«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ամեն կերպ վստահեցրեց, որ այս տարիների ընթացքում ոչ ոքի չի հաջողվել իրեն «կանտրոլի տակ» պահել:
-Պարո՛ն Հարությունյան, քաղաքական դաշտում խոսակցություններ են շրջանառվում, որ Ձեր փոխարեն 8 մլիոն դրամ գրավը վճարել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, եւ Դուք մշտապես «հովանավորվել» եք նրա կողմից:
-Դուք 7 երգ գիտեք, 7-ն էլ Հովիկ Աբրահամյանի մասին… Այդ ի՞նչ եք ասում: Իսկ ինչո՞ւ այդ դեպքում Հովիկ Աբրահամյանին շտաբի պաշտոնից չեն հանում: Հ. Աբրահամյանին տվել են շտաբի պետ, որ ես իր շեֆի դե՞մ դուրս գամ, դա՞ եք ասում: Գրում եք, դա՛ էլ գրեք: Իսկ ինչո՞ւ էդ հարցը Հ. Աբրահամյանից չեք ճշտում… Իհարկե նման բան չկա: Դուք գտնում եք, որ Հ. Աբրահամյանը Սերժ Սարգսյանի հակառակո՞րդն է, նրա դե՞մ է աշխատում:
-Պարզապես տպավորությունն այնպիսին է, որ Դուք առաջադրվել եք ՀՀԿ-ի կողմից եւ «իրենց» թեկնածուն եք համարվում:
-Իսկ Դուք ի՞նչ եք կարծում, Ս. Սարգսյանին ձեռնտո՞ւ է իմ մասնակցությունը, իմ թեկնածության առաջադրումը:
-Բայց Ձեր առաջադրումով Դուք որեւէ «վնաս» չեք էլ պատճառում Ս. Սարգսյանին, քանի որ անգամ որոշել եք պայքարի կեսից դուրս գալ:
-Վնաս չե՞մ տալիս, իսկ ես ո՞ւմ եմ վնաս տալիս: Այսօր թեկնածուներից իմ առավելությունը գիտե՞ք որն է, որ ես անկախ եմ: Դրա համար էլ բոլորը խառնվել են իրար, ուզում են հասկանալ, թե ինչպես կարող է պատահել, որ իրենց կանտրոլին չենթարկվող մարդ կա Հայաստանում: Ես էլ ձեզ ասում եմ, որ ինձ Հ. Սբրահամյանը գումար չի տվել:
-Իսկ ինչպե՞ս պատահեց, որ Դուք «կանտրոլից» դուրս եկաք:
-Ես միշտ կանտրոլից դուրս եմ եկել:
-Բայց մարտի 1-ի հանձնաժողովի ժամանակ Դուք «կանտրոլի տակ էիք»:
-Ես հիմա ասեմ, անգամ ընտրությունների օրն ինձանից վստահված անձ են ուզել, բայց ես չեմ տվել, հասկանո՞ւմ եք:
-Այդ դեպքում ինչո՞ւ էիք մարտի 1-ի հանձնաժողովում բացառապես Ս. Սարգսյանի շահերը պաշտպանում:
-Ես Ս. Սարգսյանին չեմ պաշտպանել, ես երեք նախագահներին էլ քննադատել եմ:
-Դուք հայտարարում էիք, որ միայն առաջին նախագահն է մեղավոր:
-Առաջին նախագահն էլ է մեղավոր, երկրորդ նախագահն էլ այնքանով էր մեղավոր, որ ինքն էր հանրապետության նախագահը, իսկ երրորդն էլ այնքան է մեղավոր, որ նա է այդ ամենից շահողը:
-Եթե երրորդ նախագահն այդքան վատն է ու մարտի 1-ի զոհերի արյան գնով նախագահ դարձավ, այդ դեպքում ինչպե՞ս եք կարողանում նրա հետ մշտապես համագործակցության եզրեր գտնել:
-Ես նրա հետ չեմ համագործակցել: Ինքը, տարբեր հարցերի հետ կապված, ինձ հրավիրել է տարբեր միջոցառումների, որի ժամանակ ես հայտնել եմ իմ դիրքորոշումն ու քննադատել: Ո՞վ է գնացել ու նրա ձեռքը սեղմել. Արթուր Բաղդասարյանը:
-Դուք երկու տարի առաջ չգիտեի՞ք Ս. Սարգսյանի ընտանիքի հարստության մասին, ինչո՞ւ չէիք բարձրաձայնում: Նոր եք դրա մասին խոսում:
-Ես միշտ բարձրաձայնել եմ, չեն լուսաբանել, ես այլեւս ոչ մի բան չեմ ասելու, ես ուղիղ եթերի եմ գնում:
Հ.Գ. Արամ Հարությունյանը շտապում էր ուղիղ եթերի, որի ժամանակ հայտարարեց. «Սե՛րժ Սարգսյան, մենակ մնալով, Դուք երբեւէ Ձեզ հարցրե՞լ եք, թե ինչու սպանվեց Վահե Ավետյանը «Հարսնաքար»-ում: Ես ունեմ իմ տեսակետը: Եթե «Հարսնաքար»-ի անվտանգության աշխատակիցները, մատուցողները շաբաթը երկու անգամ ՀՀԿ ղեկավարությանը Ձեր գլխավորությամբ տեսնում են «Հարսնաքար»-ում, իրենց համար ծովը ծնկներից է: Ես ցավում եմ, որ ՊՆ Սեյրան Օհանյանը Հայաստան- Լիտվա ընկերական խաղի ժամանակ նստում է Ռուբեն Հայրապետյանի կողքին: Նա մոռանում է, որ իրեն նայում են Վահե Ավետյանի հարազատները, նա մոռանում է սպայի պատիվը: Սե՛րժ Սարգսյան, եթե Ձեզ թվում է, թե ֆուտբոլում Դուք ունեք հաջողություններ եւ Հենրիխ Մխիթարյանի խփած գոլերը նաեւ Ձերն են, ապա մոռանում եք, որ Ձեր հովանավորյալի շնորհիվ Հայաստանում կարծես թե մոռացության մատնվեց «Արարատ 73»-ը, ո՞ւր են այդ տղաները, ո՞ւր է Խորեն Հովհաննիսյանը, ո՞ւր է Արկադի Անդրեասյանը: Պատկերացրե՛ք, որ Արգենտինայի նախագահը նկարահանվեր Մեսիի հետ տեսահոլովակում, ամոթ է: Շախմատն էլ խլեցիք շախմատիստներից: Արոնյանը պետք է մեծանար, որ դառնար օլիմպիական չեմպիոն: Աղոթե՛ք ապահով ծերության համար, Սե՛րժ Սարգսյան»:
7 ԵՐԳ, 7-Ն ԷԼ ՀՈՎԻԿ ԱՐԳԱՄԻՉԻ ՄԱՍԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