Սերժ Սարգսյա՞նն է ընտրությունների նախօրյակին խստագույնս պահանջելու ընտրախախտումներ չանել. Գերմանիայի փորձի կիրառումը վստահություն չի ներշնչում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ անգամ քննարկելով իշխանությունների հրապարակած նոր Սահմանադրության նախագծի 88-րդ եւ 89-րդ հոդվածները, որոնք վերաբերում էին ԱԺ-ում պատգամավորական տեղերի քանակին, տեսանք, որ հստակեցված թվի բացակայությունը բնորոշ չէ եվրոպական առաջատար ու ժողովրդավարական երկրներին: Ըստ էության, բացի Գերմանիայից, որտեղ կրկին սահմանված է պատգամավորների նվազագույն քանակ, մյուս պետություններում նման մեխանիզմ ներդրված է լոկ երկպալատ պառլամենտի պարագայում, իսկ պալատներից մեկում պատգամավորների քանակը կոնկրետ է սահմանված: Հայաստանում նման փորձի կիրառումն իրականում վստահություն չի ներշնչում առաջին հերթին այն պատճառով, որ ընտրական գործընթացը տեղի չի ունենում արդար եւ թափանցիկ ճանապարհով:

Բացի այդ` հարկ է նկատել, որ Գերմանիան իրեն կարող է նման ճոխություն թույլ տալ եւ պատգամավորների հստակ քանակ չսահմանել: Առաջին հերթին այդ առանձնահատկությունը կապված է պետության հզորության աստիճանից, եւ արտաքին մարտահրավերներին արձագանքելիս ու ներքաղաքական բարդությունները լուծելիս նմանօրինակ ճկուն մեխանիզմները կարող են իրենց դրական դերակատարությունն ունենալ: Անշուշտ, պետական կառավարման համակարգը չի կարող քարացած լինել եւ պետք է ենթարկվի ժամանակի նորամուծություններին, սակայն այդպես վարվել կարող է միայն հասուն ու հստակ ավանդույթներ ձեւավորած պետությունը:

Գերմանիան դեռեւս իր հիմնադրությունից ի վեր (1871թ.) պահպանել է խորհրդարանական կառավարման եղանակը՝ ժամանակ առ ժամանակ նույնիսկ վերաճելով դիկտատուրայի: Կարող էին, չէ՞, գերմանացիները, ասենք, Առաջին աշխարհամարտից հետո, երբ ակնհայտորեն դրսեւորվեցին պետական կառավարման բացթողումները, անցնել նախագահական կառավարմանը՝ իրենց անկման մեղքը բարդելով Սահմանադրության վրա: Ավելին՝ նույնօրինակ տրամադրությունների արդյունքում 1933թ. Հիտլերը բազմեց կանցլերի աստիճանին ու պետությունը բռնապետության վերածելու ճանապարհով աշխարհը ներքաշեց աննախադեպ լայնամասշտաբ պատերազմի մեջ:

Դրանից հետո, սակայն, Գերմանիան 1949թ. վերստին կանցլերի պաշտոնը դարձրեց իբրեւ գործադիրի ղեկավար՝ պահպանելով խորհրդարանական կառավարման համակարգը: Հավանաբար գերմանացիներն այդքան «խելք» չունեին, որ պետության բոլոր խնդիրները, նացիստների մատուցած ամբողջ սխալները բարդեին կառավարման համակարգի վրա՝ խուսափելով իրական պատասխանատվությունից:

Ելնելով այն հանգամանքից, որ նոր Սահմանադրության մշակման նպատակով ստեղծված հանձնաժողովի համար անկյունաքարային նշանակություն է ունեցել հենց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սահմանադրությունը, փորձենք հասկանալ այդ պետության ընտրական համակարգը, ինչը, հավանաբար, տառացիորեն պիտի փոխառվի մեզ մոտ: Այսպես՝ այստեղ ընտրողը կատարում է երկու ընտրություն: Առաջին դեպքում քվեարկվում է թեկնածուն, եւ բարձր տոկոսներ հավաքելու պարագայում նա կարող է դառնալ պատգամավոր՝ անկախ իր կուսակցության ստացած ձայների քանակից: Մեծամասնական այդ տեղերը նախատեսված են այն բանի համար, որ Գերմանիայի ցանկացած շրջան ներկայացված լինի Բունդեսթագում:

