ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՏՄՊՊՀ-Ն
ԲԱՑԱՀԱՅՏԵԼ Է
Պետական գնումների ոլորտում ՀՀ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի կատարած հերթական ուսումնասիրությամբ պարզվել է, որ որոշ ընկերություններ գործել են փոխկապակցված՝ փորձելով շուկայից դուրս մղել մրցակիցներին: Մասնավորապես` «Երեքնուկ», «Ամարաս-Յուս» եւ «Սեար գրուպ» ընկերությունները, մրցութային գործընթացների շրջանակներում վարել են փոխհամաձայնեցված քաղաքականություն: Ուսումնասիրված փաստաթղթերում այս 3 ընկերությունների կողմից մրցույթներում ներկայացված գնային առաջարկներում առկա են եղել էական նմանակումներ. դրանցում կրկնվել են անգամ նույն տառասխալները եւ կոնտակտային տվյալները: Հանձնաժողովը պարզել է, որ վերջինները մասնակցել են տասնյակ մրցույթների եւ փոխհամաձայնեցված կերպով հերթականությամբ հաղթող ճանաչվել դրանցից որեւէ մեկում: Նշված ընկերությունները սննդամթերքի մատակարարումը որոշ դեպքերում իրականացրել են շուկայականից մինչեւ 150%-ով բարձր գներով։ ՏՄՊՊՀ ուսումնասիրությունները բացահայտել են ընկերությունների փոխադարձ պայմանավորվածության այլ փաստեր եւս: Հանձնաժողովը երեկ վարույթ է հարուցել հագուստի, կոշիկի եւ պայուսակների ներկրմամբ եւ իրացմամբ զբաղվող «Ռոբերտո» խանութի նկատմամբ («Փիլարյան» ՍՊԸ): Նշված խանութի կողմից հարյուրավոր քաղաքացիներ տեղեկացվել են, որ ամբողջ ապրանքատեսականին վաճառվում է 50 տոկոս զեղչված գնով, սակայն կատարված ստուգումների արդյունքում պարզվել է, որ 50 տոկոս զեղչը գործում է խանութներում ներկայացված ապրանքների միայն մի մասի վրա:

ԲԱ ՆՐԱ՞ՆՑ
ՈՐՏԵՂԻՑ
«Այն միջոցները, որոնք այսօր տնօրինում է Սարգսյանների ընտանիքը, նրանց որտեղի՞ց. երբ Սերժ Սարգսյանը գալիս էր Երեւան, ընդամենը կոմերիտական ակտիվիստ էր… կամ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, նույնը նաեւ՝ Ռոբերտ Քոչարյանը, որ «Սաֆարի» գնում, որս է անում, որտեղ միայն մեկ առյուծի որսն արժե 300 000 դոլար, այդ փողերը նրան որտեղի՞ց: Եվ նա դեռ այնքան չի մեծացել, որ նկարվում է այդ առյուծի հետ ու էրեխու պես գցում ինտերնետ, ադնակլասսնիկներ: Խի՞ չեք հարցնում, այդ միջոցները նրան որտեղի՞ց»,-սեփական միջոցների ծագումնաբանության հարցին այդպես է արձագանքել ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը:

ԶԱՆԳ «ԸՆԿԵՐՈՋԸ»
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Կառավարության մամուլի ծառայության տեղեկացմամբ` զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգի կարեւոր հարցեր: Նրանք նաեւ պայմանավորվածություն են ձեռք բերել հանդիպել Մոսկվայում՝ երկու երկրների միջեւ հարաբերությունների օրակարգի հարցերն ավելի մանրամասն քննարկելու համար:

ԱՊՀ ԴԻՏՈՐԴՆԵՐՆ ԷԼ
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը երեկ ընդունել է հանրապետության նախագահի 2013թ. փետրվարի 18-ի ընտրություններին ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը, որի ղեկավար Ալեքսանդր Ստոյանգոլոն հայտնել է, որ մոտ օրերս Հայաստան կժամանեն առաքելության կազմում ընդգրկված եւս 30-35 դիտորդներ:




Լրահոս