Ինչպես հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, երեկ Զմմառի Ս. Տիրամոր վանքում, տեղի ունեցավ Հայ Կաթողիկե Եկեղեցու նորընտիր Պատրիարք Ամենապատիվ Գրիգոր-Պետրոս Ի Կապրոյանի գահակալության արարողությունը, որին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ մասնակցում էին Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը:
Ս. Պատարագի վերջում Նաթան Սրբազանը նորընտիր Պատրիարքին փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույններն ու բարեմաղթանքները, ինչպես նաև Նորին Սրբության շնորհավորական խոսքն ընտրության առիթով:
«Առ Աստված աղոթքով և գոհունակությամբ համայն հայության սրբազնասուրբ կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մեր ուրախությունն ու զորակցությունն ենք հայտնում Ձեզ` Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Պատրիարք ընտրվելու առիթով:
Ձեր բարի և նվիրական ծառայությամբ Դուք մշտապես եղել եք Տիրոջ խոսքի սպասավորն ու անխոնջ հովիվը` թե՛ իբրև ուսուցիչ, թե՛ իբրև հովիվ և թե՛ իբրև բարեխնամ առաջնորդ Ֆրանսիայի կաթողիկե հայոց համայնքի:
Միածնաէջ Սուրբ Խորանի առաջ Մեր մաղթանքն է, որը Տերը պահի ու պահպանի Ձեզ և Ձեր հավատացելոց հոտը: Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում նաև Հայ կաթողիկե համայնքի ողջ հոգևորականաց դասին ու հավատացելոց, ովքեր Սուրբ Հոգու շնորհով Ձեզ վստահեցին Կաթողիկե հայոց առաջնորդությունը»,- ասվում է Վեհափառ Հայրապետի շնորհավորական ուղերձում: