ՀՀ իրավապահ համակարգի նկատմամբ հասարակության վերաբերմունքն այսօր մեծամասամբ բացասական է, իսկ անվստահությունն ու թերահավատությունը՝ տիրապետող: Եվ պատահական չէ, որ այս հանգամանքն արտագաղթի հիմնական հարուցիչների թվին է դասվում: Իրավապահ համակարգի առանցքային ճյուղերից մեկի՝ ՀՀ դատախազության գործունեության ապահովման համար հատկացված ֆինանսական միջոցները, 2011թ. ՀՀ պետբյուջեի կատարողականում արձանագրված տվյալների համաձայն, հաշվետու տարում կազմել են 2,8 մլրդ դրամ:
Ըստ նույն հաշվետվության՝ 2010թ. համեմատությամբ դատախազության ծախսերն ավելացել են 6,4%-ով կամ մոտ 168 մլն դրամով: Այս ավելացումը պայմանավորված է առաջին հերթին դատախազության պահպանման եւ կարողությունների զարգացման աճով: Պարզվում է, որ ՀՀ կառավարությունն այնքան բարձր է գնահատել դատախազության պահպանության անհրաժեշտությունը, որ պետբյուջեից 2,4 մլրդ դրամ է հատկացրել միայն պահպանության խնդրին՝ ապահովելով ծրագրի կատարումը 98,7%-ով: Հարկ է, սակայն, հիշեցնել, որ այն շենքերը, որտեղ տեղակայված են դատախազության եւ ընդհանրապես իրավապահ այլ մարմինների բաժիններն ու բաժանմունքները, մեծամասամբ գտնվում են խայտառակ վիճակում: Հարց է ծագում, թե ինչպիսի օգտակարություն կարող է ունենալ այն հիմնարկը, որի աշխատանքներն ընթանում են խորհրդային ժամանակներից ժառանգված կիսավեր կառույցներում, որտեղ տարիների ընթացքում լավագույն դեպքում լոկ կոսմետիկ վերանորոգումներ են իրականացվել: Կարելի է ՀՀ գլխավոր դատախազին հուշել, որ, օրինակ, Ապարանում անհասկանալի խաչեր կառուցելու եւ շուրջպարեր կազմակերպելու փոխարեն, ոչ նույն հաճախությամբ իհարկե, բայց գոնե մեկ անգամ այցելի Երեւանի կողքին գտնվող Աբովյան քաղաքի դատախազություն եւ տեսնի, թե այն ինչ վիճակում է:
ՀՀ 2011թ. պետական բյուջեից կատարված հատկացումներից համապատասխան գումարներ են տրվել նաեւ հատուկ քննչական ծառայությանը: Տրամադրված ֆինանսական միջոցները կազմել են 247,5 մլն դրամ՝ ապահովելով ծրագրի կատարումը 98,4%-ով: Միաժամանակ հարկ է արձանագրել, որ 2010թ. հետ համեմատած նշված ծախսերը գրեթե փոփոխության չեն ենթարկվել: Դրա պատճառներից մեկը հավանաբար կապված է իշխանությունների համար ՀՔԾ գործունեության օգտակարության աստիճանի հետ: Նախորդ տարիներին «անգործունակների կառավարությունը» շատ էր զգում ՀՔԾ-ի կարիքը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարտի մեկի ողբերգական դեպքերը քննում էր հենց այս ծառայությունը: Սակայն արդեն 2011թ.-ին ՀՔԾ-ն «հաջողությամբ ավարտին հասցրեց» այդ իրադարձությունների «բացահայտման» գործընթացը` չնայած այն հանգամանքին, որ Սերժ Սարգսյանը հանձնարարեց քննությանը «նոր թափ հաղորդել»: Այսօր արդեն կարելի է արձանագրել, որ կա՛մ Ս. Սարգսյանի հրահանգներն էին ձեւական ու միայն ներքաղաքական լարվածությունը մեղմելու նպատակ էին հետապնդում, կա՛մ էլ ՀՔԾ-ն ուշադրություն չդարձրեց Սարգսյանի հրահանգներին: Իսկ եթե ՀՔԾ-ն ուղղակի չի կարողացել բացահայտել սպանությունները, ապա միգուցե այն՝ որպես անպիտան մարմին, պետք էր ուղղակի լուծարել եւ տնտեսել պետբյուջեից հատկացված կես միլիոն դոլարից ավելի գումարը:
Նույն հաշվետվությունն «ավետում» է, որ ՀՀ դատախազության կարողությունների զարգացմանը հատկացվել է 78,5 մլն դրամ: Հետաքրքիր է, որ հատկացված գումարը 2,8%-ով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը: Հատկանշական է, որ 2012թ. հոկտեմբերի 29-ին Ս. Սարգսյանը դատախազությունում խորհրդակցություն անցկացրեց, որի ժամանակ կշտամբեց այս գերատեսչության աշխատակիցներին, ինչին հետեւեցին ընդամենը ոչինչ չտվող մի քանի կադրային փոխատեղումներ: Մինչդեռ հայտնի՝ «գլխից բռնելու» քաղաքականությունն այդպես էլ ի կատար չածվեց: Իսկ թե որքանով է արդյունավետ եղել դատախազության գործունեությունն անցած տարում, ամենից լավ կարող է պատասխանել այն քաղաքացին, որը «բարեբախտություն» է ունեցել շփվել այդ գերատեսչության հետ:
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԶԱՐԳԱՑՈՂ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