Իջևանի ավագանու անդամը խոշոր չափի գումար է հափշտակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իջեւան քաղաքի ավագանու անդամ, 1958թ. ծնված Սամվել Չիբուխչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Իջեւանի քաղաքային կոմունալ ծառայության տնօրեն Սուրեն Չիբուխչյանի հայրը, չարաշահելով նրա եւ հիմնարկի աշխատակիցների վստահությունը, հափշտակել է Արթուր Ասրյանի 12 ամսվա աշխատավարձը՝ ընկերությանը պատճառելով զգալի չափերի՝ 480 հազար դրամի վնաս:

Իսկ Իջեւան քաղաքի բնակիչ, 1950թ. ծնված Համլետ Բլբուլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Իջեւանի քաղաքային կոմունալ ծառայության ինժեներ, Սամվել Չիբուխչյանի խնդրանքով եւ առանց անձնական շահագրգռվածության ընկերության աշխատաժամանակի հաշվարկման տեղեկագրերում Արթուր Ասրյանի` աշխատանքի հաճախելու վերաբերյալ կատարել է գրառումներ՝ դրանով իսկ օժանդակելով Սամվել Չիբուխչյանի կողմից Իջեւանի քաղաքային կոմունալ ծառայության հիմնարկից Արթուր Ասրյանի աշխատավարձի գումարի՝ 480 հազար դրամի հափշտակությանը:

Սամվել Չիբուխչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 1-ին մասով («Խարդախությունը»), Համլետ Բլբուլյանին՝ 38-178 հոդվածի 1-ին մասով («Խարդախությանն օժանդակելը»): Երկուսի նկատմամբ էլ, որպես խափանման միջոց, ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը:

Սույն քրեական գործով դատավարության առաջին նիստը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում նշանակված է օգոստոսի 6-ին: Հավելենք, որ Սամվել Չիբուխչյանը նախկինում եղել է Իջեւանի քաղաքային կոմունալ ծառայության տնօրեն: Այս տարվա մարտի 15-ին կայացած ընտրությունների արդյունքներով նա վերընտրվել է Իջեւան քաղաքի ավագանու անդամ:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս