ԿՄԵԾԱՆԱՄ, ԿԴԱՌՆԱՄ ԷՊՈՍԱԳԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի ժամանակ երեխաները երազում էին տիեզերագնաց դառնալ, հետո՝ ղարաբաղցի, հիմա արդեն` նաեւ էպոսագետ, քանի որ վերջին մասնագիտությունով կարելի է մի կրակոցով երկու նապաստակ խփել՝ լինել տիեզերքում նույնիսկ առանց տիեզերանավի օգնության եւ հարստանալ, ունենալ փող ու հասնել իշխանության: Ահա եւ ունեցանք «էպոսագետ» հասկացության բանաձեւը՝ տիեզերագնաց + ղարաբաղցի = էպոսագետ:
Կրկեսի վերածված Հայաստանի քաղաքական դաշտում այսօր ամենակոլորիտային կերպարը նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանն է, որը Հայաստանի նորագույն պատմության մեջ հավիտյանս կմնա եւ կհիշատակվի որպես էպոսագետ: Սա, իհարկե, մասնագիտություն չէ, այլ, ինչպես ինքը՝ Սեդրակյանն է ասում, զբաղմունք, բայց պարզվում է, որ բավական եկամտաբեր զբաղմունք է, այն աստիճանի եկամտաբեր ու նաեւ հանրահայտ դարձնող, որ 21-րդ դարի հայ ժողովրդական բանահյուսության մեջ արդեն իսկ տեղ են գտել ժողովրդական թեւավոր խոսքեր՝ «կմեծանամ, կդառնամ էպոսագետ», «վերեւում էպոսագետ կա» եւ այլն:
Բայց որտե՞ղ է թաքնված էպոսագիտության այդչափ եկամտաբերությունը: Հասկանալու համար նախ ծանոթանանք նախագահի թեկնածուի կենսագրությանը. Վարդան Սեդրակյանը ծնվել է 1967թ. Երեւանում, 1984-ին ավարտել է թիվ 103 միջնակարգ դպրոցը, նույն թվականին ավարտել է թիվ 6 երաժշտական դպրոցի թավջութակի դասարանը, ապա ընդունվել Երեւանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետա-շինարարական ֆակուլտետը: 1986-88-ին ծառայել է խորհրդային բանակում: 1992թ. ավարտել է Երեւանի ճարտարապետա-շինարարական ինստիտուտը: 1992-98թթ. նրա գործունեության մասին ոչ մի տվյալ չի ներկայացվում, իսկ 98-ից զբաղվել է հայկական էպոսի ուսումնասիրությամբ, զուգահեռ ուսումնասիրել է աշխարհի մյուս ժողովուրդների էպոսներն ու կրոնները, նաեւ տարբեր հեռուստաընկերություններում մասնակցել է հաղորդաշարերի, խոսել էպոսի մասին, ներկայացրել վերլուծություններ, անցկացրել համեմատականներ էպոսի եւ արդի հայ իրականության միջեւ, նաեւ հրավիրվել սեմինարների՝ դասախոսություններ կարդալու: 2007-ին մասնակցել է ԱԺ ընտրություններին, սակայն անհաջողության մատնվել:
Ահա այն ամենը, ինչ ունենք: Այլ տվյալներ Սեդրակյանի կենսագրականից ներկայացված չեն, մարդն ուղղակի էպոսագիտությամբ է զբաղվել եւ այսօր ունի առանձնատուն Քանաքեռում, հողատարածք եւ անասնագոմ Եղվարդում, երեք շքեղ ավտոմեքենա, որոնցից մեկը Range Rover, հանգստանում է Դուբայում ու Եվրոպայում, 8 մլն դրամ ընտրագրավ է մուծում, նաեւ մեկ այլ թեկնածուի փոխարեն մուծելու պատրաստակամություն հայտնում… Եվ այս ամենը՝ էպոսագիտությամբ զբաղվելուց ստացած եկամուտներից, քանի որ նախագահի թեկնածուն, իր իսկ վկայությամբ, երբեւէ որեւէ տեղ չի աշխատել, բիզնես չի ունեցել, գումարն էլ խնայողության արդյունք է: Փաստորեն, էպոսագետ լինելով եւ հեռուստահաղորդումներին մասնակցելով՝ ոչ միայն կարելի է պատշաճ գումար վաստակել եւ բարեկեցիկ ապրել, եվրոպաներում ու դուբայներում հանգստանալ, այլեւ խնայողություններ ունենալ, արդյունքում դրանցով գնել տարածք, գոմ, մեքենաներ եւ առաջադրվել ՀՀ նախագահի թեկնածու: Իրոք, շատ եկամտաբեր եւ ապագա ունեցող մասնագիտություն է. եթե նախկինում երեխաները երազում էին մեծանալ եւ դառնալ տիեզերագնաց, ապա այսուհետ կերազեն մեծանալ եւ դառնալ էպոսագետ:
Սեդրակյանի նախընտրական ծրագիրը հենց էպոսն է, որտեղ, ըստ նրա, կան բոլոր անհրաժեշտ դրույթները: Սեդրակյանի ուժն ու զորությունը գալիս է «վերեւից»՝ տիեզերքից, որտեղ, ըստ թեկնածուի, արդեն ամեն ինչ որոշված է. ինքը հաղթելու է, դառնալու է  նախագահ, իսկ ՀՀ երեք նախագահներն էլ կլինեն իր խորհրդականները:
Ասուլիսներից մեկի ժամանակ Սեդրակյանն ասել է, որ նախագահ դառնալուց հետո պատրաստվում է բարձրացնել գիտության ֆինանսավորումը մինչեւ 10 տոկոս: Հավանաբար գումարները կներդրվեն տիեզերագիտության մեջ, իսկ տիեզերագնացություն ստեղծելու եւ զարգացնելու կարիք առանձնապես չի լինի, քանի որ էպոսագետի կապը տիեզերքի հետ անմիջական է:
Ինչպես Վարդան Սեդրակյանն է ասում՝ «վերեւում Աստված կա», բայց ամենահետաքրքիրն այն է, թե ով է այդ հարուստ «աստվածը», որը կանգնած է նրա հետեւում կամ վերեւում, եւ որն է նրա հասցեն:

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
շարունակելի




Լրահոս