Ինչ կապ ունի ռուսաստանաբնակ հայտնի գործարարը` Սերժ Սարգսյանի և կայարանցի Թևոսիկի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ռուսաստանաբնակ գործարար Արամ Քոչարյանը մոտ 60 միլիոն դրամի վնաս է հասցրել հայ գործարար ««Մովսիսյան» բնական քարերի մշակման ձեռնարկություն» ՍՊԸ-ի տնօրեն Էդիկ Մովսիսյանին: «Մովսիսյան» ընկերության տնօրենը, իհարկե, այդ մասին հայտնել է ՀՀ իրավապահներին, բայց դեռ անօգուտ:

Եւ այսպես, «Ժողովուրդ»-ին մի շարք քաղաքացիներից բողոքներ են հասել, որ գործարար Արամ Քոչարյանը հայաստանյան որոշ ընկերությունների հետ շինարարության ոլորտում գործարքի մեջ է մտել, իսկ երբ գործը ավարտին է հասել, նա «քցել» է մարդկանց: Ըստ շրջանառվող լուրերի՝ վերջինիս հետ ոչ ոք չի կարողանում լեզու գտնել եւ օրինական դաշտում խնդիրը կարգավորել, քանի որ նրա հովանավորը ՀՀ նախագահի նստավայրն է՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

Շատ իրավիճակներում գործարարը «թքած» ունենալով օրենքի վրա՝ «ջրից չոր է դուրս գալիս»՝ ոտնահարելով մարդկանց իրավունքները: Եւ այդ լուրերն ամենեւին հիմնազուրկ չեն, քանի որ մամուլը Քոչարյանի մասին շատ է գրել:

Իսկ ինչով է հայտնի գործարարը

Եվ այսպես, դեռեւս 2011թ. «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ քրեական աշխարհի ներակայուցիչներ Անդրանիկ Սողոյանը` Զապը, ու Գեւորգ Մելքումյանը` Օշականցի Գեւորիկը, փորձել էին ռուսաստանցի գործարար Արամ Քոչարյանի բիզնեսի մի մասը խլել: Քրեական աշխարհի պարագլուխները պահանջել էին Արամ Քոչարյանից իրենց փոխանցել որոշ ձեռնարկություններ, այդ թվում եւ շշարտադրության գործարանը ու դրա համար ժամանակ էին սահմանել:

Սակայն գործարար Արամ Քոչարյանը հանդիպել էր Սերժ Սարգսյանին եւ բողոքել իր բիզնեսի նկատմամբ իրականացվող ոտնձգություններից, ինչից հետո Սերժ Սարգսյանը որոշել էր, որ գործարարին շանտաժի ենթարկող գողականները պետք է «նստեն»:
Այսքանով, սակայն, ռուսաստանաբանակ գործարարի անվան շուրջ աղմկալի պատմությունները չեն ավարտվում:

Թեւոսիկի եղբոր սպանությունն ու գործարարը

Ըստ շրջանառվող լուրերի՝ Արամ Քոչարյանի անունը կապվում է քրեական հեղինակություն համարվող Թեւոս Սաֆարյանի՝ Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանությունը պատվիրելու հետ: 2014 թվականին «Իրավունք» թերթը գրել էր, որ քրեական հեղինակություն համարվող Թեւոս Սաֆարյանի` Թեւոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի աղմկահարույց սպանությունը պատվիրված է եղել Մոսկվայից եւ այն էլ բավական խոշոր գումարի դիմաց: Բանն այն, որ գործարարը տարիներ առաջ Թեւոսիկի հետ «չի կիսել» Մոսկվայում գտնվող ինչ-որ օղու գործարան, եւ Թեւոսիկն Արամին «պատժել է»:

Այնուհետեւ, ըստ նույն խոսակցությունների՝ Արամ Քոչարյանի դեմ 2013-ին առանձնապես խոշոր չափերի խարդախության հատկանիշներով ՀՀ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել, կայացվել է կալանքի որոշում եւ հայտարարվել է հետախուզում: Սակայն շատ կարճ ժամանակահատվածում կալանքի եւ հետախուզման որոշումները վերացվել են, իսկ քրեական գործը` կարճվել:
Եվ, ահա, ինչպես գիտենք՝ քրեական հեղինակություն Թեւոսիկի եղբոր սպանության մեջ ներկայումս մեղադրվում է Իսոն` Իսրայել Սարգսյանը, որը աշխատել է Գոռ Վարդանյանի հետ: Ըստ «Իրավունք» թերթի տեղեկությունների` Իսոյին եւ Արամ Քոչարյանին կապող օղակ են համարում վերջինիս անձնական թիկնապահներից մեկին` Ռաֆոյին, ով իբր նույնպես աշխատել է Գոռ Վարդանյանի հետ:

