Հուլիսի 23 Կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեսչական իրավասություններ ունեցող պետական մարմիններին հանձնարարել էր ոլորտում կես տարով հետաձգել ստուգումները: Սակայն տեղեկություններ են շրջանառվում, որ կրթության եւ գիտության նախարարության կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը իր նեղ շրջապատում գլուխ է գովել, թե գտել է վարչապետի հրահանգը շրջանցելու ուրույն տարբերակ` «անգործ չմնալու» համար:
Ըստ այդմ, «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ Արամ Կարապետյանը իր մտերմիկ շրջապատի ներկայացուցիչներին ասել է, թե տեսչությունը կշարունակի ստուգումներ իրականացնել` որտեղ կամենա` դիմելով թեժ գծի «օգնությանը»: Այսինքն` ինչ-որ մարդիկ անհրաժեշտ ժամանակահատվածում կզանգահարեն թեժ գիծ եւ կբողոքեն թիրախավորված հաստատության դեմ: Եւ, ահա, կրթության եւ գիտության նախարարության տեսչությունն էլ համապատասխան մարդիկ կգործուղի` ստուգումներ իրականացնելու համար:
Այս թեմայի շուրջ մեկնաբանություններ ստանալու ակնկալիքով «Ժողովուրդ»-ը զրուցեց կրթության նախարարության տեսչության պետ Արամ Կարապետյանի հետ: Վերջինս ասաց, որ նախքան վարչապետի հանձնարարականն էլ տեսչությունն աշխատել է թեժ գծով:
«Մինչեւ վարչապետի այդ որոշումը զանգում, ասում էին, որ այդպիսի բան կա, եկեք, տեսեք՝ մեր տնօրենն այդպիսի բան է արել կամ չի արել, սխալ նշանակում է արել, իր բարեկամներին էլ է նշանակել: Նման թեժ գծեր եղել են, գնացել տեսչությունից կարգավորել, եկել են»,-նշեց նա: Կարապետյանի խոսքով՝ այժմ թեժ գծով ստուգումեր չկան, քանի որ համապատասխան հաստատություններն արձակուրդում են գտնվում:
«Մեր ստուգումների ոլորտը հանրապետական դպրոցներն են, մանկապարտեզներն են, ուսումնարաններն են եւ ոչ պետական դպրոցները: Սեպտեմբերի 1-ից մենք հավանաբար կստանաք զանգեր եւ եթե տեսնենք, որ այն իր մեջ շատ լուրջ բան է պարունակում, սահմանված կարգով կդիմենք նախարարին, նախարարը վարչապետին, եթե համաձայն կլինեն, կգնանք, ստուգումներ կանցկացնենք»,- ասաց նա:
Կրթության տեսչության պետը հավելեց. «Մեր տեսչությունը զբաղվում է միայն բովանդակային խնդիրներով՝ օրենսդրության պահանջների կատարմամբ եւ պետական կրթական ծրագրերի իրականացմամբ: Եթե մանկապարտեզների բողոքներ կան, օրինակ, սննդի հետ կապված՝ վատ են կերակրում, կամ սնունդն անհասկանալի ծագում ունի, ապա ասեմ՝ դա մեր տեսչության գործառույթը չէ»:
Նկատենք` պետական պաշտոնյան այդպես էլ չհերքեց, որ վարչապետի հանձնարարությունը շրջանցելու մեխանիզմ է գտել եւ չի պատրաստվում կես տարի հանգիստ տալ հիմնարկ-ձեռնարկություններին:
Արփինե Թովմասյան