ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ 100 ՕՐՎԱ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մեր ամենակարեւոր ձեռքբերումը լրատվական կառույցների հետ թափանցիկ գործունեությունն է, երեւի մինչեւ հիմա ազատ մուտք ու ելք չի եղել, հիմա այդ ամենը կա, համագործակցությունը կա ու շատ լավ է»,-պաշտոնավարման 100 օրվա ամփոփիչ ասուլիսում որպես թիվ մեկ ձեռքբերում ներկայացրեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Որպես երկրորդ կարեւոր ձեռքբերում նա առանձնացրեց ավագանու ինստիտուտի կայացումը, այնուհետ նշեց հասարակական կազմակերպությունների հետ իրենց աշխատանքը: Անդրադառնալով վերջին շրջանի այն խոսակցություններին, թե քաղաքապետարանում կադրային փոփոխություններ են կատարվում ու աշխատանքից ազատվում են այլ կուսակցության ներկայացուցիչներ, Բալասանյանը հավաստիացրեց, թե իրենք որեւէ մեկին չեն ազատել, մարդիկ աշխատանքից հեռացել են իրենց դիմումի համաձայն: Միեւնույն ժամանակ նա նշեց, որ առաջիկայում կրճատումներ կլինեն. «Ասել եմ ու նորից կասեմ՝ քաղաքապետարանը ապաքաղաքականացված կառույց է»:
Այնուհետ Բալասանյանը սահուն կերպով անցում կատարեց ՀՀ ֆինանսների նախարարության, Շիրակի մարզպետարանի եւ դատախազության կողմից քաղաքապետարանում անցկացված ստուգումներին. «Ֆինանսների նախարարությունը սկսեց ու երկարացրեց իր ստուգումները մոտ 1-1,5 ամիս, դրա համար մենք որեւէ խոսակցություն չունեցանք աուդիտի մասին, այսինքն՝ տրամաբանություն չկար նույն ստուգումը նորից անցկացնելու»:
Երկու ամսվա ընթացքում կատարված աշխատանքների, ձեռքբերումների եւ բացթողումների մասին խոսեցին նաեւ բաժնի պետերը: Բնակկոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանն անդրադարձավ  տեխնիկայի պակասին ու այն համալրելու եկած նոր մեքենաները գործի դնելու հետ կապված խնդիրներին, քաղաքի ձնամաքրմանն ու աղբահանությանը եւ այս երկու ոլորտներում իրենց կատարած աշխատանքներն անգամ բավարար չգնահատեց: Քաղաքապետը նշեց, որ քաղաքային տրանսպորտի ու երթուղիների հետ կապված խնդիրներն իր ուշադրության կենտրոնում են: Նա տեղեկացրեց, որ մինչեւ մարտի վերջ մասնավոր ընկերությունների կողմից Չինաստանից կներկրվի 10 ավտոբուս ու կշահագործվի՝ այդպիսով կարգավորելով տրանսպորտի վիճակը:
Ասուլիսի ընթացքում քաղաքապետին ուղղվեցին նաեւ քաղաքական բնույթի հարցեր: Մասնավորապես՝ լրագրողներին հետաքրքրում էր, թե առաջիկա նախագահական ընտրություններում ում է սատարելու Ս. Բալասանյանը: Այս հարցին նա սկզբում չցանկացավ պատասխանել` ասելով, թե հայտարարությամբ հանդես կգա, սակայն քիչ անց  նշեց. «Ես 2008թ.-ին էլ եմ պաշտպանել, հիմա էլ եմ պաշտպանելու, քանի որ նախագահը քաղաքի համար շատ գործեր է արել: Քաղաքապետարանի եւ Գյումրու շահն ինձ համար ավելի բարձր շահ է, քան կուսակցական եւ քաղաքական շահերը»:

ՍՈՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Գյումրի




Լրահոս