Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը նշեց, որ Սահմանադրության երկու համակարգերն էլ ունեն թերություններ:
«Գործող կիսանախագահական համակարգում թերությունը կայանում է նրանում, որ կառավարության համակարգում կա երկու առաջնային մանդատ»,-ասաց նա: Նրա խոսքով, նախագահը ժողովրդից ստանալով մանդատ՝ ներկայացնում է իր նախընտրական ծրագիրը և փորձում իր լիազորությունների շրջանակներում իրականացնել այն:
«Երկրորդ թերությունն այն է, որ պատգամավորները մասնակցելով արդեն խորհրդարանական ընտրություններին և ներկայացնելով իրենց նախընտրական ծրագրերը ստանում են համապատասխան քվեներ և իրենց հնարավորության շրջանակներում իրականացնում են այն»,-հավելեց նա:
Իսկ խորհրդարանական համակարգի թերությունը, ըստ պատգամավորի, կայունության պակաս մակարդակն է: «Այս համակարգում խորհրդարանը բավականին արագ կարող է կորցնել իր մեծամասնությունն, ինչը բերում է նրան, որ կառավարությունը չի հասցնում իրականացնել իր կոնցեպցիան այս կամ այն բնագավառում»,- հավելեց նա:
Նրա դիտարկմամբ, սա բերում է ռեսուրսների ոչ արդյունավետ օգտագործմանը: