն է. «Ինքը սովորաբար գումարը պահում է չհրկիզվող պահարանում կամ երբեմն եղել է, որ տարել է տուն: Իմ բնակարանը գտնվում է հենց տարադրամի փոխանակման կետի վերեւում: Այդ օրը՝ 24:00-ի սահմաններում, լսեցի կրակոցները ու շատ արագ շտապեցի ներքեւ: Տեսա, որ Հակոբը պառկած է գետնին, ու նրան արագ  տեղափոխեցինք հիվանդանոց»:
Ս. Մխիթարյանից տեղեկացանք, որ Հակոբն ունի երեք եղբայր, ամուսնացած է եւ ունի մեկ երեխա: Հակոբ Մկրտչյանի առողջական վիճակը պարզելու համար այցելեցինք «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղից տեղեկացանք, որ նրան որովայնի եւ աջ սրունքի վերջույթի վնասվածքով, ծայրահեղ ծանր վիճակում 1-03 շտապօգնության թիվ 66 բրիգադը տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ երեք վիրահատություն է տարել: Իսկ հունվարի 17-ին կյանքի համար ցուցումով նրա ոտքն աջ ազդրի ստորին երրորդականից ամպուտացվել է:
Ներկայում Հակոբը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նրա եղբայրը մեզ հետ զրույցում նշեց, թե Հակոբի վիճակը շատ ծանր է, եւ չցանկացավ այլ տեղեկություն հաղորդել: Հակոբի եղբայրներն այնքան զայրացած էին, որ անգամ թույլ չտվեցին՝ խոսենք վերակենդանացման բաժանմունքի վարիչի հետ: «Հեռացե՛ք, ոչ մեկի թույլ չենք տա, որ ինչ-որ բան ասի ձեզ, հեռացե՛ք»,-միջանցքում զայրացած ասացին տուժողի եղբայրները:
Ամեն դեպքում, մենք զրուցեցինք վերակենդանացման բաժանմունքի վարիչ Հարություն Մանգոյանի հետ, որի գնահատմամբ` Հակոբ Մկրտչյանի վիճակը ծայրահեղ ծանր է:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնեցին, որ դեպքի կապակցությամբ ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (ավազակություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), նույն մասի 4-րդ կետի (զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ), նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (ավազակություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով) հատկանիշներով:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս