«Ժամանակ» թերթը գրում է. «Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ավարտվեց Իշխան Ա.-ի եւ Արման Ս.-ի գործի դատական քննությունը:
27-ամյա Իշխանը մեղադրվում էր տուժողի՝ Արմանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:
Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի նոյեմբերի 2-ին, ժամը 22-ի սահմաններում Արմանն իր ընկերներ Հայկի ու Կարենի հետ գնացել է Կիլիկիա թաղամաս՝ Իշխանի հայրիկի հետ ունեցած տարաձայնության վերաբերյալ պարզաբանում կատարելու:
Նրանք գնացել են Իշխանենց տան մոտ: Արմանը հեռախոսազանգով դուրս է կանչել Իշխանի հայրիկին, վիճաբանության մեջ է մտել նրա հետ, տվել է հայհոյանքներ՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, խանգարելով մարդկանց անդորրը:
Աղմուկը լսելով՝ տնից դուրս է եկել Իշխանը, տեսել է, որ իր հայրիկի հետ վիճաբանում են, հայհոյում են նրան:
Զայրանալով՝ Իշխանը իր ձեռքին եղած դանակով մեկ հարված է հասցրել Արմանի որովայնի ձախ հատվածին՝ պատճառելով որովայնի ձախ կողմնային պատի ծակած-կտրած, արյունահոսող, թափանցող վերք՝ հաստ աղու եւ երիկամի վնասումով՝ Արմանի առողջությանը հասցնելով ծանր վնաս:
Դատարանում Իշխանը առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե դիտավորություն չի ունեցել տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու:
Ըստ Իշխանի՝ ինքը դեպքի պահին նստած էր իրենց հյուրասենյակում ու դանակով միրգ էր կտրում: Հանկարծ քույրը ճչացել է: Ինքը անմիջապես դուրս է վազել՝ դանակը ձեռքին: Տեսել է, որ յոթ-ութ տղա շրջապատել են իր հայրիկին ու վիճում են նրա հետ, հայհոյում են նրան:
Ըստ Իշխանի՝ ինքն իր հայրիկին դեռ այդպես խեղճացած չէր տեսել: Բացի այդ՝ ինքը խիստ ցավագին է ընդունում, երբ իրեն կամ իր հարազատներին հայհոյում են, ինքը պատկերացնում է այդ հայհոյանքը եւ զայրույթից կորցնում է իրեն:
Հիմա էլ, հենց դուրս է եկել, Արմանը հայհոյել է իր հայրիկին ու իրեն: Ինքը զայրացել է, կորցրել ինքնատիրապետումը: Այդ ժամանակ տեսել է, որ Արմանը ձեռքը տարավ դեպի գրպանը: Ինքը այդ պահին մտածել է, թե նա գրպանից զենք կամ դանակ է ուզում հանել ու հարվածել իր հայրիկին կամ իրեն: Ինքն իմացել է, որ Արմանի մականունը «Ճիճու» է, որ նա նախկինում դատված է եղել «մարդ խփելու համար»: Դրա համար է վախեցել նրա շարժումից ու ձեռքի դանակով մեկ անգամ հարվածել է նրան:
Դրանից հետո անասելի կերպով թուլացել է, նստել ու մեջքը հենել է ծառին: Հետո մեքենայով հեռացել է՝ ճանապարհին մի քանի փսխելով:
Արմանի շահերի պաշտպանի ներկայացնելով՝ Արմանի վեճը Իշխանի հայրիկի հետ կապված է եղել այն բանի հետ, որ Արմանը իրենից տարիքով այդ մարդուն մականունով դիմել, ասել է՝ «Շոռ», Իշխանի հայրը զայրացել է նրա վրա: Ահա այդ հարցի պարզաբանման համար էլ Արմանը ընկերների հետ ուշ երեկոյան «այցելել է» Իշխանենց ու բարձրաձայն հայհոյանքներ է հնչեցրել նրանց տան մոտ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: