Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունից պարզ է դառնում, որ հանձնաժողովին չի գոհացրել Սահմանադրության նախագծի մեջ միասեռական ամուսնությունների վերաբերյալ դրույթները, որն, ըստ էության, արգելք է հանդիսանում Հայաստանում միասեռականների կապին:
Armlur.am-ի հետ զրույցում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը նշեց, որ հանձնաժողովի ներկայացրած այդ կետերը չի կարդացել, միայն թեթևակի լսել է. «Ես միշտ կարևորը երկրորդականից տարբերելու սկզբունքով եմ առաջնորդվում: Ինձ համար ավելի կարևոր են քաղաքական որոշումները: Ես առաջնային իրավունք եմ համարում ինքնորոշման իրավունքը, որով դու որոշում ես մյուս իրավունքները: Մի խոսքով քաղաքական իրավունքները: Դրա համար ես շեշտադրված խոսում եմ մարդու՝ երկրի կառավարմանը մասնակցելու իրավունքի վերաբերյալ դրույթների մասին»,- ասաց նա:
Հայրիկյանը նաև հավելեց` բազում անգամներ ասել է, որ բովանդակային քննարկման չի ուզում մասնակցել: Մեր հարցին՝ հնարավո՞ր է իշխանությունները վերանայեն Վենետիկի հանձնաժողովի կողմից բացասական վերաբերմունքին արժանացած այդ կետերը և արդյոք այդ պարագայում վերջինս կպայքարի, Հայրիկյանը նշեց. «Եթե պայքարի ընդունակ ես, պետք է պայքարես հիմնականի համար: Ես իմ ճակատագրի տերը չեմ: Իմ պայքարի հիմքում պետք է լինի մի բան՝ պայքարել իմ ճակատագրի համար, ոչ թե պայքարել այն բանի համար, որ իմ ճակատագրին տիրացած մարդը բարեհաճ լինի իմ նկատմամբ: Կա հիմնական խնդիր և կան տասներորդական խնդիրներ»:
ԱԻՄ առաջնորդի դիտարկմամբ լուրջ մարդիկ մանր-մունր «լակոտային» բաներով չեն զբաղվում, այլ ՝ միայն լուրջ խնդիրներով: