Արամեն թուլացրե՞լ է կապը երկրպագուների հետ, նա «թա՞նկ» երգիչ է. պատասխան` հանրությանը հուզող հարցերին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգիչ Արամեն հաջորդ տարի կտոնի հայաստանյան բեմում իր գործենության 10-ամյակը և այդ առիթով, ամենայն հավանականությամբ, հանդես կգա մենահամերգով: Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց երգչի մենեջերը` Արտյոմ Հակոբյանը: Նա մեզ հետ զրույցում անդրադարձավ Արամեի երկրպագուներին հուզող մի շարք հարցերի:

Մենեջերը տեղեկացրեց, որ Արամեն աշխատում է նոր երգերի ձայնագրությունների վրա եւ հավանաբար սեպտեմբերի երկրորդ հատվածում կներկայանա նոր տեսահոլովակով:

Երկրպագուներին հետաքրքրում է` արդյոք Արամեն կոորպորատիվ միջոցառումներին երգելու համար «թանկ վերցնող» երգիչ է. «Ով ուզում է Արամեին հրավիրել նմանատիպ միջոցառման, թող զանգահարի ինձ, ես կպատասխանեմ, սակայն այդ թեմայով հանրային պատասխան մի ակնկալեք»,-պատասխանեց Ա.Հակոբյանը:

arame2

Երկրպագուներն անհանգստացած են Արամեի ստեղծագործական կյանքի վերջին շրջադարձներով. նրանցից ոմանք պնդում են, թե երգիչն իր կարիերայի սկզբնական շրջանում բարձր էր պահում պրոֆեսիոնալ որակները, սակայն հետո նշաձողը բավական իջեցրեց. «Արամեն ի սկզբանե կատարել է տարբեր ժանրերի (էստրադային, ժողովրդական, քաղաքային ֆոլկլոր) ստեղծագործություններ: Նրա ստեղծագործական կյանքում կտրուկ փոփոխություններ տեղի չեն ունեցել, պարզապես փոխվել է երաժշտական ձեւավորումը, գործիքավորման որակը եւ հարմարեցվել ժամանակի պահանջներին»,-պարզաբանեց մենեջերը:

Երգչի երկրպագուհիներից ոմանք դժգոհում են, որ ամուսնանալուց հետո Արամեն նվազեցրել է երկրպագուների հետ հանդիպումների քանակը, չի ներկայանում նաեւ հեռուստանախագծերի շրջանակում. «Գուցե հաղորդումներում ներգրավվելու առումով ակտիվությունը մի փոքր նվազել է. մենք հատուկ նստել-քննարկել ենք, որ հաղորդումներին նա շատ չմասնակցի, քանի որ դրանք մեծ մասամբ կրկնում են մեկը մյուսին: Բնական է, որ երկրպագուները ցանկանում են, որ հանդիպումներ հաճախակի կազմակերպվեն, սակայն համերգներից հետո երկրպագուների հետ շփումը եւս կարելի է համարել հանդիպումներ»,-նշեց Ա.Հակոբյանը:

arame1

Ընթերցողները հետաքրքրված են նաեւ Արամեի անձնական կյանքով, օրինակ` թե որտեղ է նա անցկացնում իր ամառային հանգիստը: «Վերջերս Սոչիում մասնակցելով համերգային ծրագրի՝ Արամեն կազմակերպել էր նաեւ իր հանգիստը, այսինքն` հանգիստը համատեղում է աշխատանքի հետ»,-նշեց մենեջերը եւ արձագանքելով երգչի ընտանիքի համալրման մասին հարցին` տեղեկացրեց, որ նման բան դեռեւս չի սպասվում:

Աննա Բաբաջանյան




Լրահոս