Նախորդ անգամ քննարկելով իշխանությունների հրապարակած նոր Սահմանադրության նախագծի 88-րդ եւ 89-րդ հոդվածները, որոնք վերաբերում էին ԱԺ-ում պատգամավորական տեղերի քանակին, տեսանք, որ հստակեցված թվի բացակայությունը բնորոշ չէ եվրոպական առաջատար ու ժողովրդավարական երկրներին: Ըստ էության, բացի Գերմանիայից, որտեղ կրկին սահմանված է պատգամավորների նվազագույն քանակ, մյուս պետություններում նման մեխանիզմ ներդրված է լոկ երկպալատ պառլամենտի պարագայում, իսկ պալատներից մեկում պատգամավորների քանակը կոնկրետ է սահմանված: Հայաստանում նման փորձի կիրառումն իրականում վստահություն չի ներշնչում առաջին հերթին այն պատճառով, որ ընտրական գործընթացը տեղի չի ունենում արդար եւ թափանցիկ ճանապարհով:
Բացի այդ` հարկ է նկատել, որ Գերմանիան իրեն կարող է նման ճոխություն թույլ տալ եւ պատգամավորների հստակ քանակ չսահմանել: Առաջին հերթին այդ առանձնահատկությունը կապված է պետության հզորության աստիճանից, եւ արտաքին մարտահրավերներին արձագանքելիս ու ներքաղաքական բարդությունները լուծելիս նմանօրինակ ճկուն մեխանիզմները կարող են իրենց դրական դերակատարությունն ունենալ: Անշուշտ, պետական կառավարման համակարգը չի կարող քարացած լինել եւ պետք է ենթարկվի ժամանակի նորամուծություններին, սակայն այդպես վարվել կարող է միայն հասուն ու հստակ ավանդույթներ ձեւավորած պետությունը: Գերմանիան դեռեւս իր հիմնադրությունից ի վեր (1871թ.) պահպանել է խորհրդարանական կառավարման եղանակը՝ ժամանակ առ ժամանակ նույնիսկ վերաճելով դիկտատուրայի: Կարող էին, չէ՞, գերմանացիները, ասենք, Առաջին աշխարհամարտից հետո, երբ ակնհայտորեն դրսեւորվեցին պետական կառավարման բացթողումները, անցնել նախագահական կառավարմանը՝ իրենց անկման մեղքը բարդելով Սահմանադրության վրա: Ավելին՝ նույնօրինակ տրամադրությունների արդյունքում 1933թ. Հիտլերը բազմեց կանցլերի աստիճանին ու պետությունը բռնապետության վերածելու ճանապարհով աշխարհը ներքաշեց աննախադեպ լայնամասշտաբ պատերազմի մեջ: Դրանից հետո, սակայն, Գերմանիան 1949թ. վերստին կանցլերի պաշտոնը դարձրեց իբրեւ գործադիրի ղեկավար՝ պահպանելով խորհրդարանական կառավարման համակարգը: Հավանաբար գերմանացիներն այդքան «խելք» չունեին, որ պետության բոլոր խնդիրները, նացիստների մատուցած ամբողջ սխալները բարդեին կառավարման համակարգի վրա՝ խուսափելով իրական պատասխանատվությունից:
Ելնելով այն հանգամանքից, որ նոր Սահմանադրության մշակման նպատակով ստեղծված հանձնաժողովի համար անկյունաքարային նշանակություն է ունեցել հենց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սահմանադրությունը, փորձենք հասկանալ այդ պետության ընտրական համակարգը, ինչը, հավանաբար, տառացիորեն պիտի փոխառվի մեզ մոտ: Այսպես՝ այստեղ ընտրողը կատարում է երկու ընտրություն: Առաջին դեպքում քվեարկվում է թեկնածուն, եւ բարձր տոկոսներ հավաքելու պարագայում նա կարող է դառնալ պատգամավոր՝ անկախ իր կուսակցության ստացած ձայների քանակից: Մեծամասնական այդ տեղերը նախատեսված են այն բանի համար, որ Գերմանիայի ցանկացած շրջան ներկայացված լինի Բունդեսթագում: Երկրորդ ընտրությունը համարվում է ամենակարեւորը, երբ քվեարկողը ձայն է տալիս կուսակցությանը: Հենց այս ձայների արդյունքում է վճռվում խորհրդարանում կուսակցությունների տեղաբաշխումը: Գերմանիայում խորհրդարան անցնելու նվազագույն շեմը սահմանված է 5 տոկոսը, որի արդյունքում էլ նախատեսված նվազագույն 598 պատգամավորական տեղերի կեսը հենց բաժին է ընկնում համամասնական ցուցակին: Ուշագրավ է, որ գերմանացիներն իրենք էլ գիտակցում են սեփական համակարգի ռիսկայնության աստիճանը, ուստի նախատեսել