«ԵՐԵՎԱՆԻ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ»-Ն ՀԻՄՔԵ՞Ր Է ՈՒԶՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի օլիգարխ, իրավաբանական անձանց «X գրուպ» միության նախագահ Խաչիկ Խաչատրյանի հիմնադրած, մասամբ կամ ամբողջությամբ նրա սեփականությունը հանդիսացող եւ նույն «X գրուպ»-ի կազմի մեջ մտնող «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ն 2012թ. դեկտեմբերի 17-ին «Հետք» էլեկտրոնային պարբերականում հերքել էր «Ժողովուրդ» օրաթերթի 11.12.12թ.  համարում տպագրված «Հայտնի օլիգարխին տուգանել են ժամկետանց ձվեր վաճառելու համար» նյութում նշված տեղեկությունները:
Օրաթերթը, իրոք, շփոթել էր. կարծել էր, թե ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն (ՍԱՊԾ) ու նրա պետ Աբրամ Բախչագուլյանն իրենց դերում են եղել եւ հիշյալ ընկերության արտադրած, սեպտեմբերի 15-ի արտադրության օրվա մակնշմամբ ձվերում հայտնաբերված խախտման համար տուգանք կիրառել: Քիչ թե շատ նորմալ ցանկացած երկրում սպառողների առողջությունը վտանգի տակ դնող նման խախտման համար ընկերությանը կամ նրա ղեկավարին, կարծում ենք, անպայման կտուգանեին, բայց դե… Մենք Հայաստանում ենք ապրում, Բախչագուլյանն էլ շատ լավ գիտի, թե ում հետ գործ ունի:
Վերոնշյալ տուգանքի առնչությամբ «Ժողովուրդ»-ը նաեւ գրել էր. «Պատճառն այն է, որ Խաչատրյանին պատկանող «ԵԹՖ»-ն ժամկետանց հավկիթներ է իրացրել հայկական շուկայում»: Իր հիշյալ հերքման մեջ ընկերությունը հայտարարել էր, որ ««ԵԹՖ»-ն ժամկետանց հավկիթներ չի իրացնում», եւ որ «Ժողովուրդ»-ի «հրապարակած տեղեկությունն անհիմն է»:
Անհի՞մն է… «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ն իր բարի համբավից, հիմքերի՞ց է խոսում, հիմքե՞ր է ուզում… Շա՜տ լավ…
Ահա նույն «Հետք»-ում եւ այլ ԶԼՄ-ներում 27.09.2012թ. հրապարակված ՍԱՊԾ հայտարարությունը. «ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտնում է, որ իրենց կողմից ձվի շուկայում իրականացված ուսումնասիրության շրջանակներում կատարվել է նմուշառում «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ի սեպտեմբերի 15-ի արտադրության օրվա մակնշմամբ խմբաքանակից: Լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ նշված խմբաքանակի ձվերում հայտնաբերվել են շեղումներ մի շարք ցուցանիշներով  (կճեպի մաքրության ցուցանիշով խախտումներ (ՀՍՏ 182-99 3.2.10), սպիտակուցը՝ ոչ խիտ, դեղնուցը՝ ոչ կայուն (կոտրելիս տարրալուծվող), առկա է թարմ ձվին ոչ բնորոշ սպեցիֆիկ հոտ), որոնք կարող են նաեւ մանրէաբանական ցուցանիշներով շեղումների (ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ, ախտ.ա/թ սալմոնել) պատճառ դառնալ:
Ծառայությունը կոչով դիմում է սպառողներին՝ պահպանել զգոնություն, ձեռք չբերել եւ չօգտագործել «ԵԹՖ» ապրանքանիշի վերոհիշյալ խմբաքանակի ձու» (http://hetq.am/arm
ews/18918/erevani-trchnabutsakan-fabrikayi-artadrats-dzverum-haytnabervel-en-shexumner.html):
Թե ինչ վտանգավորություն ունի սալմոնելի մանրէն մարդու, հատկապես մանկահասակ եւ նորածին երեխաների համար (վերջիններիս կարող է անցնել ձվին ձեռք տված մոր ձեռքերից), հայտնի է մասնագետներին: Նշենք միայն, որ ժամանակին բուժօգնության չդիմելու դեպքում այն կարող է հանգեցնել նույնիսկ մահվան:
