ԼԵՎՈՆԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության փոխնախագահ Ղուկաս Մեհրաբյանը եւ քաղխորհրդի անդամ Պետրոս Գեւորգյանը երեկ հայտարարություն են տարածել, որում կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանին մեղադրում են ԺՀԿ քաղխորհրդի հունվարի 19-ի նիստը «խորամանկորեն վիժեցնելու»,  իր յուրայիններով այն հունվարի 13-ին գումարելու եւ ներկաներին թյուրիմացության մեջ գցելու  համար: Այդքանից հետո, ըստ հայտարարության հեղինակների. «Պետրոս Մակեյանն այլեւս բարոյական իրավունք չունի զբաղեցնել ԺՀԿ նախագահի պաշտոնը եւ տարբեր կազմակերպություններում հանդես գալ կուսակցության անունից»:
Ինչպես հայտնի է, ԺՀԿ-ում տարաձայնությունները սկսվեցին այն բանից հետո, երբ կուսակցության փոխնախագահ Ղ. Մեհրաբյանը, հակառակվելով Պ. Մակեյանի  մինչ այդ արած հայտարարությանը` ընտրություններին որեւէ թեկնածուի սատարելու հարցը Ամանորից հետո որոշելու մասին, միացավ ՀԱԿ-ի հայտնի հայտարարությանը, որով թեկնածուներից որեւէ մեկին սատարելը գնահատվում էր «ապօրինի ռեժիմի լեգիտիմացում»: Գաղտնիք չէ, որ Մակեյանի եւ ՀԱԿ քաղխորհրդի հայտնի գծի ներկայացուցիչների ջրերը դադարել էին մի առվով հոսել դեռ խորհրդարանական ընտրություններից հետո, երբ մինչ այդ  բացառապես իշխանափոխությունից եւ  կեղծված ընտրություններից խոսող Կոնգրեսի ներկայացուցիչները մեծ հաճույքով վերցրեցին մանդատներն ու մոռացան «պայքար, պայքար մինչեւ վերջ»-ի մասին: Անցած ամիսներին թեեւ Մակեյանը հայտնում էր իր դժգոհությունը, սակայն դա անում էր դոզավորված` կտրուկ անցումներ չկատարելով ՀԱԿ-ի  հայտնի գծից: Սակայն սկանդալային ձայնագրության հրապարակումից եւ Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու որոշումից հետո Մակեյանը հայտարարեց Հրանտ Բագրատյանին սատարելու եւ ՀԱԿ-ում առկա ճգնաժամի մասին` առաջարկելով որպես դրա լուծման առաջին քայլ` հեռացնել ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանին: Ահա հենց սա էլ, փաստորեն, չներվեց Մակեյանին: ՀԱԿ քաղխորհրդի «գծատերերը» ամեն ինչ արեցին, որպեսզի ցույց տան, որ ճգնաժամը ոչ թե ՀԱԿ-ում է, այլ դրա մասին խոսող Մակեյանի կուսակցությունում: Այսպիսով` ՀԱԿ-ը ցույց տվեց, որ Տեր-Պետրոսյանի հայտնի` «ով մեզ հետ չէ` տականք է» թեզը շարունակում է ամենակենսունակը մնալ  Կոնգրեսում: Վերջին մեկ տարվա ընթացքում մենք ականատես եղանք դրա  բազմաթիվ դրսեւորումների` սկսած ՀԱԿ-ից առաջինը դուրս եկած Դավիթ Շահնազարյանի նկատմամբ իրականացվող սեւ քարոզչությունից, «Հանրապետություն» կուսակցությունում խարդավանքների փորձերից, ավարտած Նիկոլ Փաշինյանի, Սոս Գիմիշյանի, Հրանտ Բագրատյանի եւ հիմա արդեն` Պետրոս Մակեյանի նկատմամբ  իրականացված քայլերից: Թե այսքանից հետո Կոնգրեսն ինչով է տարբերվում իշխանություններից, դժվար է ասել: Ավելին, հետեւելով վերջին զարգացումներին՝  ակնառու է դառնում, որ հենց ՀԱԿ-ում  է առկա Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից իշխանություններին վերագրվող  մոնղոլ-թաթարական համակարգը:




Լրահոս