ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐՆ ԱՆԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԵՆ ԾԱԽՍԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վերահսկիչ պալատը նախորդ տարվա ընթացքում վերահսկողություն է իրականացրել նաեւ քաղաքաշինության ոլորտում` մասնավորապես` Կոտայքի մարզպետարանում: Վերահսկողության առարկան ծրագրերի իրագործման համար Կոտայքի մարզպետարանին ՀՀ պետբյուջեից հատկացված միջոցներն են, դրանց հաշվին Կոտայքի մարզպետարանի կողմից իրականացված շինարարական, հիմնանորոգման եւ վերանորոգման աշխատանքների օրինականությունը եւ արդյունավետությունը:

Նախորդ տարիներին ՎՊ-ն անդրադարձել էր դպրոցաշինության ծրագրերին եւ բացահայտել մի շարք խնդիրներ: Այս անգամ ՀՀ Կոտայքի մարզում 2014թ. ընթացքում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ՎՊ-ն արձանագրել է, որ թվով 18 դպրոցի վերանորոգման աշխատանքները տարիներ շարունակ չեն ավարտվում: Ավելին՝ հստակեցված չեն պայմանագրերով նախատեսված աշխատանքների կատարման վերջնաժամկետները: ՎՊ-ն եզրահանգել է, որ նման մեթոդներով իրականացվող դպրոցաշինության ծրագիրը հարցականի տակ է դնում պետական միջոցների ծախսման արդյունավետությունը:
Այսպիսով՝ շինարարական, հիմնանորոգման եւ վերանորոգման աշխատանքների համար 2012-2014 թվականներին պետբյուջից նախատեսվել է 4 մլն 105 հազար դրամ: Փաստացի ծախսը կազմել է 4 մլն 83 հազար 600 դրամ, որից թվով 56 պայմանագրերի շրջանակներում իրականացրած շինմոնտաժային աշխատանքների գումարը կազմել է 3 մլն 849 հազար 700 դրամ, թվով 27 պայմանագրերի շրջանակներում իրականացրած նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների գումարը՝ 148 հազար 500 դրամ, թվով 19 պայմանագրերի շրջանակներում աշխատանքների որակի տեխնիկական հսկողության մատուցման ծառայությունների գումարը՝ 63 հազար 800 դրամ, եւ թվով 26 պայմանագրերի շրջանակներում մատուցված հեղինակային հսկողության ծառայությունների գումարը՝ 21 հազար 600 դրամ:
Ստացվում է, որ 3 մլն 849 հազար 700 դրամի փաստացի ծախսից կրթական օբյեկտների հիմնանորոգման աշխատանքների համար ծախսվել է ընդամենը 2 մլն 48 հազար 600 դրամ, ճանապարհաշինարարական աշխատանքների համար՝ 1 մլն 90 հազար 200 դրամ, ջրամատակարարման աշխատանքների համար՝ 521 հազար 500 դրամ, այլ աշխատանքների համար՝ 189 հազար 600 դրամ:
Բացի այս՝ ծրագրերում ներառված են եղել թվով 29 կրթական օբյեկտներ, որից թվով 5 դպրոցների վերանորոգման աշխատանքների մայր պայմանագրերը՝ 1 մլն 446 հազար դրամ ընդհանուր գումարով, կնքվել եւ աշխատանքները սկսվել են 2009 թվականին, սակայն դեռեւս չեն ավարտվել: Պայմանագրերով աշխատանքների ավարտի ժամկետ չի սահմանվել, եւ նախատեսվել է յուրաքանչյուր տարի գումար հատկացնել պետբյուջեով նախատեսվածի չափով: Ծրագրի սկզբից մինչեւ 2012 թվականը այդ դպրոցների վերանորոգման աշխատանքների համար ծախսվել է 385 հազար դրամ: Վերահսկողությամբ ընդգրկված ժամանակահատվածում ծախսվել է եւս 490 հազար դրամ: Սակայն նշված դպրոցներում պայմանագրերով նախատեսված աշխատանքներն ավարտելու համար անհրաժեշտ է հատկացնել եւս 571 հազար դրամ:
Բացի այդ՝ եւս թվով 13 դպրոցներում հիմնանորոգման աշխատանքները սկսվել են դեռեւս 2011-2012 թվականներին եւ մինչ այժմ ավարտված չեն: Ըստ ՎՊ-ի՝ այս դեպքում նույնիսկ ընդհանրական նախագիծ, նախահաշիվ չի կազմվել, եւ մայր պայմանագիր չի կնքվել: Հայտնի չէ նաեւ դպրոցներն ամբողջովին վերանորոգելու համար անհրաժեշտ գումարի չափը: Ընդ որում, նշված դպրոցներից որեւէ մեկը այս տարվա պետբյուջեի հիմնանորոգման ծրագրերում ներառված չէ:
«Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը դիմեց քաղաքաշինության նախարարություն եւ հետաքրքրվեց, թե ինչն է պատճառը, որ վերը նշված օբյեկտներում տարիներ շարունակ շինարարական աշխատանքները չեն ավարտվում: Նախարարությունից փոխանցեցին, որ ՎՊ-ի 2014 թվականի տարեկան հաշվետվությամբ արձանագրված դիտարկումները վերաբերում են 2006-2011 թվականների ընթացքում քաղաքաշինության նախարարության պատվերով իրականացված եւ տարբեր մարզերում տեղակայված շարունակական օբյեկտների ավարտման ժամկետներին:
Բացի այս՝ քաղաքաշինության նախարարությունից հայտնեցին, որ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող օբյեկտների պետական գնման պայմանագրերով վերջնաժամկետների սահմանումն ուղղակիորեն կապված է պետբյուջեի հատկացումների, այսինքն՝ ֆինանսավորման չափաքանակների հետ, որոնք սահմանափակ են եւ բաշխվում են համամասնորեն Երեւան քաղաքի եւ մարզերի օբյեկտների միջեւ: «Պետական գնման պայմանագրերը իրավական առումով ուժի մեջ են մտնում միայն ֆինանսական միջոցների առկայության պարագայում՝ ըստ ՀՀ Կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի որոշման»,- նշված է քաղաքաշինության նախարարության` «Ժողովուրդ»-ին ուղարկված պատասխանում:
Նկատենք, որ ՎՊ-ի կողմից բացահայտված չարաշահումները մնում են միայն թղթի վրա, եւ այս ընթացքում դեռ ոչ մի պաշտոնյա չի պատժվել գործած ապօրինության համար: Իսկ մինչ Կոտայքի մարզում տարիներ շարունակ ձգձգվում է որոշ դպրոցների շինարարությունը, Հայաստանի մի շարք գյուղերում դպրոցների բացակայության պատճառով երիտասարդ ամուսինները ստիպված են լինում տեղափոխվել այլ համայնքներ, որտեղ կան նորմալ կրթական հաստատություններ: Գուցե այս երեւույթն է՞լ ուշադրության արժանանար գործող Կառավարության կողմից:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ՊԱՏԱՍԽԱՆԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ
Հուլիսի 24-ին Տավուշի մարզ կատարած այցելության ժամանակ Սերժ Սարգսյանը եղել է նաեւ սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր համայնքում, որտեղ կայացել է 80 երեխայի համար նախատեսված մսուր-մանկապարտեզի բացման արարողությունը: Armlur.am-ի տեղեկություններով՝ համայնքի մի շարք բնակիչներ նամակ-խնդրագրեր են փոխանցել Ս. Սարգսյանին, նրանց թվում է եղել նաեւ նախորդ տարի Ադրբեջանում գերեվարված, ապա հայրենադարձված Արսեն Խոջոյանի մայրը` Սվետլանա Խոջոյանը, ով Սերժ Սարգսյանից խնդրել է Երեւանում անկյուն տրամադրել իր որդու համար: Բանն այն է, որ բժիշկները Արսենին ցուցում են տվել չոր կլիմայական պայմաններում ապրել, որպեսզի նրա մոտ առկա մաշկային հիվանդությունը գլուխ չբարձրացնի: Մեր ունեցած տեղեկությունը հաստատեց Սվետլանա Խոջոյանը` հավելելով. «Խնդրել եմ` մի փոքրիկ խրճիթ տա, թեկուզ քաղաքի ամենածայրամասում, մի անկյուն լինի` մահճակալ դնելու համար, էրեխես քնի»:
Նախագահական նստավայրի քաղաքացիների ընդունելության եւ նամակների բաժնի պետ Աիդա Ասատրյանը հայտնեց, որ նամակի ուսումնասիրության հատուկ ընթացակարգ կա, որը դեռեւս շարունակվում է. «Մենք մեկ ամիս ժամանակ ունենք, որը դեռեւս չի լրացել: Նամակը կուսումնասիրվի, համապատասխան եզրակացությունը կտրվի, այն կներկայացվի աշխատակազմի ղեկավարին, որից հետո միայն հանձնարարություններ կլինեն: Այս պահին ես որեւէ հրահանգ չեմ ստացել»: Մեր զրուցակիցը հայտնեց նաեւ, որ առողջապահության նախարարությանը հարցում է ուղարկվել` Արսեն Խոջոյանի առողջական վիճակի մասին հստակ տեղեկություններ ստանալու նպատակով:
Նշենք, որ մեզ լուրեր են հասել այն մասին, որ Սերժ Սարգսյանին նամակ հանձնելուց հետո Վերին Կարմիրաղբյուրի համայնքապետ Կամո Չոբանյանը գյուղացիների շրջանում հայտարարել է, թե ինչո՞ւ են Խոջոյանները նման հարցով դիմում նախագահին, «իր տղան երկրի համար ի՞նչ է արել, որ նման հարց է բարձրացրել»: Թեպետ մեզ հետ զրույցում հենց Սվետլանա Խոջոյանը հերքեց այս լուրերը` ասելով, թե գյուղապետն ինքն է շահագրգռված, որպեսզի իրենց խնդիրն արագ լուծում ստանա, այդուհանդերձ մեզ նաեւ տեղեկություններ հասան, որ նախագահական նստավայրի համապատասխան բաժնից Արսեն Խոջոյանի կենսագրականն է պահանջվել, սակայն գյուղապետը չի իմացել` ինչպիսի բնութագիր ուղարկել: Մեզ հետ զրույցում Կամո Չոբանյանը եւս լուրերը հերքեց` նշելով, որ իրենցից նման բան չի պահանջվել: Թե ինչ է իրականում կատարվում Խոջոյանների ընտանիքի եւ գյուղապետի միջեւ, դեռեւս պարզել չհաջողվեց: Սակայն գյուղում ակտիվ լուրեր են շրջանառվում, թե նրանց միջեւ լարված հարաբերություններ են: Վերջում հավելենք, որ մոտ երկու ամիս բժիշկների հսկողության տակ գտնվելուց հետո երեկ Արսեն Խոջոյանը դուրս է գրվել հիվանդանոցից եւ վերադարձել հայրենի գյուղ, որտեղ, սակայն, բժիշկները խորհուրդ չեն տալիս նրան ապրել:




Լրահոս