Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ նոր Սահմանադրության նախագիծը սկզբից մինչեւ վերջ գրվել է մեկ նպատակով՝ ՀՀԿ-ի իշխանությունը հնարավորինս երկարաձգելու համար: Փաստացի, նոր Սահմանադրության նախագիծը այնպես է կառուցված, որ իշխանափոխություն հնարավոր լինի միայն մեկ ճանապարհով՝ հեղափոխությամբ: Իսկ, այսպես կոչված, թավշյա հեղափոխության կամ մնացած բոլոր՝ առանց բախումների իշխանափոխության տարբերակներն այս նախագիծը գործնականում բացառում է:
Իսկ այդ խնդիրը լուծելու համար ՀՀԿ-ն ցանկանում է ոչ միայն գործող Սահմանադրությունը փոխել, այլ նաեւ ներդնել մի համակարգ, որի պայմաններում ցանկացած պահի հնարավոր կլինի Սահմանադրությունում փոփոխություններ կատարել առանց հանրաքվեի: Այս նորամուծության համաձայն՝ նոր Սահմանադրության բոլոր այն գլուխներում, որոնք վերաբերում են կառավարման համակարգին, խորհրդարանը կարող է փոփոխություններ կատարել: Դրա համար անհրաժեշտ կլինի, որպեսզի պատգամավորների մեկ քառորդը հանդես գա օրենսդրական նախաձեռնությամբ, իսկ երկու երրորդն էլ կողմ քվեարկի: Եթե խորհրդարանում քաղաքական ուժերի հարաբերակցությունը լինի այնպիսին, ինչպես այժմ է, ապա Սահմանադրությունում փոփոխություն կատարելը կդառնա տեխնիկայի խնդիր եւ ԱԺ-ն կդակի, երբ կամենա:
Ի դեպ, նոր Սահմանադրության՝ նախորդ օրը հրապարակված ամբողջական նախագիծը բաղկացած է 15 գլուխներից, որոնցից մինչ այս հրապարակվել էին յոթը: Ութերորդ գլուխը վերաբերում է դատախազությանը եւ քննչական մարմիններին: Այս գլխի՝ դատախազությանը վերաբերող մասը փաստացի գործող Սահմանադրությունից տարբերվում է միայն այն դրույթով, ըստ որի՝ խորհրդարանը կարող է պաշտոնանկ անել գլխավոր դատախազին պատգամավորների երեք հինգերորդի կողմ քվեարկելու դեպքում: Գործող Սահմանադրությամբ գլխավոր դատախազին խորհրդարանը կարող է պաշտոնանկ անել միայն նախագահի առաջարկությամբ, ձայների մեծամասնությամբ: Այսինքն՝ պատգամավորներն այսուհետ իրենք չեն կարող ինքնուրույն նախաձեռնել գլխավոր դատախազի պաշտոնանկության գործընթացը: Իսկ ինչ վերաբերում է այդ գլխի քննչական մարմիններին վերաբերող հատվածին, այն ընդամենը մեկ հոդվածից է, որը սահմանում է քննչական մարմինների գոյության փաստը որպես նախաքննություն իրականացնող օղակի:
Տեղական ինքնակառավարման մարմիններին վերաբերող գլխում տեղ են գտել նաեւ ներկայիս «ՏԻՄ մասին» օրենքի մի շարք դրույթներ, որոնք վերաբերում են համայնքի ղեկավարների եւ ավագանիների լիազորություններին ու փոխհարաբերություններին: Նորամուծությունն այն է, որ մեկ տարով երկարացվում է համայնքի ղեկավարների պաշտոնավարման ժամկետը՝ չորսից այն դարձնելով հինգ տարի:
Ի տարբերություն գործող Սահմանադրության՝ նոր նախագծով մարդու իրավունքների պաշտպանին հատկացված է առանձին գլուխ: Ընդ որում, ՄԻՊ-ի գլուխը այն եզակիներից է, որում փոփոխություններ կարող են կատարվել միայն հանրաքվեի միջոցով: ՄԻՊ գլխին նման կարեւորություն տալը չի նշանակում, որ նրա բովանդակությունը եւս նույնքան կարեւոր է: Ինչպես գործող Սահմանադրությունում, այնպես էլ այս նորի նախագծով ՄԻՊ-ը մարդու իրավունքների խախտումները վերականգնելու ոչ մի գործնական լծակ չունի: Այդ պաշտոնն ընդամենն օժտված է խորհրդատվական լիազորություններով:
Նոր Սահմանադրության հաջորդ նորամուծությունն այն է, որ առաջարկվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել Սահմանադրությամբ եւ այդ կառույցին հատկացված է առանձին՝ 11-րդ գլուխը: Գործող Սահմանադրությունում ԿԸՀ-ի մասին ոչ մի տեղ չի հիշատակվում: Նախագծով առաջարկվող ԿԸՀ բաղկացած պետք է լինի յոթ անդամներից, որոնց ընտրելու է խորհրդարանը՝ վեց տարի պաշտոնավարման ժամկետով: Ի դեպ, ԿԸՀ նախագահին եւս խորհրդարանը պետք է ընտրի:
Նոր Սահմանադրության նախագծում առանձին գլուխներով են ներկայացված նաեւ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը եւ կենտրոնական բանկը: Նորամուծություններից է նաեւ այն, որ անփոփոխելի հոդվածները նախագծով չորսն են՝ առաջին երեքը եւ այդ մասին ազդարարող 202-րդ հոդվածը: Գործող Սահմանադրությունում անփոփոխելի հոդվածներն առաջին երկուսն են եւ այդ հոդվածների անփոփոխելիությունը սահմանող 114-րդ հոդվածը:
Նշենք, որ նոր Սահմանադրության նախագիծն ընդհանուր բաղկացած է 206 հոդվածներից:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՀՅԴ-Ն ԵՐԿՄՏՈՒՄ Է
Նախորդ օրը ՀՀ արդարադատության նախարարությունը հրապարակեց նոր Սահմանադրության ամբողջական նախագիծը: «Ժողովուրդ»-ը երեկ փորձեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից պարզել, թե, ի վերջո, իրենց կուսակցության տեսակետը նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ ինչպիսինն է: Հիշեցնենք, որ նոր Սահմանադրության նախագծի հրապարակումից հետո ՀՅԴ անդամները ամենատարբեր հանդիպումների ժամանակ խուսափում են կոնկրետ տեսակետ արտահայտելուց՝ վստահեցնելով, որ մինչեւ օգոստոս իրենց տեսակետը կներկայացնեն: Երեկ Աղվան Վարդանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին իրենք դեռեւս քննարկում են նոր Սահմանադրության նախագիծը: «Կարծում եմ՝ մի քանի օրվա ընթացքում մենք մեր տեսակետը կներկայացնենք»,- ասաց Վարդանյանը: Հիշեցնենք, որ նոր նախագծով առաջարկվում է, որ Սահմանադրության կոնկրետ գլուխներում փոփոխություններ կատարելու համար անհրաժեշտ չլինի հանրաքվե կազմակերպել, եւ խորհրդարանն իրավունք կունենա երկրի մայր օրենքում փոփոխություններ կատարել:
ՄԱՔՍԻՄԻՆ ՀԱՆԵԼ ԵՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» նախկին գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանին ազատել են Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից: Ըստ նույն լուրերի՝ վերջին շրջանում իշխանական օղակներում Հակոբյանների նկատմամբ լարվածություն է առաջացել, ինչի պատճառով որոշվել է ավագ Հակոբյանին «զրկել» նաեւ այդ կարգավիճակից: Հիշեցնենք, որ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահը Սերժ Սարգսյանն է: ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ Մաքսիմ Հակոբյանին իրենք աշխատանքից չեն ազատել, այլ նա ինքն է խնդրել իրեն ազատել այդ պաշտոնից: «Նախ՝ Մաքսիմ Հակոբյանը մարզում շատ քիչ է լինում: Ինքը ցանկացավ, որպեսզի այլեւս այդ աշխատանքը չկատարի: Մենք չենք հեռացրել, ընդհակառակը, շատ էինք ուզում, որ մնար, բայց նա խնդրեց, որ իրեն փոխարինող գտնենք»,- հայտնեց Լպուտյանը: Ի դեպ, արդեն մի քանի օր է՝ «Ժողովուրդ»-ին չի հաջողվում Մ. Հակոբյանի հետ զրուցել եւ նրանից մեկնաբանություն ստանալ, թե ինչու է որոշել իր կապերը վերջնականապես խզել իշխանության բոլոր օղակների հետ:
ԿՓՈԽՀԱՏՈՒՑԻ
Հայաստանի Հանրապետության Կառավարության այսօրվա նիստում Սյունիքի մարզպետարանին կհատակցվի 4 մլն 851 հազար դրամ, որով կփոխհատուցի Մեղրիի տարածաշրջանի 72 շահառուների անհատական ոռոգման պոմպերով 2014 թվականի ծախսած էլէներգիայի արժեքը:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՎԱՂՈՒՑ ԵՆ ՀԱՆԴԻՊԵԼ
Օրերս տեղեկություն էր տարածվել, որ մի շարք նախկին ԲՀԿ-ականներ հանդիպել են Սերժ Սարգսյանի հետ: Շրջանառվում էին Արագած Ախոյանի, Մարտուն Գրիգորյանի, Բազմասեր Առաքելյանի, Ռուստամ Գասպարյանի անունները: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը, սակայն, Armlur.am-ին վստահեցրել է, որ այդ հանդիպումը վաղուց է եղել: «Դա եղել է շատ վաղուց: Խորհուրդ չեմ տա անդրադառնալ, որովհետեւ անդրադառնալու բան այստեղ չկա: Մենք ոչ մի հարց չենք քննարկել, միայն սահմանադրական բարեփոխումների հետ կապված երկու բառ ենք փոխանակել ու վերջ», – վստահեցրել է պատգամավորը:
ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊ ՉՈՒՆԻ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է բովանդակային քննարկումներ ծավալել նոր Սահմանադրության նախագծի շուրջ եւ մյուսներին էլ կոչ է անում «չմտնել սահմանադրական ծուղակի մեջ»։ «1995 թվականի Սահմանադրությունը Ռոբերտ Քոչարյանին չխանգարեց պետական հեղաշրջում անել, չխանգարեց Պողոս Պողոսյանին «Առագաստ» սրճարանում ծեծելով սպանել, այս Սահմանադրությունը չխանգարեց 1999 թվականի հոկտեմբերի 27-ին։ Մյուս Սահմանադրությունը չխանգարեց մարտի 1-ին, չխանգարեց Սերժ Սարգսյանին եւ իր հանցախմբին արդեն քանի տարի թալանել Հայաստանը։ Հաջորդն էլ չի խանգարելու»։
ՋՐԵԼ ԵՆ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ երեկ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հանրապետությունում 2015 թ. ոռոգման գործընթացի իրականացման վերաբերյալ: Քննարկման ընթացքում ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը նշել է, որ ՀՀ Կառավարության որոշմամբ ոռոգման համակարգերի հիմնանորոգման 2015 թ. ծրագրով հատկացվել է 800.0 մլն ՀՀ դրամ: Ծրագրի շրջանակում իրականացվել են պոմպակայանների, խորքային հորերի, ջրանցքների խողովակաշարերի նորացման աշխատանքներ: ՀՀ Կառավարության որոշմամբ 2015 թ. ՋՕԸ-երին ՀՀ պետական բյուջեից հատկացվել է շուրջ 5.2 մլրդ ՀՀ դրամ: Ոռոգման նպատակով Սեւանա լճից ջրառն այսօրվա դրությամբ կազմել է 121.261 մլն մ3՝ նախորդ տարվա 216.121 մլն մ3-ի համեմատ:
ԷԼԻ ԽԱԽՏՈՒՄ ԵՆ
Օգոստոսի 4-ին եւ լույս 5-ի գիշերը, բացի խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից, ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ կիրառել է 60 մմ-անոց (45 արկ) եւ 82 մմ-անոց (24 արկ) ականանետեր:
Ընդհանուր առմամբ նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ, որի ընթացքում արձակել է շուրջ 3000 կրակոց: