Գյուղատնտեսության նախարարությունը պլանավորել է ստեղծել 5 հա խաղողի կոլեկցիոն այգի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվեցին խաղողագործության զարգացման հեռանկարները

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի գլխավորությամբ այսօր հրավիրվել էր խորհրդակցություն շահագրգիռ կողմերի մասնակցությամբ` հանրապետությունում խաղողագործության զարգացման հարցերը քննարկելու նպատակով:

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալներ, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գիտնականներ, գիտական կազմակերպությունների մասնագետներ և ընկերությունների ղեկավարներ։

Նախարարը տեղեկացրեց ներկաներին, որ հաշվի առնելով ոլորտի ընթացիկ զարգացումները` անհրաժեշտություն է առաջացել վերանայել խաղողագործության զարգացման ռազմավարությունը, որը հնարավորություն կտա ապահովել խաղողագործության ճյուղի հետագա կայուն զարգացումը:

«Խաղողագործության զարգացումը մեր երկրի տնտեսության համար կարևորագույն նշանակություն ունի, և մենք պետք է համախմբենք հանրապետության ողջ մասնագիտական ներուժն այս ուղղությամբ համապատասխան աշխատանքներ իրականացնելու համար»,-իր խոսքում նշեց նախարար Կարապետյանը:

Նախարարը հավելեց, որ այդ նպատակով ստեղծվելու է աշխատանքային խումբ, որը կզբաղվի ֆիլոքսերա վնասատուի առկայության պայմաններում խաղողագործության ռազմավարության մշակմամբ, ներգրավված կլինեն նաև միջազգային փորձագետներ:

Ռազմավարությունը պետք է ընդգրկի ոլորտի զարգացման 10 տարիների տեսլականը` ներկայացնելով ըստ քայլերի հաջորդականության իրականացվելիք միջոցառումները` պետական խիստ վերահսկողությանյ ներքո:

Նախարարը հատկապես կարևորեց կոնյակագործության, գինեգործության և սեղանի սորտերի դասակարգման, գյուղացիական տնտեսություններին ֆիլոքսերազերծ տնկիներով ապահովելու հարցերը:

Նախարարի խոսքով` պետության ուշադրության կենտրոնում է գտնվում խաղողի գենետիկական հայկական սորտերի պահպանման խնդիրը: Այդ նպատակով առաջիկայում մոտ 5 հեկտար տարածության վրա կստեղծվի խաղողի կոլեկցիոն այգի, որտեղ կպահպանվի խաղողի հայկական սորտերի գենոֆոնդը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս