Արդեն մի քանի օր է, ինչ ռուսական ռուբլին վերստին արժեզրկվում է: Արդյունքում հայաստանցի գործարարները, ովքեր արտահանում են իրականացնում դեպի Ռուսաստանի Դաշնություն, հայտնվել են բարդ իրավիճակում: Նշենք, որ վերջին շրջանում ռուսական ռուբլու փոխարժեքի անկման հետեւանքով արտահանման ծավալները էականորեն նվազել են: Եվ հիմա արժեզրկման այս նոր ալիքը լրացուցիչ մտահոգությունների տեղիք է տալիս:
Ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա ռուբլու արժեզրկումը, այս հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ:
-Պարո՛ն Խաչատրյան, ռուբլու արժեզրկման այս նոր ընթացքն ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա:
-Նախորդ տարվա նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին արձանագրված փորձերից եւ տնտեսագիտական օրենքներից ելնելով՝ բնականաբար, ռուբլու արժեզրկումը բացասական ազդեցություն կունենա: Քանի որ դրանով Հայաստանի այն տնտեսվարողները, հատկապես այս շրջանում գյուղմթերք արտահանողները, ովքեր ինչ-որ ակնկալիքներ կամ սպասելիքներ ունեին ռուսական շուկայում իրենց ապրանքների իրացման հետ կապված, հիմա հայտնվել են բարդ իրավիճակում: Օրինակ՝ տասն օր առաջ արտահանում են իրականացրել եւ ինչ-որ գումարներ պետք է ստանային տասն օր առաջվա փոխարժեքի համապատասխան, հիմա լրիվ այլ պատկեր է: Այս պատճառով ՀՀ տնտեսվարողները, գործարարները, ովքեր որ կապ ունեն ռուսական շուկայի հետ, կրում են հսկայական վնասներ:
-Եթե ռուբլու անկումը շարունակվի, ապա ի՞նչպիսի հետեւանքներ կարող են լինել:
-Եթե այսպես շարունակվի, դա նշանակում է նաեւ, որ մեծ ազդեցություն կունենա դեպի Հայաստան փոխանցվող գումարների վրա, որովհետեւ եթե այսօր էլ փոխանակման կետերում ուսումնասիրություններ կատարենք, ապա կտեսնենք, որ ռուբլին տեւական ժամանակ է, ինչ արժեզրկված է: Գումարները, որոնք մեկ ամիս առաջ էին փոխանցվել, այլ գնողունակություն ունեին, մոտ օրերս փոխանցվածները՝ այլ: Ինչքան որ ռուբլու փոխարժեքն է ընկած, այդքան էլ մարդկանց գնողունակությունն է ընկել: Այնպես որ, լավ բաներ չեն սպասվում:
-Պարո՛ն Խաչատրյան, այս դեպքում ՀՀ կենտրոնական բանկը ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի:
-Կենտրոնական բանկը որեւէ քայլ չի ձեռնարկել եւ չի էլ կարող: Այն պետք է ձեռնարկվեր ՀՀ Կառավարության եւ ԿԲ-ի կողմից, այն էլ ավելի վաղ՝ կես կամ մեկ տարի առաջ: Եթե իսկապես Հայաստանում ցանկություն կար խրախուսել արտահանումը, ապա պետք էր նախապես Հայաստանի արտարժույթի արժեզրկման հետ կապված քայլեր անել, ինչը որ արվեց Ռուսաստանում: Տվյալ դեպքում կարող է թվալ, որ Ռուսաստանում ամեն ինչ վատ է, իհարկե, առանձին դեպքերում վատ է, բայց ապագայի առումով այս դեպքում ռուբլու արժեզրկումը ձեռնտու է Ռուսաստանի հատկապես տնտեսվարողների համար: Այն ներքին տնտեսության համար մեծ խթան է հանդիսանալու: Մի բան, ինչը որ Հայաստանի իշխանությունները չեն անում. չգիտեմ թե ինչու, գուցե հնարավորություն չունեն, բայց բոլոր բացատրություններն էլ ընդունելի չեն, որովհետեւ եթե այսօր էլ ոչինչ չձեռնարկեն, ապա վաղն ավելի վատ կլինի:
-Իսկ ի՞նչ է սպասվում տեղական արտադրողներին:
-Հիմա մթերման սեզոնն է: Եւ հատկապես գինու եւ սպիրտի արտադրության հետ կապված ընկերությունները կհայտնվեն բարդ իրավիճակում, որովհետեւ նրանց հիմնական արտադրանքը սպառվում է Ռուսաստանում: Հիմա հայտնի չէ, թե ինչ է ռուսական շուկային սպասվում առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում: Մեր իշխանության անելիքները պետք է լինեին դեռեւս երեկ: Գործող Կառավարությունը նպատակ պետք է ունենար խրախուսել ներքին արտադրությունը, արտահանումը, որը չի արվել: Մենք մշտապես այդ իրավիճակում ենք հայտնվելու, քանի դեռ այդ ուղղությամբ հստակ քաղաքականություն որոշված չէ:
Ռուսական ռուբլու արժեզրկման հետեւանքների մասին «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ «Թամարա ֆրութ» ընկերության տնօրեն Բորիս Հովհաննիսյանի հետ:
-Պարո՛ն Հովհաննիսյան, ռուսական ռուբլու արժեզրկման հետեւանքով Ձեր ընկերությունը ռուսական շուկայի հետ կապված ի՞նչ խնդիրների է բախվում:
-Ռուսական շուկայում վերջերս ապրանքը սկսել ենք ավելի դժվարությամբ իրացնել: Նույն խնդիրն է ստեղծվել, ինչ նախորդ տարի: Իրացման ծավալները սկսել են նվազել:
-Եթե այսպես շարունակվի, հնարավո՞ր է՝ դադարեցնեք ընկերության արտադրանքի արտահանումը դեպի Ռուսաստանի Դաշնություն:
-Ճիշտ է՝ վնասներ կկրենք, բայց, այնուամենայնիվ, պետք է շարունակենք աշխատել ռուսական շուկայի հետ՝ զբաղեցրած տեղը պահպանելու համար:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