են, որ եթե նույն կուսակցության մեծամասնականով ձեռք բերված արդյունքներն այնքան բարձր են, որքան համամասնականով ստացվածները, անգամ ցուցակի ամենաբարձր տեղում հանգրվանած թեկնածուն չի կարող դառնալ խորհրդարանի անդամ, եթե մեծամասնականով չի հաղթել: Այս համակարգում մեծամասնականով հաղթած տեղերի քանակը խիստ կարեւոր է: Ըստ այդմ, եթե կուսակցությունը ստանում է ավելի շատ մեծամասնական տեղեր, քան համամասնականի պարագայում, այն կարող է պահպանել այդ մանդատները: Այդ դեպքում, սակայն, մյուս կուսակցությունները եւս հավելյալ տեղեր են ստանում:
Վերադառնալով հայաստանյան իրականությանը՝ հարկ է արձանագրել, որ գործող Սահմանադրությամբ ԱԺ-ի 131 տեղից 41-ը հատկացված է մեծամասնական ընտրակարգին եւ, ըստ էության, գծված է հստակ բաժանում համամասնականի ու մեծամասնականի միջեւ: Ակնհայտորեն մեզ մոտ գործող համակարգն իրականում ավելի ճկուն է, ապահովում է թե՛ կուսակցությունների, թե՛ անհատ ներկայացուցիչների հավասար ներկայությունը խորհրդարանում: Կարելի է պնդել, որ անգամ ընդդիմության պահանջը՝ 100 տոկոսանոց համամասնական համակարգի անցնելու մասին, իրականում այնքան էլ արդար չէ: Եթե մտահոգությունը կապված է այն հանգամանքի հետ, որ իշխանությունն առանց որեւէ ջանք թափելու ստանում է մեծամասնականով նախատեսված տեղերը, ապա ներկայիս ընտրական գործընթացների պարագայում ո՞րն է լինելու տարբերությունը: Նոր նախագծում հեղինակներն առաջարկում են երկրորդ փուլի ինստիտուտը, ինչը տասնապատիկ ավելի վատն է, քան գործող կարգը: Վերջապես, բացարձակ համամասնականի դեպքում, եթե անգամ հանվի երկրորդ փուլի մասին այդ անհեթեթ դրույթը, ի՞նչ է, Սերժ Սարգսյա՞նն է ընտրությունների նախօրյակին խստագույնս պահանջելու ընտրախախտումներ չանել եւ ՀՀԿ-ի օգտին չավելացնել մեծամասնականի այդ 41 տեղը, թե՞ ԿԸՀ-ում աշխատող նկարչության վարպետներն են ամոթխած նստելու իրենց տեղն ու կարգուկանոն ապահովելու: Ուստի եւ, քանի դեռ լուծված չէ ընտրախախտումների կանխարգելման հարցը, մեծամասնական կամ համամասնական ընտրակարգը որեւէ իրական փոփոխություն մտցնել չի կարող:
ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ
ԵԹԵ ԳԵՈՔԱՂԱՔԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՓՈՐՁԻ ՍՏԱՏՈՒՍ ՔՎՈՆ ՓՈԽԵԼ
Շփման գծում ադրբեջանական կողմը կրկին ակտիվացել է եւ պարբերաբար կրակոցներ է արձակում եւ սրում իրավիճակը: Ադրբեջանական կողմի ակտիվացման պատճառների եւ իրավիճակի մասին Armlur.am-ը զրուցեց «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հետ:
-Պարո՛ն Կարապետյան, վերջին ժամանակահատվածում կրկին լարված իրավիճակ է շփման գծում, Ադրբեջանը ոչ միայն շարունակում է ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը, այլեւ օգտագործում է նոր, առավել հզոր զինատեսակներ: Ինչի՞ կարող է հանգեցնել այս չդադարող, տեղայնացված պատերազմական վիճակը:
-Ես կարծում եմ, որ Ադրբեջանն ուղղակի ուզում է հարցի կարգավորմանը հասնել: Ես կարծում եմ՝ սադրանք է դա՝ ուղղված միջազգային հանրությանը: Ադրբեջանը միշտ սադրում է եւ հատկապես հիմա, քանի որ բանակցային հիմնական գործընթացները սկսվում են սեպտեմբերից: Բոլոր հանդիպումները եւ լուրջ քննարկումները կազմակերպվում են սեպտեմբերից մինչեւ տարվա վերջ: Եվ պարզ է, որ ամռան ընթացքում նաեւ տեխնիկական նկատառումներով ավելի հեշտ է սադրելը: Իրենց մոտ միշտ նույն տպավորությունն է, որ եթե սադրեն, ապա միջազգային հանրությունը կփորձի անպայման լուծումներ գտնել:
-Իսկ աշխարհաքաղաքական փոփոխությունները որեւէ կերպ առնչվո՞ւմ են այդ կրակոցներին:
-Ոչ մի տարածաշրջան չկա, որ բախման թատերաբեմ չդառնա: Մի քանի տեղերում դա ակտիվ է: Իհարկե, հիմա Իրանի հետ հարաբերություններ են փոխվում: Իհարկե, այդ ամեն ինչն էլ ազդեցություն է ունենում, բայց դրանք երկրորդական են: Այդ լարվածությունը, որ առաջացել է, կարող ենք կապել, բայց ոչ ուղղակի կերպով:
-Տեսակետ կա, որ այդ փոքր գործողությունները կարող են սրանալ եւ վերածվել պատերազմի: Դուք պատերազմի վտանգ տեսնո՞ւմ եք:
-Ոչ, ես կարծում եմ դա սխալ թեզ է, քանի որ փոքր գործողությունները սադրանքներ են: Ես հասկանում եմ, որ Անդրկովկասում իրավիճակը կարող է սրվել եւ վերածվել պատերազմի, եթե գեոքաղաքական օբյեկտներից մեկը հիմա փորձի ստատուս քվոն փոխել: Այդ ժամանակ մի բան կարող է լինել:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ԱՊՕՐԻՆԻ ՇՈՒԿԱ
Իջեւան քաղաքում՝ միջպետական ավտոճանապարհի եզրին, գործում է գյուղատնտեսական մթերքների օրինական շուկա: Իսկ քաղաքի կենցաղի տան առջեւի հրապարակում, ուր նախկինում կանաչապատ տարածք էր, գործում է գյուղմթերքների ապօրինի շուկա: Այդտեղ վաճառում են Արարատյան դաշտից եւ այլ տարածքներից ներկրված մրգեր եւ բանջարեղեն: Վաճառքը կատարվում է նաեւ ավտոմեքենաների բեռնախցերից: Մրգերի եւ բանջարեղենի վաճառքն առկա է նաեւ կենցաղի տան կամրջի մոտ, ուր մթերքները դրված են գետնի վրա: Ընդհանուր առմամբ վերոհիշյալ տարածքներում առեւտրով է զբաղվում 70-80 հոգի: Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանից «Ժողովուրդը» հետաքրքրվեց, թե նրանցից քանի՞սն են քաղաքապետարանից ստացել բացօթյա առեւտրի թույլտվություն: Քաղաքապետը հայտնեց, որ Իջեւան քաղաքի տարածքում բացօթյա առեւտուր կատարելու թույլտվություն ունեն 8 հոգի, որոնցից մի քանիսը առեւտուր են կատարում նշված հատվածում: Ուշագրավ է, որ անօրինական շուկան գործում է ոստիկանության Տավուշի մարզային վարչության շենքից մոտ 150մ հեռավորության վրա, սակայն ոստիկաններն այդպես էլ «չեն նկատում» ապօրինի «բազարի» գործունեությունը:
ԽԱՐԴԱԽ ԱՎԱԳԱՆԻՆ
Իջեւան քաղաքի ավագանու անդամ, 1958թ. ծնված Սամվել Չիբուխչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Իջեւանի քաղաքային կոմունալ ծառայության տնօրեն Սուրեն Չիբուխչյանի հայրը, չարաշահելով նրա եւ հիմնարկի աշխատակիցների վստահությունը, հափշտակել է Արթուր Ասրյանի 12 ամսվա աշխատավարձը՝ ընկերությանը պատճառելով զգալի չափերի՝ 480 հազար դրամի վնաս: Իսկ Իջեւան քաղաքի բնակիչ, 1950թ. ծնված Համլետ Բլբուլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Իջեւանի քաղաքային կոմունալ ծառայության ինժեներ, Սամվել Չիբուխչյանի խնդրանքով եւ առանց անձնական շահագրգռվածության ընկերության աշխատաժամանակի հաշվարկման տեղեկագրերում Արթուր Ասրյանի` աշխատանքի հաճախելու վերաբերյալ կատարել է գրառումներ՝ դրանով իսկ օժանդակելով Սամվել Չիբուխչյանի կողմից Իջեւանի քաղաքային կոմունալ ծառայության հիմնարկից Արթուր Ասրյանի աշխատավարձի գումարի՝ 480 հազար դրամի հափշտակությանը: Սամվել Չիբուխչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 1-ին մասով («Խարդախությունը»), Համլետ Բլբուլյանին՝ 38-178 հոդվածի 1-ին մասով («Խարդախությանն օժանդակելը»): Երկուսի նկատմամբ էլ, որպես խափանման միջոց, ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարության առաջին նիստը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում նշանակված է օգոստոսի 6-ին: Հավելենք, որ Սամվել Չիբուխչյանը նախկինում եղել է Իջեւանի քաղաքային կոմունալ ծառայության տնօրեն: Այս տարվա մարտի 15-ին կայացած ընտրությունների արդյունքներով նա վերընտրվել է Իջեւան քաղաքի ավագանու անդամ:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