ԱՐԵՎԱՊԱՇՏ ԵԶԴԻՆԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ՔՐԻՍՏՈՆՅԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ համացանցում հայտնված տեսանյութը, որտեղ ՀՀ-ում գործող կրոնական կազմակերպություններից մեկի` «Enlighten Foundation»-ի ներկայացուցիչ Նարինե Խաչատրյանը հայտարարում է, թե եզդիները սատանայապաշտ են, առաջացրել է «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության զայրույթը: «Սինջար»-ի նախագահ Բորիս Թամոյանի խոսքով՝ Արագածոտնի մարզի եզդիական Սադունց գյուղում տվյալ կազմակերպությունը ստեղծել է նախակրթարան, որը գրանցված չէ կրթության եւ գիտության նախարարությունում:
«Մեծահասակների պարագայում մենք ոչինչ չունենք ասելու, պարզ է, որ մարդկանց սահմանադրական իրավունքն է. իրենց կրոնի եւ դավանանքի ազատություն է տրված: Խնդիրը մանկապարտեզի հետ է կապված: Այդ տարածաշրջանում կրթական մակարդակը բավական ցածր վիճակում է գտնվում, բնականաբար, անկիրթ եւ սոցիալապես վատ պայմաններում ապրող մարդուն ավելի հեշտ է մոլորեցնել»,-վրդովված նկատեց հկ-ի նախագահը` վստահեցնելով, որ կոնկրետ այս կրոնական կազմակերպությունը երկար տարիներ է, ինչ գործում է Սադունցում:
«Սինջար» հկ-ի անդամները կարծում են, որ յուրաքանչյուր ստեղծվող նախակրթարան պետք է գրանցված լինի կրթության եւ գիտության նախարարությունում: Նրանք նույնիսկ փոքրիկ ուսումնասիրություն են կատարել նախակրթարանների մասին ՀՀ օրենքում եւ բացահայտումներ արել: «Այս օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ կետն ասում է` նախադպրոցական կրթությունը պետք է լինի աշխարհիկ բնույթի: Իսկ տեսանյութում Ն. Խաչատրյանը հայտարարում է, որ իրենք երեխաներին Աստծո խոսք են ուսանում: Գոնե մենք այս հարցում դեռ շատ չենք փորփրել, թեպետ հիմա դրանով ենք զբաղված»,-ավելացրեց Բորիսը:
Նրա կարծիքով՝ այստեղ ամենաքիչը մեկ կետով օրենք է խախտվել. «Ես դեռ չեմ խոսում պայմանների մասին, այսինքն` շենքային ինչ պայմաններում են դասերն անցկացվում: Ինչքանով ես տեղյակ եմ, դա ինչ-որ մեկի բնակարանն է»:
Այս խնդրին լուծում տալու նպատակով օրեր առաջ «Սինջար» հկ-ն գրավոր կերպով դիմել է ՀՀ ԿԳՆ` պարզելու՝ արդյոք նախարարության թույլտվությամբ է գործում տվյալ համայնքի նախակրթարանը, թե ոչ: «Այդ ուսուցման ծրագիրը պետք է հաստատվի նախարարության հրամանով: Տեսանյութում ասվում է նաեւ, որ հայերենից եզդիերեն թարգմանում է մի մարդ, որը ժամանակին հարբեցող է եղել: Հիմա հարց եմ տալիս, նա ինչպե՞ս կարող է մանուկին, որը նոր գիտակցական աշխարհ է մտել, ինչ-որ բան սովորեցնել: Այսինքն` տվյալ նախակրթարանում անգամ հնարավոր է, որ մանկավարժի որակավորում չունեն»,-անհանգստացած ասաց երիտասարդը:
Եզդիներին սատանայապաշտ ասելու համար «Սինջար»-ը մտադիր է դիմել դատարան. «Այս թեմայով հիմա քննարկումներ են ընթանում, քանի որ մենք վիրավորվում ենք, երբ մեզ սատանայապաշտ են ասում: Դա մենք դիտարկում ենք որպես վիրավորանք` հասցված մեր կրոնին, ազգին: Մենք սատանայապաշտ չենք»:
Հավելենք, որ տեսանյութում խոսվում է նաեւ այն մասին, որ «Enlighten Foundation» կրոնական կազմակերպության շնորհիվ Սադունցում դադարեցվել են տնային պայմաններում կատարվող հղիության ընդհատման դեպքերը: «Իր կողմից արված կոնկրետ այս հայտարարությունը եզդիների պատիվն է արատավորում: Նա այնպիսի վստահությամբ էր խոսում, որ այդ խնդիրը համատարած է: Մեղադրանք է»,-զայրացած նկատեց Բ. Թամոյանը: Զրույցի ավարտին էլ ավելացրեց, որ ազգային փոքրամասնությունների  իրավունքների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` կողմերը պարտավորվում են նպաստել ազգային փոքրամասնությունների  համար այնպիսի պայմանների ստեղծմանը, որոնք նրանց անհրաժեշտ են իրենց մշակույթը պահպանելու եւ զարգացնելու, նաեւ ինքնության հիմնական տարրերը՝ կրոնը, լեզուն, ավանդույթները եւ մշակութային ժառանգությունը, պահպանելու համար: «Այս կոնվենցիային միացել է նաեւ Հայաստանը: Երբ թույլ ես տալիս, որ կրոնական կազմակերպությունները մտնեն ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներ, ավելին, աջակցում ես, որպեսզի նրանք  մանկապարտեզ ունենան, ապա այս հոդվածն ամբողջությամբ խախտվում է»,-պարզաբանեց նա` նկատելով, որ մի քանի տասնյակ տարի առաջ Հայ առաքելական եկեղեցին մշտապես եղել է եզդիների կողքին եւ աջակցել նրանց, բայց երբեք չի փորձել կրոնափոխ անել:
Այս խնդրի առնչությամբ զրուցեցինք նաեւ Սադունցի համայնքապետ Էդվարդ Սադունյանի հետ, որը մեզ վստահեցրեց, որ համայնքում մանկապարտեզ, նախակրթարան չի գործել եւ հիմա էլ չկա: «Դա նախակրթարան չէ: Ո՛չ մանկապարտեզ է, ո՛չ էլ նախակրթարան: Այդ մարդիկ միայն Հիսուս Քրիստոսին են պաշտում: Իրենց հավաքույթների ժամանակ երեխաներին բերում են ու զբաղվում նրանց դաստիարակությամբ: Այդ հավաքույթներին հարեւան գյուղերից էլ են գալիս, այդ թվում՝ նաեւ հայեր»,-ներկայացրեց նա: Գյուղապետի խոսքով՝ համայնքից մոտ 25-30 հոգի են հաճախում այդ կրոնական կազմակերպություն: «Ախր իրենք վատ բաներ չեն անում: Նույնիսկ սանէպիդկայանից են եկել ու ստուգումներ անցկացրել: Պարզել են, որ նախակրթարան չկա, մանկապարտեզ` նույնպես, սնունդ չեն տալիս: Ես էլ եմ հետաքրքրվում»,-ասաց նա` ոգեւորված նշելով, որ կոնկրետ այն մարդիկ, որոնք արդեն կրոնափոխ են եղել, մասնակցելու են առաջիկա նախագահական ընտրություններին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս