ԱԶԱՏ ԹՌԻՉՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունվարի 18-ին Ադրբեջանի իշխանությունները փոփոխություններ են կատարել «Ադրբեջանի օդային տարածքի մասին» օրենքում, որով այդ երկրի զինված ուժերին հնարավորություն է տրվում ոչնչացնել արգելված գոտիներում թռիչքներ իրականացնող օդանավերը: Ղարաբաղը, ինչպես հայտնի է, ազերիները հենց այդպիսի գոտի են համարում: Եվ բնականաբար, այդ օրենսդրական փոփոխությունների հիմնական թիրախը Ստեփանակերտի օդանավակայանն է, որի գործարկումն արդեն երկու տարի է՝ տեխնիկական տարաբնույթ պատճառաբանություններով հետաձգվում է: Եվ դատելով օդանավակայանի գործարկման ժամկետների մասին հետզհետե մշուշոտ դարձող հայտարարություններից՝ կարելի է ասել, որ այս հարցում ՀՀ իշխանությունների սկզբնական վճռականությունը կարծես թե կամաց-կամաց նվազում է` Ադրբեջանի կողմից օդանավերը խփելու սպառնալիքները իրագործելու վճռականության աճին զուգընթաց: Ու թեեւ նույն հունվարի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության ուժերը պատրաստ են ապահովել քաղաքացիական ինքնաթիռների թռիչքները, ակնհայտ է, որ այս հարցը շուտ չի լուծվի: Ավելին, այսօր արդեն տեսանելի է, որ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը կարող է պատերազմական գործողությունների վերսկսման առիթ դառնալ, որից խուսափելու կամ որն օգտագործելու համար տարբեր քաղաքական կենտրոնների կողմից տարբեր ուղերձներ են ուղարկվում կողմերին: Նման մի ուղերձ էլ օրերս ռուսական BSR-Russia կայքում հրապարակված «Հայաստանը ԼՂ օդանավակայանի անվտանգնությունն ապահովելու համար կարող է դիմել  Ռուսաստանին» վերնագրով հոդվածն է, որտեղ առաջ է քաշվում ռուսական զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության անվան տակ  Ստեփանակերտում տեղակայելու սցենարը: «Ադրբեջանը չի փոխում իր` Ղարաբաղը շրջափակման մեջ պահելու քաղաքականությունը, եւ ռազմական, այլ ոչ թե քաղաքական երաշխիքներ են անհրաժեշտ նման թռիչքների կազմակերպման համար»,-նշում է հոդվածի հեղինակը` իբրեւ այդպիսին ներկայացնելով, բնականաբար, Ռուսաստանի կողմից երկկողմ պայմանագրի հիման վրա տրվող ռազմական երաշխիքները` խաղաղապահ ուժերի եւ  Ղարաբաղում հզոր հրթիռային համակարգի տեղակայմամբ: Թե նման սցենարի կիրառումն ինչպիսի հետեւանքներ կունենա, դժվար չէ կանխատեսել, եւ այն, որ չնայած ՀՀ իշխանությունների` քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգությունը երաշխավորելու  հայտարարություններին, ռուսական որոշ շրջանակներ, այնուամենայնիվ,  փորձում են ռուսական խաղաղարարներին խցկել այս ամենի մեջ, ցույց է տալիս, որ առաջիկայում, ըստ ամենայնի, Ադրբեջանը էլ ավելի կկոշտացնի իր դիրքորոշումը: Մինչեւ Հայաստանն իսկապես սկսի մտածել ռուսական ռազմական երաշխիքների մասին:




Լրահոս