Վերջին շրջանում Հայաստանում շատացել են լրագրողների եւ լրատվամիջոցների նկատմամբ ճնշումները, որոնք արտահայտվում են այս կամ այն լրատվամիջոցի նկատմամբ դատական գործընթաց սկսելով:
Հայաստանի ժուռնալիստների միությունը, ըստ էության, այն կառույցներից մեկն է, որը պետք է ինչ-որ ձեւով փորձի աջակցել լրատվամիջոներին, լրագրողներին: Armlur.am-ը միության գործունեության եւ այլ հարցերի վերաբերյալ զրուցեց միության նախագահ Աստղիկ Գեւորգյանի հետ:
-Տիկի՛ն Գեւորգյան, Ժուռնալիստների միության նախագահի ընտրությունները քանի՞ տարին մեկ են տեղի ունենում:
-Մինչեւ ՀԿ-ների մասին ՀՀ օրենքով աշխատելու պահանջը, բոլոր ստեղծագործական միությունների համագումարները հրավիրվում էին հինգ տարին մեկ: Երբ ստեղծագործական միությունները արհեստականորեն վերանվանվեցին ընկերակցություններ, միավորումներ ու զանազան ասոցիացիաներ, ՀԿ-ների մասին օրենքով ընտրությունների ժամկետը սահմանվեց երկու տարին մեկ: Վերջապես մեկ տարի է, որ երկար քննարկումներից, բանավեճերից հետո ընդունվեց նոր օրենք, վերականգնվեց «միություն» բառը եւ յուրաքանչյուր ստեղծագործական միության համագումար հրավիրվելու է չորս տարին մեկ:
-Կոնկրետ ե՞րբ է լինելու Ժուռնալիստների միության համագումարը:
-Չեմ կարող ասել: Ժամանակ ունենք: Լուրջ նախագծեր կան, որ պետք է ավարտել, ուզում եմ հատկապես շեշտել ժուռնալիստական արհմիություններ ստեղծելու նախագիծը, որը տարածաշրջանում (Թբիլիսի, Բաքու, Երեւան) իրականացնում է ժուռնալիստների միջազգային ֆեդերացիան (Բրյուսել): Պետք է մտածել ֆինանսական միջոցներ հայթայթելու մասին, խնդիրները շատ են:
– Դուք կրկին առաջադրվելո՞ւ եք որպես միության նախագահի թեկնածու, թե՞ ոչ:
-Իհարկե, ոչ: Ես ուզում եմ հանգստի գնալ: Լինում է, չէ, մասնագիտական հոգնածություն:
– Սահմանափակում կա՞, թե միեւնույն անձը քանի անգամ կարող է առաջադրվել նախագահ:
– Ո՛չ, սահմանափակում չկա: Ո՛չ տարիքային, ո՛չ սեռի: Միայն պետք է լինես միության անդամ:
-Միության նախագահ ընտրվելու համար ինչ-որ չափորոշիչներ կա՞ն:
-Միության յուրաքանչյուր անդամ իրավունք ունի ընտրվելու Ժուռնալիստների միության նախագահ: Ընտրությունը կատարվում է բաց կամ փակ: Համագումարն է որոշում` փակ քվեարկություն անցկացնել, թե բաց: Միության նախագահ ընտրվելու համար կոնկրետ պահանջներ չկան, պարզապես պետք է լինես պրոֆեսիոնալ: Իհարկե, համագումարը որոշում է` եթե ճանաչված մարդ է, հայտնի լրագրող է, ժուռնալիստական հանրությունը վստահում է: Մինչեւ հիմա չի եղել, որ պատահական մեկի անունը տրվի որպես միության նախագահի թեկնածու: Կարեւոր են նաեւ մարդկային որակները:
-Իսկ Ժուռնալիստների միության անդամ ո՞վ կարող է լինել:
-Միության անդամ կարող է լինել յուրաքանչյուր ոք, ով առնվազն երկու տարի հաստիքով աշխատում է ԶԼՄ-ում: Վերջին անգամ Կանոնադրության մեջ փոփոխություն մտցվեց, որ անկախ լրագրողները եւս կարող են լինել միության անդամ` պայմանով, որ ներկայացնեն որեւէ ԶԼՄ-ի գրավոր երաշխավորությունը:
-Միությունը քանի՞ անդամ ունի:
-Շատ են: 1000-ից ավելի են: Բայց տնտեսական վիճակի պատճառով շատերը գնացել են արտասահման: Դրա համար կասեցրել ենք մոտ 400 լրագրողի անդամությունը: Նրանք ժամանակ առ ժամանակ վերադառնում են Հայաստան, վերականգնում անդամակցությունը, վճարում բաց թողած անդամավճարը: Մենք աղքատ կազմակերպություն ենք: Պետական ֆինանսական աջակցություն չենք ստանում:
-Իսկ ծախսերը ինչպե՞ս եք հոգում այդ դեպքում:
-Հայաստանի Ժուռնալիստների միության շենքը միության սեփականությունն է: Օրենքը թույլ է տալիս, որ մենք վարձակալության հիմունքով տրամադրենք տարածքը: Այդ գումարով հոգում ենք ծախսերը, պատերազմի մասնակիցներին նպաստ ենք տալիս, Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 10 լավագույն ուսանողի ամեն ամիս անվանական թոշակ ենք տալիս:
-Տիկի՛ն Գեւորգյան, միությունն ի՞նչ քայլեր է անում լրատվամիջոցների նկատմամբ վերջին շրջանում նկատվող ճնշումների հետ կապված: Ինչպես հայտնի է` դատական հայցեր են տրվում լրատվամիջոցների դեմ, պահանջում են բացահայտել տեղեկատվության աղբյուրը եւ այլն:
– Լրագրողն ինքը կարող է այնպես անել, որ իր նկատմամբ ոչ մի դատական հայց չլինի: Ընդամենը նա պետք է փաստարկված հոդված գրի, ունենա անհերքելի փաստեր: Ես միշտ ասում եմ` ծոցատետրում պետք է ունենալ ավելի շատ չհրապարակած փաստեր, որ երբ բողոքեն, ներկայացնի չհրապարակված փաստերը: Շատ դեպքերում մասնագիտական մակարդակի, փորձի պակասի հետեւանքով է, որ լրագրողին պատասխանատվության են ենթարկում: Միշտ պետք է հիշել. անխոցելի է այն ժուռնալիստը, թերթը, որը պատասխանատու է եւ ունի պրոֆեսիոնալ բարձր որակներ: Ինչ վերաբերում է տեղեկատվության աղբյուրի բացահայտմանը, ԶԼՄ-ների մասին օրենքը հստակ սահմանում է` լրագրողը տեղեկատվության աղբյուրը կարող է բացահայտել միայն դատարանում, այն էլ փակ նիստում:
-Իսկ կոնկրետ Բաղրամյան պողոտայում լրագրողների նկատմամբ կիրառված բռնության հետ կապված միությունը, բացի հայտարարություն տարածելուց, ուրիշ ի՞նչ քայլեր է կատարել:
-Բաղրամյանի պարագայում ոչ միայն մեր միությունը հանդես եկավ հայտարարությամբ, այլեւ ես նամակ գրեցի Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիային եւ նրանք էլ հայտարարությամբ հանդես եկան: Նման դեպք դեռեւս չէր եղել, որ միջազգային ֆեդերացիան բողոքի ձայն բարձրացնի Հայաստանում լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելու համար: Մենք բացի հայտարարությունից, դժբախտաբար, ոչ մի միջոց չունենք:
Հարցազրույցը` Քրիստինա Աղալարյանի