Սերժ Սարգսյանը բիրտ և անողոք քաղաքական հալածանք է իրականացնում Հմայակ Հովհաննիսյանի նկատմամբ. ՀՔՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի քաղաքագետների միության մամլո քարտուղարությունն այսօր տարածել է հաղորդագրություն, որով հայտնում է ՀՔՄ մտահոգությունը Սերժ Սարգսյանի կողմից սանձազերծված և արդեն չորս տարի շարունակվող ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանի դեմ ուղղված դատական հետապնդումների կապակցությամբ: Նրանց տարածած հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև:

«Այդ բիրտ և անողոք քաղաքական հալածանքը սկիզբ առավ 2012թ. ԱԺ ընտրություններին Հմայակ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ ստեղծված Ընտրությունների հանրային վերահսկողության միասնական միջկուսակցական շտաբի աշխատանքները` ՀՔՄ գրասենյակում կազմակերպելու ժամանակաշրջանում, երբ ՀՀ կառավարությունը մեկնարկած ընտրական գործընթացի պայմաններում՝ 2012թ. մարտի 1-ին, որոշում կայացրեց ՌԴ քաղաքացի Սենիկ Ջուլհակյանին ուղղակի վաճառքի ձևով օտարել ոչ միայն Մոսկովյան 33ա հասցեում գտնվող շենքի 2-րդ և 3-րդ հարկերը, այլև այդ նույն շենքի՝ մյուս սեփականատերերին, այդ թվում՝ Հմայակ Հովհաննիսյանին պատկանող ընդհանուր սեփականությունը՝ շենքի մուտքերն ու աստիճանավանդակները: Այդպիսով, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 17-րդ հոդվածի ոտնահարման գնով (այդ հոդվածը երաշխավորում է անձնային սեփականության իրավունքի հետ մեկտեղ նաև ընդհանուր սեփականության իրավունքի անձեռնմխելիությունը), ՀՀ իշխանությունները սկսված ընտրական գործընթացի ընթացքում արհեստականորեն ՀՔՄ գրասենյակի շուրջ առաջացրին շահերի բախում՝ փաստորեն, դրդելով Սենիկ Ջուլհակյանին միասնական շտաբի գործունեությունը և պատգամավորության թեկնածու Հմայակ Հովհաննիսյանի ընտրարշավը խոչընդոտելուն ուղղված անօրինական քայլերի:

Այդ քայլերը չուշացան: Նախընտրական քարոզարշավի 15-րդ օրը՝ ապրիլի 21-ին, Սենիկ Ջուլհակյանն իր ՓԲԸ-ի աշխատակիցների ուղեկցությամբ փորձեց արգելափակել Հմայակ Հովհաննիսյանի մուտքը ՀՔՄ գրասենյակ: Չնայած նրան, որ միջադեպի ընթացքում Հմայակ Հովհաննիսյանը խուսափել է որևէ ֆիզիկական ներգործությունից և ընդամենը զանգի կոճակը սեղմելու միջոցով դուռը բացելու է կանչել միասնական շտաբի աշխատակիցներին, ինչն ակնհայտորեն երևում է նույն օրն «Արմենիա» հեռուստաընկերրությամբ հեռարձակված և YouTube-ում տեղադրված տեսանյութում, Հմայակ Հովհաննիսյանի դեմ սկսեցին իրականացվել քննչական գործողություններ՝ Սենիկ Ջուլհակյանին հրելու և միջին աստիճանի մարմնական վնասվածք հասցնելու շինծու մեղադրանքով: Ստեղծված պայմաններում՝ ի նշան բողոքի պետական մեքենայի և վերջինիս հլու-հնազանդ սպասարկող դատաիրավական համակարգի համատեղ ուժերով իրականացվող բիրտ հալածանքի դեմ, ժողովրդի քվեով ԱԺ պատգամավոր ընտրված Հմայակ Հովհաննիսյանը հրաժարվեց պատգամավորական մանդատից:

