Ընդդիմադիր կուսակցությունները շատ հանձնաժողովներում անդամներ չեն նշանակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքը մինչեւ 2013 թվականի հունվարի 24-ը` ժամը 18:00-ն, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեին տեղամասային ընտրական հանձնաժողովներում նշանակվող անդամների հայտերը: Սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքը ներկայացրել են իրենց հայտերը:
ԿԸՀ մամուլի ծառայությունից հայտնում են, որ “Ժառանգություն” կուսակցության կողմից նշանակումներ չեն կատարվել 65 տեղամասային ընտրական հանձնաժողովներում, “Հայ Յեղափոխական դաշնակցություն” կուսակցության կողմից 51 տեղամասային ընտրական հանձնաժողովներում եւ “Հայ ազգային կոնգրես” կուսակցությունների դաշինքի կողմից 457 տեղամասային ընտրական հանձնաժողովներում:
“Օրինաց երկիր” կուսակցության, “Բարգավաճ Հայաստան” կուսակցության եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից նշանակումներ են կատարվել բոլոր տեղամասային ընտրական հանձնաժողովներում:
Ընդհանուր առմամբ թվով 1988 տեղամասային ընտրական հանձնաժողովներում որպես հանձնաժողովի անդամ պետք է նշանակվեին 15.904 քաղաքացիներ, սակայն նշանակվել են 15.331 քաղաքացիներ: Թափուր տեղերը ընտրական օրենսգրքով սահմանված կարգով եւ ժամկետներում կլրացվեն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նախագահների կողմից:




Լրահոս