«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Խմբագրություն զանգահարած անձը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի «բնակիչներից» է։ Նա մեզ առաջարկում է այցելել կալանավայր եւ տեսնել, թե ինչ անմարդկային պայմաններում են իրենք ապրում։ Մի խցում 10-15 հոգի են, թեեւ քնելու տեղերը մոտ երկու անգամ պակաս են՝ հերթով են քնում։ «Այս շոգին ջուրը վրաներիցս գնում է»,- պատմում է դատապարտյալը, իսկ խցում բոլորը ծխում են, լողանալու հնարավորություն էլ չկա։ Բուժմասի զուգարանում «խոլերա» կարելի է ընկնել։ Բայց դա էլ ոչինչ՝ «անկողինները կեղտոտ են, տառականները վխտում են՝ ապրում ենք խավարասերների հետ միասին»,- ասում է զանգահարողը։ «Հասկացանք, որ պատիժ ենք կրում, բայց սա պատիժ չէ՝ խոշտանգում է, կոնվենցիաներով արգելված»,- բողոքում է օրենքներից ու կոնվենցիաներից լավատեղյակ զրուցակիցս։ Երկարատեւ տեսակցությունների թույլ են տալիս միայն երկու չափահասի․ «Եթե երկու երեխա ունես, ապա նրանք պետք է հերթով այցելեն հայրիկին․ մի անգամ՝ մայրիկն ու մի երեխան, մի քանի ամսից՝ մյուսը»։
Երկարատեւ տեսակցությունների սենյակում տաք ջուր չկա եւ այլն։ Իսկ անօրինականությունների, արգելված հարաբերությունների ու հանցագործությունների մասին չի խոսում, որ «թերթին չվնասի»։ Եվ այդ վիճակի մեջ մեղադրում է «բերդի պետին»՝ Ռուբիկ Ստեփանյանին, ով նախկին ոստիկան է՝ Կոտայքի նախկին ոստիկանապետն է եղել, ապա հեռացվել է աշխատանքից եւ 6 տարի կադրերի ռեզերվում լինելուց հետո անսպասելիորեն նշանակվել է Հայաստանի ամենամեծ ու ամենաբարդ կալանավայրի ղեկավար։ «Ինչո՞ւ պետք է ոստիկանը նշանակվի կալանավայրի պետ,- հարցնում է դատապարտյալը եւ վրդովվում։- Էդ դեպքում ինչո՞ւ կալանավայրերը ժամանակին հանեցին ոստիկանության համակարգի կազմից, որ մարդկանց ծեծելու-խոշտանգելու պրակտիկան վերանա»»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: