ՀՀ վարչապետը, քաղաքապետն ու նախարարը շնորհավորեցին շինարարներին մասնագիտական տոնի առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շինարարի մասնագիտական տոնի առթիվ այսօր ՀՀ կառավարության նիստերի դահլիճում կազմակերպված տոնական հանդիսությանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորելով և մեծարանքի խոսքեր ուղղելով՝ պատվոգրեր և հուշամեդալներ են հանձնել շինոլորտի արժանավոր ներկայացուցիչներին:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորելով ներկաներին նշել է, որ շինարարությունը եղել և մնում է մեր երկրի տնտեսության կարևոր և առանցքային բնագավառներից մեկը և որ անցյալ դարի փայլուն վարպետների փորձն ու հմտությունները համադրելով ժամանակակից շինարարական տեխնոլոգիաներին՝ մեր շինարարներն այսօր կառուցում են ավելի բարձրորակ և սեյսմակայուն շենքեր:

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը շնորհավորելով ոլորտի ներկայացուցիչներին մասնագիտական տոնի առթիվ, շեշտել է շինարարության ոլորտի կարևորությունը:

Նա նաև նշել է, որ անցյալ տարի շինարարի օրը բարձրացված հարցը, թե շինարարությունը լինելով ազգային մասնագիտություն, ոլորտի լավագույններին հավուր պատշաճի գնահատելու հնարավորություն չունի, քանի որ վաստակավոր շինարարի կոչում մեր երկրում չկա, ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել. օրենքի նախագիծն արդեն Ազգային Ժողովում է:

Սարգսյանը հույս է հայտնել, որ Հայաստանում շինարարների մեծ ներուժի և կառավարության ջանքերի համադրումը շինարարական ծավալների ավելացման խթան կհանդիսանա, մանավանդ կառավարության գործադրած լուրջ քայլերի շնորհիվ առկա են կոնկրետ ներդրումային ծրագրեր, որոնց արդյունքն առավել շոշափելի կլինի 2016 թվականին:

Ոլորտի մի խումբ արժանավորներ քաղաքաշինության նախարարի հրամանով բնագավառում նշանակալից ավանդի համար պարգևատրվել են քաղաքաշինության նախարարության ոսկե մեդալով և նախարարի շնորհակալագրով:

Շինարարի օրվա առթիվ գործընկերներին շնորհավորել է նաև շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը, շնորհակալություն հայտնել կառավարության ղեկավարին և քաղաքաշինության նախարարին ոլորտի զարգացման գործում ցուցաբերած աջակցության և ուշադրության համար:

Հավելենք, որ շինարարի օրվա առթիվ ՀՀ քաղաքաշինության նախարարությունը ստացել և շարունակում է ստանալ բազմաթիվ շնորհավորանքներ ԱՊՀ երկրների քաղաքաշինության բնագավառի գործընկերներից:




Լրահոս