Այսօր Եռաբլուր Զինվորական պանթեոնում տեղի ունեցավ ԱՍԱԼԱ-ի հիմնադրման 40-րդ և «Կարին» գործողության 33-րդ տարեդարձին նվիրված հարգանքի տուրքի մատուցում: Արարողությանը ներկա էին ՀՀ ԶՈւ վարչությունների անդամներ, Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ԱՍԱԼԱ-ի մարտիկներ:
ԱՍԱԼԱ-ի մարտիկ, «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը նշեց, որ այսօր երիտասարդների մոտ այն ոգին է, որը ժամանակին իրենք են ունեցել: Պատասխանելով Armlur.am-ի հարցին` այսօր ՀՀ Պաշտպանության նախարարությունն ըստ արժանվույն գնահատու՞մ է իրենց պայքարն, ասաց. «Այն, որ այսօր այստեղ նման միջոցառում է, արդեն իսկ նշանակում է, որ գնահատում են: Նաև գնահատելու խնդիր չպետք է լինի: Մեր բանակն է ստեղծվել, դա արդեն գնահատական է»: Խոսելով կոնկրետ «Կարին» գործողության մասին, մարտիկն ասաց` դա առանձնահատուկ էր նրանով, որ անցկացվեց հենց Թուրքիայի տարածքում:
Իսկ ԱՍԱԼԱ-ի մեկ այլ մարտիկ Վարուժան Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց պայքարը չի եղել այսօր որևէ ակնկալիքի ունենալու համար: «Մենք մեր խղճի, մեր հպարտության համար ենք պայքարել»,- ասում է նա: