Նոյեմբերյանի Նիկոլայ Նասիբյանի անվան բժշկական կենտրոնի ունեցած պարտքը շարունակում է նվազել: Այն ներկայում կազմում է 16,8 մլն դրամ: ԲԿ-ի տնօրեն Աշոտ Գյոզալյանի ներկայացմամբ` դրանից 2,5 մլն դրամը ընթացիկ պարտք է, որը գոյանում է դիալեզի միկրոբաժանմունքի գործունեությունից: Այսինքն՝ այդ միկրոբաժանմունքը աշխատեցնելու համար ԲԿ-ն ապառիկով դեղամիջոցներ եւ անհրաժեշտ նյութեր է գնում, որոնց գումարը վճարում է պետությունը: Հիշեցնենք, որ հարկային տեսչության եւ ՀՀ վերահսկիչ պալատի կողմից Նոյեմբերյանի հիվանդանոցի եւ պոլիկլինիկայի 2007-2009թթ. գործունեության ստուգումների արդյունքում հայտնաբերվել էին խախտումներ, որոնց հետեւանքով Նոյեմբերյանի հիվանդանոցում շուրջ 40 մլն դրամի պարտք էր առաջացել: Այդ գումարից 8,5 մլն դրամը հարկային տուգանքներն էին: 2011թ. մայիսին հիվանդանոցի եւ պոլիկլինիկայի միավորումից առաջացել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոնը, որը սկսել է աստիճանաբար մարել պարտքերը: 2011թ. դեկտեմբերին բժշկական կենտրոնի պարտքերը կազմել են 29 մլն դրամ: Գյոզալյանն ասում է, որ կենտրոնի ներկայիս պարտքը՝ 16,8 մլն դրամ, կարող էր ավելի քիչ լինել: Բանն այն է, որ անցյալ տարեվերջին Նոյեմբերյանի ԲԿ-ին ծննդաբերական ծառայությունների գծով շնորհվել է ցածր կարգավիճակ: Այն շնորհվում է ԲԿ-ներին, որոնք չունեն 4 գինեկոլոգ եւ համապատասխան սարքավորումներով կահավորված լաբորատորիա: Նման կարգավիճակ ունեցող ԲԿ-ներին թույլատրվել է ծննդաբերությունների ընդհանուր թվի մինչեւ 10%-ի դեպքում կատարել կեսարյան հատում: 2012թ. օգոստոս-դեկտեմբերին Նոյեմբերյանի ԲԿ-ում կատարվել է թվով 16 կեսարյան հատում: Գյոզալյանն ասում է, որ իրենց հիմնարկությանը չի վճարվել այդ վիրահատությունների համար պետբյուջեից հասանելիք 1,4 մլն դրամը: ԲԿ-ն այդ վիրահատություններին մասնակցած բժիշկներին վճարել է համապատասխան կերպով, մինչդեռ այդ բժիշկները պետք է վարձատրվեն այնպես, կարծես թե նորածինները ոչ թե կեսարյան հատումով, այլ սովորական ձեւով, առանց բարդությունների են ծնվել: Այդ որոշման հետեւանքները մեղմելու համար կառավարությունը նոր որոշում է ընդունել, որով կապիտալ նորոգված, կահավորված բժշկական կենտրոններին թույլատրվում է ծննդաբերությունների ընդհանուր թվի մինչեւ 20%-ը կատարել կեսարյան հատումով: Նոյեմբերյանի ԲԿ-ն դրանց թվին է դասվում, քանի որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով 2011թ. հիմնանորոգվել է: Սակայն Նոյեմբերյանի ԲԿ-ի խնդիրները ֆինանսականով չեն սպառվում: Կենտրոնը չունի միզուղիների մասնագետ, իսկ վիրաբույժներին փոխարինողներ չկան:
«Երբ գործի բերումով Երեւան եմ գնում, 100 անգամ Աստված եմ կանչում, որ այդ ժամանակ Նոյեմբերյանում ծանր դեպք, վիրահատության կարիք չլինի»,-ասում է Աշոտ Գյոզալյանը, որը կատարում է որովայնի խոռոչի օրգանների վիրահատություններ: Նա նաեւ խնդիր է դրել, որպեսզի սահմանագոտում գործող ԲԿ-ում կահավորվի երկրորդ վիրահատարան:
Տավուշ