Իսկ շրջանառվող վարկածն այն է, որ Արամ Քոչարյանը գործարանի հետ կապված խնդիրները կարգավորած անձանց նկատմամբ, որպես այդ օգնության դիմաց «պատասխան սիրալիրություն», կարող էր պարտավորված լինել Թեւոսիկի եղբոր հետ կապված պատվերի «երեւացող մասը» դառնալ` այդ կերպ նաեւ իր վաղեմի հակառակորդին պատասխան «պատիժը» տալով:

Իսկ, ահա, գործարար Արամ Քոչարյանն այս հրապարակման համար 2014թ փետրվարի 14-ին դատի էր տվել «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ին` պահանջելով իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները հերքել, ներողություն խնդրել եւ զրպարտության համար 2 միլիոն դրամ փոխհատուցել: 2015թ մայիսի 12-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վճռել էր գործարարի հայցը բավարարել մասնակի: Համաձայն վճռի՝ «Իրավունք» թերթը պետք է հերքում հրապարակի եւ գործարարին փոխհատուցի ոչ թե 2 միլիոն դրամ, այլ 500.000 դրամ: Սակայն նկատենք, որ թերթը չի հանձնվել եւ դատարանի այս որոշումը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարան:

դիմել են ոստիկանություն

Ինչպես նկատում ենք՝ գործարարի շուրջ աղմկալի պատմությունները չեն դադարում: Մի կողմից՝ Քոչարյանն իր անվան շուրջ ստեղծված աղմկալի տեղեկությունները փորձում է մաքրել՝ լրատվամիջոցին դատի տալով, մյուս կողմից՝ նա հայ գործարարներին է նեղացնում, ունեզրկում: «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ Արամ Քոչարյանը հայաստանյան ընկերություններից մեկի՝ ««Մովսիսյան» բնական քարերի մշակման ձեռնարկություն» ՍՊԸ-ի տնօրեն Էդիկ Մովսիսյանին «քցել» է, ոչ ավել, ոչ պակաս, 60 միլիոն դրամ:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Էդիկ Մովսիսյանը հաստատեց այդ լուրերը՝ հայտնելով, որ Քոչարյանն առանց իր իմացության վերցրել է իր շինտեխնիկան. «Մենք նրա հետ պայմանագիր ենք ունեցել՝ մի շենքի երեսապատումն իրականացնելու համար: Երեսապատումն իրականացրեցինք եւ հետո իմացանք, որ նա եկել ու «լեյսաները», որոնց վրա բանվորները կանգնում եւ պատ են շարում, ինչպես նաեւ «լիֆտերը» վերցրել, տարել է: Ես այլ ելք չունենալով՝ դիմել եմ ոստիկանություն, որ իմանամ, թե ով է տարել մեծ քանակությամբ տեխնիկան:

Արդյունքում, որոշ ժամանակ անց ոստիկանությունը պարզաբանեց, որ գործարարն է վերցրել, տարել: Ավելին՝ ինձ ոստիկանությունից ասացին, որ սա քաղաքացիական գործ է, եւ, ըստ էության, իրենք չեն կարող քննել: Բայց ես բացատրեցի, որ քաղաքացիական գործ չէ: Եթե վերցրել էր տեխնիկան, պետք է բերեր ինձ մոտ, սակայն տարել է այլ տեղ, ու ոչ ոք չգիտի, թե ինչ է արել այդ տեխնիկայի հետ, իրացրել է կամ մեկ ուրիշի է տվել, ի վերջո, ուր է իմ տեխնիկան, իմ սեփականություն, սա ինչպե՞ս կարող է քաղաքացիական գործ լինել: Մոտ 60 միլիոնի ապրանքի մասին է խոսքը, սա լուրջ գործ է: Մի խոսքով, ես սպասում եմ, տեսնենք, երեւի քննություն կսկսվի, եւ ինձ կկանչեն, որ ցուցմունք տամ»:

Հուսանք, որ հայ գործարարի տեխնիկան իրեն կհասնի, իսկ ոստիկանությունը չի խուսափի եւ Սերժ Սարգսյանի հովանավորյալին, ըստ էության, հափշտակության համար համապատասխան պատասխանատվության կենթարկի:

Հ. Գ. Մեր բոլոր փորձերը՝ գտնելու Արամ Քոչարյանին, ձախողվեցին:

Քնար Մանուկյան




Լրահոս