Արցախը չի՞ միջամտում Հայաստանի ներքին կյանքին. Ինչո՞ւ է Բակո Սահակյանը պահանջում Սուրիկ Խաչատրյանի հրաժարականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս գրել էինք, որ ըստ շրջանառվող տեղեկությունների,  ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ի սկզբանե դեմ է եղել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վերանշանակմանը, իսկ հիմա էլ նա, ինչպես նաև ՀՀ և ԼՂՀ զինվորական ղեկավարությունը պահանջում են նրա հրաժարականը:

Այս հարցի առնչությամբ մեկնաբանություն ստանալու խնդրանքով Armlur.am-ը դիմեց ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանին: Վերջինս հայտարարեց, որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

«Սա ուղղակի ինչ-որ սենսացիայի հետ է կապված կամ ուղղակի սադրանք է: Արցախի Հանրապետությունը չի միջամտում Հայաստանի Հանրապետության ներքին կյանքին: Ես կարծում եմ` սա ճիշտ է , ինչպես նաև` հակառակը», – նշեց նա, հավելելով, որ նման լուրերն ուղղակի հիմք չունեն:

Բաբայանը նշեց, որ իր համար շատ տարօրինակ է, թե ինչու են սկսում այդ հարցը շահարկել: Մեր այն դիտարկմանը, որ այդ ամենը կապում են Ավետիք Բուդաղյանի սպանության հետ, Բաբայանը նշեց. «Նորից ինչ-որ շահարկումներ են անում որոշ ուժեր, որոնք որևէ ձևով շահագրգռված չեն մեր հայկական կայունության ամրապնդման մեջ: Փորձում են իրենց նեղ, անձնական շահերի համար ցավոտ  թեմաներ արծարծել` ուղղակի մուտիլովկաների համար»:




Լրահոս