Սակայն ՀՔՄ նախագահի այդ քայլը, ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, ոչ միայն չսթափեցրեց Սերժ Սարգսյանի վարչախմբին, այլև էլ ավելի գրգռեց նրա ախորժակը: Շուտով պարզ դարձավ, որ վարչախումբը ՀՔՄ-ն սնանկացնելու և այդ ճանապարհով ՀՔՄ գրասենյակը խլելու նպատակ է հետապնդում: Այդ նպատակին հասնելու համար ՀՔՄ նախագահի դեմ «թխվեցին» հինգ քաղաքացիական դատական գործեր՝ խոշոր դրամական պահանջներով: Կալանք դրվեց Հմայակ Հովհաննիսյանի մոր՝ Դիանա Հովհաննիսյանի բնակարանի վրա, որը հատկացվել է նրան Ստալինի պաշտամունքի դատապարտման ժամանակաշրջանում՝ որպես ստալինյան բռնությունների զոհի դստեր և որտեղ բնակվում է այլ բնակարան չունեցող նրա միակ որդին և կերակրողը: Գիշատիչ մարդակերի հոգեբանությամբ վարչախումբը հստակ հաշվարկել է. Հմայակ Հովհաննիսյանը բիզնեսներ չունի, հայտնի է իր բացառիկ ազնվությամբ և իշխող վերնախավի կողմից ստեղծված այս ծանր տնտեսական իրավիճակում ի վիճակի չէ երկար դիմադրել սանձազերծված ճնշումներին և ստիպված է լինելու հրաժարվել իր միակ սեփականությունից, որը մինչև հիմա օգտագործել է միմիայն հանրային նպատակով՝ ՀՔՄ գործունեությունն ապահովելու համար:

Այսօր ՀՔՄ-ն, որն իր 25-ամյա բեղմնավոր գործունեության ընթացքում գիտակցաբար խուսափել է արտասահմանյան դրամաշնորհներից օգտվելու հնարավորությունից, կանգնել է փողոցում հայտնվելու հեռանկարի առջև: Ստեղծված իրավիճակը Հմայակ Հովհաննիսյանին ստիպեց 2014թ. դեկտեմբերի 9-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա նախօրեին, բաց նամակով դիմել Սերժ Սարգսյանին՝ հորդորելով նրան դադարեցնել իր դեմ շարունակվող դատական ճնշումները և գործնական քայլեր ձեռնարկել իր սեփականության և քաղաքացիական խախտված իրավունքների վերականգնման հարցով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից 2012-2014թթ. ընդունված երկու որոշումների կատարման ուղղությամբ:

Որքա՜ն մեծ էր մեր զարմանքը, երբ Նախագահից պատասխանի արժանանալու փոխարեն թվով 6-րդ հայցադիմումով հրապարակ իջավ նույն ՌԴ քաղաքացի Սենիկ Ջուլհակյանը: Ս.թ. օգոստոսի 6-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում սկսված այդ նոր խայտառակ դատաքննությունը, որը նպատակ է հետապնդում սերժսարգսյանական գրպանային դատական դակիչի միջոցով ազատել ՀՀ Նախագահին ՀՀ քաղաքացու նամակին պարտականությունից, հենց սկզբից նշանավորվեց Սենիկ Ջուլհակյանի փաստաբանի կողմից ակնհայտ կեղծիքի հիմնավորման փորձով: Ներկայացնելով հայցադիմումը՝ վերջինս հայտարարեց, որ հայցվորը պահանջում է Հմայակ Հովհաննիսյանից հերքել իր «հոդվածի» բովանդակությունը:

Հմայակ Հովհաննիսյանը դատավոր Կարինե Պետրոսյանից պահանջեց անմիջապես հերքել այդ ակնհայտ կեղծիքը, քանզի ՀՀ Նախագահին ուղղված և մամուլում հրապարակված իր բաց նամակը նախորոք մուտքագրվել է ՀՀ Նախագահի աշխատակազմում և չի կարող բնութագրվել որպես Սենիկ Ջուլհակյանի դեմ ուղղված հոդված: Քանի որ Կարինե Պետրոսյանը հրաժարվեց պարզաբանել և հերքել ակնհայտ կեղծիքն ու դրանով երաշխավորել դատաքննության ընթացքում, նաև հետագայում ակնհայտորեն կեղծ տեղեկություններով չառաջնորդվելու իր պարտավորությունը, Հմայակ Հովհաննիսյանը հայտարարեց, որ անիմաստ է համարում ստալինյան ավանդույթներով առաջնորդվող դատարանի նիստերին մասնակցությունը, մտադիր է պայքարել Սերժ Սարգսյանի բռնապետական ստալինյան ռեժիմի դեմ քաղաքացիական անհնազանդության միջոցներով, ինչպես նաև դիմել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարին՝ իրեն տևական ժամանակ սերժսարգսյանական ռեժիմի ձեռամբ բիրտ քաղաքական հալածանքի ենթարկելու կապակցությամբ:

Հայաստանի քաղաքագետների միությունը քննարկում է ստեղծված իրավիճակում սեփական քայլերի տարբերակները և մտադիր է բոլոր օրինական միջոցներով զորակցել ՀՔՄ նախագահին և Հայաստանում արդարադատության արմատավորման նպատակին»:




Լրահոս