Երկրորդ ընտրությունը համարվում է ամենակարեւորը, երբ քվեարկողը ձայն է տալիս կուսակցությանը: Հենց այս ձայների արդյունքում է վճռվում խորհրդարանում կուսակցությունների տեղաբաշխումը: Գերմանիայում խորհրդարան անցնելու նվազագույն շեմը սահմանված է 5 տոկոսը, որի արդյունքում էլ նախատեսված նվազագույն 598 պատգամավորական տեղերի կեսը հենց բաժին է ընկնում համամասնական ցուցակին: Ուշագրավ է, որ գերմանացիներն իրենք էլ գիտակցում են սեփական համակարգի ռիսկայնության աստիճանը, ուստի նախատեսել են, որ եթե նույն կուսակցության մեծամասնականով ձեռք բերված արդյունքներն այնքան բարձր են, որքան համամասնականով ստացվածները, անգամ ցուցակի ամենաբարձր տեղում հանգրվանած թեկնածուն չի կարող դառնալ խորհրդարանի անդամ, եթե մեծամասնականով չի հաղթել: Այս համակարգում մեծամասնականով հաղթած տեղերի քանակը խիստ կարեւոր է: Ըստ այդմ, եթե կուսակցությունը ստանում է ավելի շատ մեծամասնական տեղեր, քան համամասնականի պարագայում, այն կարող է պահպանել այդ մանդատները: Այդ դեպքում, սակայն, մյուս կուսակցությունները եւս հավելյալ տեղեր են ստանում:

Վերադառնալով հայաստանյան իրականությանը՝ հարկ է արձանագրել, որ գործող Սահմանադրությամբ ԱԺ-ի 131 տեղից 41-ը հատկացված է մեծամասնական ընտրակարգին եւ, ըստ էության, գծված է հստակ բաժանում համամասնականի ու մեծամասնականի միջեւ: Ակնհայտորեն մեզ մոտ գործող համակարգն իրականում ավելի ճկուն է, ապահովում է թե՛ կուսակցությունների, թե՛ անհատ ներկայացուցիչների հավասար ներկայությունը խորհրդարանում: Կարելի է պնդել, որ անգամ ընդդիմության պահանջը՝ 100 տոկոսանոց համամասնական համակարգի անցնելու մասին, իրականում այնքան էլ արդար չէ: Եթե մտահոգությունը կապված է այն հանգամանքի հետ, որ իշխանությունն առանց որեւէ ջանք թափելու ստանում է մեծամասնականով նախատեսված տեղերը, ապա ներկայիս ընտրական գործընթացների պարագայում ո՞րն է լինելու տարբերությունը: Նոր նախագծում հեղինակներն առաջարկում են երկրորդ փուլի ինստիտուտը, ինչը տասնապատիկ ավելի վատն է, քան գործող կարգը:

Վերջապես, բացարձակ համամասնականի դեպքում, եթե անգամ հանվի երկրորդ փուլի մասին այդ անհեթեթ դրույթը, ի՞նչ է, Սերժ Սարգսյա՞նն է ընտրությունների նախօրյակին խստագույնս պահանջելու ընտրախախտումներ չանել եւ ՀՀԿ-ի օգտին չավելացնել մեծամասնականի այդ 41 տեղը, թե՞ ԿԸՀ-ում աշխատող նկարչության վարպետներն են ամոթխած նստելու իրենց տեղն ու կարգուկանոն ապահովելու:

Ուստի եւ, քանի դեռ լուծված չէ ընտրախախտումների կանխարգելման հարցը, մեծամասնական կամ համամասնական ընտրակարգը որեւէ իրական փոփոխություն մտցնել չի կարող:

Նժդեհ Հովսեփյան




Լրահոս