Armenian text to speach

Կառավարության անդամները արտերկրում դեսպանների հետ «շոպինգի» են գնում. Վարչապետը որոշեց «դաստիարակել» չարաճճիներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երեկ՝ Կառավարության հերթական նիստի ժամանակ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշել էր նախարարներին «դաստիարակել»՝ նկատողություն հայտնելով այն բանի համար, որ վերջիններս սկսել են աշխատելու փոխարեն իրենց սեփական PR-ով զբաղվել:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` վարչապետը տեւական ժամանակ է, ինչ վրդովված է մի քանի նախարարների աշխատաոճից ու որոշել է դրա մասին հրապարակային խոսել, քանի որ «ներքին» զգուշացումներն արդյունք չեն տվել:

Եւ այսպես, երեկ ՀՀ Կառավարության հերթական նիստի վերջում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիմանեց հայրենի նախարարներին՝ այս տարվա փետրվարի իր հանձնարարականը չկատարելու համար: Հ. Աբրահամյանը հիշեցրեց, որ հանձնարարական էր տվել արտերկրում ՀՀ դեսպանների հետ հանդիպումների մասին տեղեկատվությունը չհրապարակայնացնել. «Սակայն մի քանի նախարարներ շարունակում են այդ ոճը»,-վրդովված հայտարարեց վարչապետը:

Այնուհետեւ ինչպես դպրոցում են «չարաճճի» աշակերտների անունները բարձրաձայն կարդում, այդպես էլ վարչապետը ընթերցեց այն նախարարների անունները, որոնք չեն կատարել իր պահանջները: «Չարաճճիների» շարքում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, որը հանդիպել է Սիրիայում ՀՀ դեսպանի հետ, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, որը Շվեդիայում հանդիպել է ՀՀ դեսպանի հետ ու ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, որը Նիդեռլանդներում հանդիպել է ՀՀ դեսպանի հետ: «Ձեռնպահ մնացե՛ք, երբ այդ տեղեկատվությունը տալիս եք մամուլին: ԱԳՆ-ն եթե դեմ է, պայմանավորվածություն ունեք, մի՛ արեք էդ բաները»,-եզրափակեց վարչապետը:

Նշենք, որ նախարարների PR աշխատաոճի մասին «Ժողովուրդը» բազմիցս բարձրաձայնել է. նշել ենք, որ օրվա «լրատվական ժապավեններում» հայտնվելու համար նախարարներն արդեն սկսել են իրենց յուրաքանչյուր խորհրդակցության վերաբերյալ տեղեկություններ տարածել: Հովիկ Աբրահամյանի Կառավարության անդամներն արդեն սովորություն են դարձրել փոխնախարարների, աշխատակազմի ու ինչ-որ մի վարչության պետի հետ հանդիպելուց հետո հաղորդագրություն տարածել՝ ցույց տալու համար, թե իրենք «գործ» են անում: Սա գաղտնիք չէր ՀՀ վարչապետի համար, ու անհասկանալի է, թե ինչու է նա միայն հիմա որոշել «պատժել» Կառավարության անդամներին:

Սրա մասին ժամանակին բարձրաձայնել են նաեւ ԱԺ պատգամավորները, որոնք նշել էին, որ Կառավարության անդամները արտերկրում դեսպանների հետ «շոպինգի» են գնում եւ թանկարժեք ռեստորաններում ճաշում` աշխատանքով զբաղվելու փոխարեն: Տպավորություն է, որ ՀՀ վարչապետի «շուրթերով» նկատողություն տալը կապված է ՀՀ արտաքին գործերի նախարարության «խանդի» հետ, քանի որ դեսպանները սկսել են «չենթարկվել» ԱԳՆ-ին:

Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է այս առիթով զրուցել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի մամլո խոսնակ Տիգրան Բալայանի հետ՝ պարզելու համար՝ արդյո՞ք այս ամենը «խանդի տեսարան» էր:

-Պարո՛ն Բալայան, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մի քանի նախարարների նկատողություն է տվել այն բանի համար, որ վերջիններս ՀՀ դեսպանների հետ հանդիպումների մասին տեղեկությունները հրապարակում են լրատվամիջոցներով: Արդյո՞ք ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը նախարարներին զգուշացրել էր, որ նման հանդիպումները չհրապարակայնացնեն:

-ՀՀ վարչապետի կողմից փետրվարին հանձնարարական է եղել Կառավարության անդամներին` զերծ մնալ արտերկրում հավատարմագրված Հայաստանի դեսպանների հետ հանդիպումների լուսաբանումից, խոսքը այդ հանձնարարականի կատարման մասին էր:

-Այսինքն՝ ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանն էլ էր նախազգուշացրե՞լ նախարարներին, որ նման հանդիպումները հրապարակային չդարձնեն: Խնդրում եմ նշեք նաեւ, թե ինչո՞ւ է նախարարներից պահանջվում այդ հանդիպումները «գաղտնի» պահել, ի՞նչ է, դա պետական կամ ռազմական գաղտնի՞ք է:

-Նորից եմ կրկնում՝ դա եղել է ՀՀ վարչապետի հանձնարարականը, վարչապետը զգուշացրել է իր հանձնարարականի չկատարման համար: Հանձնարարականը նախաձեռնվել էր արտաքին գործերի նախարարության կողմից:

-Արդյո՞ք սա նշանակում է, որ ՀՀ Կառավարության անդամները չեն հարգում Է. Նալբադյանի խոսքը, ինչի համար էլ ՀՀ վարչապետը ստիպված եղավ միջամտել: Տեսակետ կա, որ սա ընդամենը ԱԳ նախարարության կողմից «խանդի տեսարանի» դրսեւորում է:

-Ո՛չ, արտաքին գործերի նախարարությունն էր նախաձեռնել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականով, որի մասին վարչապետը իր խոսքում նշեց:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար ԳԱԲՐԻԵԼ ՂԱԶԱՐՅԱՆ

-Պարո՛ն Ղազարյան, ինչո՞ւ չեք կատարել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականը, ինչի պատճառով վարչապետը նկատողություն տվեց Ձեզ, ինչո՞ւ եք հրապարակում արտերկրում ՀՀ դեսպանների հետ Ձեր հանդիպումները:

-Խոսքը վերաբերում էր մեր այն հանդիպմանը, որի ժամանակ զուտ քննարկում էինք այստեղ հեծանվաուղին զարգացնելու հարցը, իրենց փորձը մեծ է. Հոլանդիայում դա շատ է զարգացած: Ուզում էինք այնտեղից մասնագետներ հրավիրել, բերել այստեղ, որպեսզի կարողանային մեզ մոտ եւս այդ ամենը զարգացնել: Խոսքը դրան էր վերաբերում: Մեզ տեղեկացրել են, որ չպետք է այն հրապարակային լինի, բայց մամուլի ծառայությունը հրապարակել է: Հիմա խախտում է, եղել է, ես էլ ընդունեցի, ինչո՞ւմն է հարցը:

-Ըստ մեր տեղեկությունների՝ վարչապետին վրդովվեցրել է այն հանգամանքը, որ Դուք զբաղված եք սեփական PR-ով ու որեւէ լուրջ աշխատանք չեք կատարում Ձեր գերատեսչությունում:

-Ես կարող եմ իմ ոլորտի համար պատասխան տալ, Դուք հարցը ուղղեցիք, ես էլ պատասխանեցի, ես նշեցի, թե կոնկրետ ինչ է քննարկվել, ես
իմ աշխատանքն եմ կատարում: Սխալ է եղել, ես այդ սխալն ընդունել եմ:

ԶՐՈՒՑԵՑ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս