Սահմանադրական բարեփոխումների նախօրեին կադրային փոփոխություններ չեն սպասվում. Սեյրան Օհանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հավաստիացնում է, որ ներկայում` սահմանադրական բարեփոխումների նախօրեին, կադրային փոփոխություններ չեն սպասվում ՀՀ Զինված ուժերում: Այս մասին նախարարը հայտնեց լրագրողների հետ ճեպացրույցում:

«Ես կարող եմ երկար խոսել Զինված ուժերում կադրային փոփոխությունների մասին, թե ինչու ենք մենք անցկացնում ռոտացիաներ: Դա օգնում է, որ երկար տարիների քո փորձառությունը օգտագործես այլ ոլորտներում` զարգացում, բարեփոխում իրականացնելու համար: Բայց կարող եմ ասել, որ այսօր կադրային փոփոխություն չեն սպասվում: Դա իրականցնում ենք հընթացս` կառավարման գործընթացում»,­ «Արմենպրես»­ի փոխանցմամբ` ասաց Սեյրան Օհանյանը:

Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումների նախագծի նախնական տարբերակում Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարին առնչվող հատվածին, որով սահմանվում է, որ պատերազմի ժամանակ վարչապետն է ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարը, Սեյրան Օհանյանը հայտնեց, որ իրենք արդեն առաջարկություն ներկայացրել են այդ կապակցությամբ:

«Այդ հարցը հիմա քննարկումների փուլում է: Մենք մեր առաջարկությունները տվել ենք, կարծում եմ` ժամանակից առաջ չպետք է ընկնել: Մեր առաջարկությունները նախնական հաշվի առնվել են, որոնք կքննարկվեն և վերջնական որոշում կկայացվի: Մենք այն տեսակետին ենք, որ զինվորական հիերարխիան պետք է հստակ լինի: Դրա մեջ է զինվորականության միանձնյա ղեկավարման սկզբունքը և հաջողությունների գրավականը», ավելացրեց նախարար Օհանյանը: Օգոստոսի 4­ին հրապարակվել է Սահմանադրության 1­15-­րդ գլուխների նախագծի նախնական տարբերակը:




Լրահոս