Ինչ վերաբերում է ժամկետանց ձվերի իրացմանը, ապա այսքանից հետո արդյո՞ք հարկ կա բացատրելու, որ թարմ ձվին ոչ բնորոշ սպեցիֆիկ հոտը ձվի ժամկետանց լինելու թերեւս ամենակարեւոր ցուցանիշն է: Դա սպառողի համար շատ ավելի կարեւոր է, քան ձվի վրա եղած մակնշումը, որով կարող են նրան նաեւ խաբել. սեղանի (ոչ դիետիկ) ձուն կարող է եւ արտադրված լինել, ասենք, սեպտեմբերի 1-ին, բայց մակնշված լինել, օրինակ, սեպտեմբերի 15-ի կամ 20-ի ամսաթվով եւ իրացվել սեպտեմբերի 30-ին` իբրեւ պահպանման ժամկետի մեջ գտնվող ձու: Տվյալ պարագայում այս հարցը պետք է պարզեր հիշյալ տեսչությունը, որը, սակայն, ո՛չ պարզել է, ո՛չ էլ տուգանել ընկերությանը:
Ընդգծենք, որ վերոնշյալն այն դեպքը չէ, երբ կարելի է ասել, թե արտադրողը նորմալ սննդամթերք է մատակարարել խանութին, սակայն խանութում չեն պահպանել ձվի պահպանման համար անհրաժեշտ պայմանները, եւ դրա հետեւանքով է ձվի պարունակությունը նման տհաճ հոտ ձեռք բերել: Եթե այդպես լիներ, նախ` տեսչությունն իր հայտարարության մեջ կնշեր խանութում պահպանման պայմանների խախտման մասին, երկրորդ` ընդամենը մեկ խանութից ձվի նմուշառում կատարելով՝ նման հայտարարություն չէր տարածի, եւ երրորդ` սպառողներին կոչ չէր անի ձեռք չբերել եւ չօգտագործել նշված արտադրատեսակը:
Ուշագրավ է ծառայության կողմից լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվածին «ԵԹՖ»-ի արձագանքը, որը մեջբերում ենք ամբողջությամբ. «Ցանկանում ենք Ձեզ տեղեկացնել, որ «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ն, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից ստանալով գրություն առ այն, որ սեպտեմբերի 15-ի արտադրության ձվերն ունեն կճեպի աղտոտվածություն, մատակարարներին հանձնարարել է իրացման ցանցից դուրս բերել ամբողջ խմբաքանակը:
Չնայած փորձաքննության արդյունքում ձվում վտանգավոր մանրէներ չեն հայտնաբերվել, այնուամենայնիվ մինչեւ առաջացած խնդիրների պատճառների պարզումը, ընկերությունը կոչով դիմում է քաղաքացիներին իրենց կողմից ձեռք բերված սեպտեմբերի 15-ի արտադրության ձվերը նույն իրացման կետերում փոխանակել այլ օրերի արտադրության ձվերով:
«Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ի համար առաջնահերթ են սպառողի անվտանգությունն ու Ընկերության բարի համբավը»:
Ինչպես ակնհայտ է, ոչ մի խոսք չկա այն մասին, որ ձվերի սպիտակուցը եղել է ոչ խիտ, դեղնուցը՝ ոչ կայուն (կոտրելիս տարրալուծվող), առկա է եղել թարմ ձվին ոչ բնորոշ սպեցիֆիկ հոտ: Ընկերությունը պարզապես շրջանցել է այս փաստը: Ինչ վերաբերում է փորձաքննության արդյունքում ձվում վտանգավոր մանրէներ չհայտնաբերելուն, ապա հիշյալ ծառայությունն այդ ժամանակ նման բան չէր հայտարարել, այսինքն՝ դա միայն ընկերության հավաստումն էր, որին հավատացողը հավատաց, չհավատացողը չհավատաց:
Խաչատրյանի «X գրուպ»-ի կազմում ընդգրկված ընկերությունների վերաբերյալ մեր լրագրողական հետաքննությունը, սակայն, սրանով չի ավարտվում: Այն սկսվում է…

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




Լրահոս