«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ըստ պաշտոնական տեղեկության՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի պետական բյուջեի հարկերի եւ տուրքերի հավաքագրումը 2015 թվականի պետական բյուջեի պլանից թերակատարվել է 22 միլիարդ 87 միլիոն դրամի չափով: Ավելին՝ առաջին կիսամյակում երկու հիմնական հարկատեսակների՝ ավելացված արժեքի եւ շահութահարկի հավաքագրումներն անցած տարվանից քիչ են եղել: Ասել է թե՝ ոչ միայն այս տարվա բյուջեով նախատեսված պլանը չի կատարվել, դեռ մի բան էլ արդյունքը անցած տարվա ցուցանիշից պակաս է եղել:
Բայց սա թերեւս ֆինանսների նախարարության թերի աշխատանքի արդյունքը չէ: Ակնհայտ է, որ Հայաստանում հարկային ծառայությունը գործարարներից հարկում է այնքան, որքան հնարավոր է, եւ դեռ ավելին, ուստի եթե հավաքագրումները նվազել են, ապա այն ուղղակի տնտեսության անկման փաստով է պայմանավորված: Իհարկե, դեռեւս մայիսին Հովիկ Աբրահամյանը Կառավարության նիստում հրահանգել էր այս տարի 2-3 տոկոս տնտեսական աճ ապահովել, եւ նրա հրահանգը պաշտոնական վիճակագիրները կատարել ու 4,2 տոկոսանոց տնտեսական աճ են գրել: Բայց վիճակագրությունում գրված թվերով ո՛չ տնտեսությունն է զարգանում եւ ո՛չ էլ հարկերի հավաքագրումն է ավելանում: Այսինքն՝ եթե տարեվերջին պարզվի, որ պետական բյուջեն 40 կամ 50 միլիարդ դրամով թերակատարվել է, քանի որ տնտեսությունը խորը ճգնաժամում է, ապա ինչ կապ ունի, թե պաշտոնական վիճակագիրները քանի տոկոս տնտեսական աճ կգրեն: Կարող են 10 տոկոս գրել, կամ անգամ հարյուր, բայց դրանից իրականությունը չի փոխվում, տնտեսությունը չի զարգանում, մարդիկ էլ ոչ թե հարստանում են, այլ շարունակում են աղքատանալ»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: