Հայաստանում աշխատողների թիվը շարունակում է կրճատվել. պաշտոնական տվյալներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանում աշխատատեղերը, կամ ավելի կոնկրետ՝ աշխատողների թիվը շարունակում է կրճատվել: Այսպես՝ այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով՝ Հայաստանի թվով 2 հազար 567 արդյունաբերական ձեռնարկությունների աշխատողների թիվը կազմել է 80 հազար 825 մարդ: Անցած տարվա առաջին կեսի տվյալներով՝ արդյունաբերական ձեռնարկություններում աշխատողների թիվը եղել է 83 հազար 21 մարդ: Այսինքն՝ միայն արդյունաբերական ձեռնարկությունների մասով վերջին մեկ տարում տեղի է ունեցել շուրջ 2 հազար 200 աշխատատեղի կրճատում:

Սակայն ուշագրավն այն է, որ պաշտոնական վիճակագրության մեջ ներառված ձեռնարկությունների թիվն անցած տարի մոտ 500-ով պակաս է եղել: Այսինքն՝ ստացվում է, որ այս տարի, անցած տարվա համեմատ, ձեռնարկությունների թիվը չնայած ավելացել է, բայց դրանցում զբաղված մարդկանց թիվն, այնուամենայնիվ, պակասել է:

Ի դեպ, նույն երեւույթին ենք հանդիպում նաեւ առեւտրի ոլորտի պաշտոնական վիճակագրությունն ուսումնասիրելիս: Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով՝ մանրածախ առեւտուրը Հայաստանում իրականացրել են 12 հազար 547 առեւտրի կետեր, որոնցում զբաղված մարդկանց թիվը կազմել է 35 հազար 636 մարդ: Սա այն դեպքում, երբ անցած տարվա առաջին կեսին մանրածախ առեւտրով զբաղվող խանութների թիվը եղել է 11 հազար 965, որոնք ունեցել են 36 հազար 474 աշխատող: Փաստորեն, վերջին մեկ տարում խանութների թիվն ավելացել է 582-ով, բայց դրանցում աշխատող մարդկանց թիվը նվազել է 838-ով:

Առաջին հայացքից տարօրինակ թվացող այս երեւույթն ունի իր բացատրությունը: Բանն այն է, որ վերջին մեկ տարում առեւտրի շրջանառությունը անընդհատ իջնում է, եւ միջին մեծության խանութներն ու սուպերմարկետներն իրենց աշխատողների թիվը զգալի կրճատել են: Ասենք՝ սուպերմարկետները, որոնք 31 մարդուց ավել աշխատակիցներ ունեն, անցած տարի եղել են 154 հատ եւ ունեցել են 11 հազար 892 աշխատող: Այս տարվա առաջին կեսին սուպերմարկետները դարձել են 191-ը, բայց նրանց ընդհանուր աշխատողների թիվը նվազել եւ կազմել է 10 հազար 827 մարդ: Անցած տարվա առաջին կեսի արդյունքներով սուպերմարկետների շրջանառությունը կազմել է 249 միլիարդ 339 միլիան 100 հազար դրամ, այս տարի այդ ցուցանիշը կազմել է 217 միլիարդ 280 միլիոն 700 հազար դրամ: Այսինքն՝ միայն սուպերմարկետների մոտ առեւտուրը, անցած տարվա համեմատ, նվազել է 32 միլիարդ 58 միլիոն դրամի չափով:

Նշենք, որ այս տարվա առաջին կիսամյակի վիճակագրական տվյալներում գործազրկության ամենաթարմ ցուցանիշը 17,6 տոկոս է, որը 2014 թվականի ամփոփ թիվն է: Սակայն ուշագրավ է այն փաստը, որ այս տարի հրապարակված տվյալներով Հայաստանի տնտեսապես ակտիվ բնակչության թիվը (խոսքը գործունակ բնակչության մասին է) կազմել է 1 միլիան 375 հազար 700 մարդ: Սա այն դեպքում, երբ անցած տարվա առաջին եռամսյակի արդյունքներով տնտեսապես ակտիվ բնակչության թիվը եղել է 1 միլիոն 429 հազար 600 մարդ: Առեղծված է, թե ինչպես է տնտեսապես ակտիվ բնակչության թիվն ընդամենը մի քանի ամսում 53 հազար 900 նվազել: Բայց այդ նվազեցման պատճառը հստակ հասկանալի է: Բանն այն է, որ զբաղվածների, կամ այլ կերպ ասած՝ աշխատանք ունեցողների թիվն անցած տարի եղել է 1175 հազար 800, իսկ այս տարի դարձել է 1 միլիոն 133 հազար 500: Այսինքն՝ աշխատողների թիվը վերջին մեկ տարում նվազել է 42 հազար 300-ով: Այնուհետեւ պաշտոնական վիճակագիրները, չգիտես թե ինչպես, նվազեցրել են նաեւ գործազուրկների թիվը. անցած տարվա առաջին եռամսյակի արդյունքներով այն եղել է 253 հազար 900 մարդ, իսկ այս տարվա երկրորդ կիսամյակի ամփոփ տվյալներում այն դարձել է 242 հազար 100: Այս բոլոր թվախաղերի նպատակը եղել է մեկը, որպեսզի վերջնարդյունքում տոկոսային արտահայտությամբ գործազրկության ցուցանիշը շատ չբարձրանա եւ հնարավորինս մեղմվի: Հակառակ դեպքում կարող էր պարզվել, որ Հայաստանում պաշտոնապես գործազրկությունը 20 տոկոսից ավել է կազմում:

Ի դեպ, նույն այդ «մեղմված» պաշտոնական տվյալների՝ այս տարվա առաջին կեսի արդյունքներով գործազրկության ամենամեծ մակարդակը Երեւանում է` 26,9 տոկոս, հաջորդը Կոտայքի եւ Շիրակի մարզերն են՝ համապատասխանաբար 22,8 եւ 20,8 տոկոս ցուցանիշներով:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս