«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սյունիքի մարզում գտնվող «ԼԵՌ-ԷՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, մոտ 60 հոգու աշխատանքից ազատել է: Նշենք, որ այս ընկերությունը զբաղված է հանքերի հետազոտման աշխատանքով: Ըստ Սյունիքում տարածված լուրերի՝ ընկերությունը կապվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անվան հետ, եւ այն ժամանակին ղեկավարել է ինքն ու «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» նախկին գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը:
Վերջին շրջանում Մաքսիմ Հակոբյանը «հրաժարվել» է այդ ընկերությունից, ու այն գտնվում է Սուրիկ Խաչատրյանի միանձնյա տնօրինման տակ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ աշխատակիցներին ազատելը տնօրինությունը պատճառաբանել է ֆինանսական խնդիրներով: «ԼԵՌ-ԷՔՍ» ընկերության տնօրինության հետ զրուցելու մեր բոլոր փորձերն անցան ապարդյուն: Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը եւս մեր հեռախոսազանգերին չպատասխանեց»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: