Շուշանիկ Բախշյանը կտրականապես արգելել է ծննդկանին կեսարյան հատում անել, իսկ նրա կյանքը հնարավոր կլիներ փրկել միայն դրա միջոցով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

26-ամյա մահացած ծննդկան Մերի Մարգարյանի հետազոտության արդյունքները Էրեբունի և Շենգավիթ ԲԿ-ներում իրարից էականորեն տարբերվում են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանը: Վերջինիս խոսքով, այս պահին իրենց պահանջը միայն մեկն է՝ պետք է ճշգրիտ հիմնավորումներ ներկայացվեն՝ ինչն է եղել ծննդկանի մահվան պատճառը: Փաստաբանի փոխանցմամբ, Էրեբունի ԲԿ-ում հերթապահ բժիշկը Շուշանիկ Բախշյանի բացակայության ժամանակ ընդհանրապես չի մոտեցել Մերի Մարգարյանին: Մարինե Թովմասյանի խոսքով, այն հանգամանքը, որ Մերիի ջերմությունը 36,6-ից չի իջել երեք օր շարունակ, անգամ եթե արտաքին տվյալներից բժիշկը չէր կարող որևէ եզրահանգում անել, պետք էր հանձնաժողով ստեղծել, քննարկել իրավիճակը, անհրաժեշտության դեպքում կեսարյան հատում անել, սակայն բժիշկների կողմից, մասնավորապես Շուշանիկ Բախշյանի, բացարձակ անտարբերություն է դրսևորվել: Այս պահին Շ. Բախշյանը, ով տարածված լուրերի համաձայն՝ հանրապետությունում չէ, վկայի կարգավիճակում է:

Ինչպես հայտնի է, ըստ դատաբժշկական փորձաքննության նախնական եզրակացության` Մերին և երեխան մահացել են թոքերի երկկողմանի բորբոքումից: Սակայն բանախոսը հայտնեց, որ սա ընդամենը նախնական վարկածն է, որը դեռևս վերջնականապես չի հաստատվել:

Ի դեպ, ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց մահացած ծննդկանի հայրը՝ Վաղինակ Մարգարյանը, այն ժամանակ, երբ Շենգավիթ ԲԿ-ում առաջ է քաշվել կեսարյան հատման տարբերակը, Շուշանիկ Բախշյանը, կրկին իրեն հատուկ ագրեսիվ տոնով, հայտարարել է. «Не в коем случае», այնինչ երեխայի և մոր կյանքը հնարավոր կլիներ փրկել միայն այդ միջոցով:

Իսկ ահա Մարինե Թովմասյանի գնահատմամբ, զարմանալին այն է, թե ինչու այդ ողջ ընթացքում բժիշկները չեն հետազոտել Մերիի թոքերը՝ անգամ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ նրա ջերմությունը բավականին բարձր է եղել. «Ինֆեկցիաներ են տարածված, որևէ լուրջ բան չկա»,- անընդհատ ասել է 20 տարվա աշխատանքային փորձ ունեցող բժշկուհի Շուշանիկ Բախշյանը:

Ի դեպ, փաստաբանը հայտնեց, որ ինքն ամեն բան անելու է, որպեսզի երեխայի մահվան հանգամանքով ևս քրեական գործ հարուցվի: Այս պահին միայն մասնագիտական անփութության և անզգուշության հետևանքով մահ առաջացնելու հանգամանքներով կա հարուցված քրեական գործ, չկան մեղադրվողներ և կալանավորված անձինք:




Լրահոս