Էպոսագետ, ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը աչքի է ընկնում իր անկեղծությամբ: Նորահայտ քաղաքական գործիչը բազմիցս անդրադարձել է իր ընտանեկան կարգավիճակին, քաղաքական ծրագրերից զատ, լրագրողներին պատմել իր հանգստի, մեքենաների, ամառանոցների և այլնի մասին: Իսկ թե ինչպե՞ս են վերաբերվում նախագահ դառնալու` նրա մտադրությանը ընտանիքի անդամները, yerkir .am-ը փորձեց պարզել Վարդան Սեդրակյանի ավագ որդուց` Գևորգ Սեդրակյանից: Ի դեպ, նա նույնպես վստահ է, որ հայրն անկասկած նախագահ է դառնալու:
-Ի՞նչ կարծիքի եք Ձեր հոր` նախագահ դառնալու որոշման վերաբերյալ:
-Միանշանակ կողմ եմ և բացարձակ անհավատություն չունեմ:
–Ձեր ընտանիքում ինչպե՞ս են վերաբերվում այդ որոշմանը:
-Մեր ընտանիքում բոլորս միաձայն նույն կարծիքն ունենք, ինձ թվում է` դա բնական է:
–Հավանական համարու՞մ եք, որ նա կհաղթի:
-Վստահ եմ, որ նախագահ է դառնալու, հավանականությունը քննարկելու հարց չկա:
-Ըստ Ձեզ` քանի՞ տոկոս ձայն կհավաքի նա:
-Տեխնիկական հարցեր են, հնարավոր է` երկու փուլով ընթանա, հնարավոր է` մեկ փուլով: Տոկոսների մասին չեմ կարող խոսել, իսկ այն, որ անպայման կհաղթի, ինձ համար ակնհայտ է:
-Ինչպե՞ս են վերաբերվում Ձեր ուսանող ընկերները նրա հաղթանակի հավանականությանը:
-Նույն վստահությունն ունեն, ինչ մենք, որովհետև նրանք քիչ, թե շատ ծանոթ են թեև ինձ, թեև հորս, թեև նրա գաղափարներին, և այդ հանգամանքն օգնում է նրանց կողմնորոշվել և վստահություն ձեռք բերել:
-Ձեր համակիրների շրջանակը մե՞ծ է:
-Այոև, բավականին մեծ է, տարածված է ամբողջ Հայաստանում, սակայն առավել ակտիվ է Երևանում, քանի որ այստեղ ինֆորմացիոն դաշտն ավելի մեծ է, ու ավելի հեշտ է կազմակերպել նրա գաղափարների տարածումը:
-Ինչպե՞ս կարող են նրա գաղափարներին ծանոթանալ մարզերի բնակիչները:
-Մարզերի բնակչությունը նրան պետք է լսի մարզային հեռուստաալիքներով, որը մի քանի անգամ ավելի մեծ լսարան ունի, քան ցանկացած հանդիպում կամ նմանատիպ երևույթ: Մենք այժմ ապրում ենք 21-րդ դարում և պետք է օգտվենք մեր դարի հնարավորություններից: Կարծում եմ` անցել են այն ժամանակները, երբ պետք էր մարդկանց հանդիպել: Այսինքն` եթե դու բան ունես ասելու, կասես նաև հեռուստատեսությամբ:
Իսկ թե ի՞նչ կարծիք ունի Վարդան Սեդրակյանի որդին էպոսագիտության և շռայլությունների մասին` դիտեք տեսանյութում:
Լուսանկարը` Գևորգի ֆեյսբուքյան էջից