ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ Կառավարության պաշտոնական կայքից

Երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Երեւանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման արդյունքում օտարված բնակելի տարածքների բնակիչներին: Զեկուցվել է, որ արդեն իսկ բնակարանների փաստաթղթերը հանձնվել են բնակիչներին, իսկ փոխհատուցման համապատասխան գործընթացը կսկսվի առաջիկայում:

 

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` ապօրինի հողազավթումը վաղեմության ժամկետ ունի, թե ոչ: Եվ խնդրում եմ ասեք՝ ապօրինի հողազավթման գործընթացը կանխելն ո՞ւմ իրավասության մեջ է մտնում (թաղապետարան, դատարան, քաղաքապետարան):

Ալեքսանդր Փիլոսյան (54 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Երեւանի քաղաքապետարանին ուղղված հարցմանն ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 37 հոդվածի համաձայն՝ ապօրինի հողազավթումը վաղեմության ժամկետ չունի: Ինչ վերաբերում է հողազավթման վերացմանը, ապա այդ լիազորությունը, համաձայն «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 95-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, վերապահված է տվյալ վարչական շրջանի ղեկավարին:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ցավոք, ապօրինի շինարարության եւ հողազավթումների դեպքերը բազմաթիվ են, եւ կարծում ենք, որ դրանց կանխման ուղղությամբ տարվող աշխատանքներն էլ ավելի խիստ բնույթ պետք է կրեն: Ի դեպ, տեղեկացնենք, որ առաջին անգամ իրավախախտում կատարող անձի նկատմամբ կիրառվում է վարչական տուգանք՝ 200-400 հազար դրամի չափով: Տուգանք նշանակելուց հետո ապօրինի շինարարությունը շարունակելու կամ հողազավթումը չվերացնելու դեպքում կիրառվում է կրկնակի վարչական պատասխանատվություն, եւ իրավախախտում կատարած անձի նկատմամբ նշանակվում է 2,5 մլն դրամի չափով տուգանք:

 

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, եթե օտարերկրյա պետական կամ հավատարմագրված ոչ պետական բուհերից ուսանողը ցանկանում է տեղափոխվել ՀՀ բուհեր, ապա այդ գործընթացն ինչպե՞ս է իրականացվում:

Սոնա Եղիազարյան (67 տարեկան, թոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Եղիազարյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ օտարերկրյա պետական եւ ըստ մասնագիտությունների հավատարմագրված ոչ պետական բուհից ՀՀ բուհ ուսանողի տեղափոխությունն իրականացվում է վճարովի ուսուցման սկզբունքով: Օտարերկրյա բուհ միջպետական համաձայնագրերով ուսման գործուղված եւ առողջական վիճակի կամ ուսման գործընթացը խոչընդոտող այլ անհաղթահարելի հանգամանքների պատճառով Հայաստանի Հանրապետություն վերադարձող ուսանողները, ընդունող բուհի ռեկտորի առաջարկությամբ եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության համաձայնությամբ ուսուցումը կարող են շարունակել անվճար սկզբունքով:
Ընդունող բուհը դրական կարծիքի դեպքում նախարարություն է ներկայացնում ուսանողի ակադեմիական տեղեկանքը: Տեղափոխության մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարը՝ համապատասխան օտարերկրյա բուհից գրավոր հարցման դրական պատասխան ստանալուց հետո:

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որպես հավելում տեղեկացնենք, որ սփյուռքահայերը 30%-ով ավել ուսման վարձ են վճարում: Սակայն այս խմբի մեջ չեն մտնում ԼՂՀ-ից եւ Վրաստանի Սամցխե-Ջավախք եւ Քարթլի շրջաններից եկած հայ ուսանողները: Այս որոշումը ընդունվել է 2009-ին: Ի դեպ, նշենք, որ Հայաստանում կա 4309 սփյուռքահայ ուսանող, որոնց մեծ մասը Վրաստանից է: Մեծ է նաեւ Ռուսաստանից եւ Սիրիայից եկած ուսանողների թիվը: Ի ուրախություն սիրիահայ ուսանողների՝ նշենք, որ նրանց համար բուհ դիմելու կոնկրետ ժամկետներ չկան: Նախապատրաստական փուլում նրանց ուսման վճարը 50%-ով կրճատվում է, իսկ բակալավրիատում վճարում են այնքան, ինչքան տեղացի ուսանողները:




Լրահոս