ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴԵՌ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ ԵՆ
NEWS.am-ի տեղեկացմամբ` hունվարի 21-ին Վանաձորում սննդային թունավորմամբ ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված ընտանիքի երեք անդամները դեռեւս դուրս չեն գրվել: 17-ամյա Արսեն Խառատյանը, 50-ամյա Վլադիմիր Խառատյանը եւ 46-ամյա Ալինա Ադամյանը դեռեւս համապատասխան բուժօգնություն են ստանում եւ դուրս կգրվեն հավանաբար մի քանի օրից: Առայժմ հայտնի չէ նրանց թունավորման կոնկրետ պատճառը:

ՄԻ՛ ԽԱՌՆԵՔ
2009-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին Հայաստանի երրորդ հանրապետության կայացման գործում ներդրած մեծ ավանդի եւ ծննդյան 60-ամյակի առթիվ պարգեւատրել է անվանական զենքով: Այդ կապակցությամբ իր անունն իշխանության հետ կապողներին պարոն Հայրիկյանն «Առավոտ»-ի հետ զրույցում  հիշեցրել է. «Քաղաքական կյանքում իմ անունը լսել են 60-ականներից, Սերժ Սարգսյանի անունը լսել են 1990-ականների սկզբներից: Սա էլ պատասխանը: Վե՛րջ»:

ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սկսել է ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի գործով դատարան ներկայացված երեք դիմումներից երկուսի քննությունը, որոնք դատարանը որոշել է միավորել մեկ վարույթի շրջանակներում եւ քննել որպես մեկ գործ: Գործի փաստերը վերաբերում են 2008թ. փետրվարի 22-ին Ազատության հրապարակում Գ. Ջհանգիրյանի հայտնի ելույթին եւ դրան հետեւած իրադարձություններին՝ Արգավանդի խաչմերուկից բերման ենթարկելուց մինչեւ կալանքի ժամկետների երկարաձգում:

ՉԻ ԴԱԴԱՐԵՑՆԻ
Հունվարի 21-ից անժամկետ հացադուլ հայտարարած ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակը նորմալ է: Այդ մասին ասել է ինքը` Ղուկասյանը: Անդրադառնալով ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի՝ հացադուլին միանալու ցանկությանը, Ղուկասյանը նշել է. «Ես վստահ եմ, որ միայն ես չեմ, որ Հայաստանում ձեւական ընտրությունների անցկացման դադարեցում եմ պահանջում, դա մեր հանրության պահանջն է: Բնականաբար, Պարույր Հայրիկյանի միանալը կուժգնացնի հանրության վրա մեր կոչի ազդեցությունը»: Միաժամանակ Ղուկասյանն ընդգծել է, որ մտադիր չէ դադարեցնել հացադուլը, քանի որ դա կնշանակի նահանջել ճանապարհի կեսից:  

ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ
«Էկոլուր»-ի տեղեկացմամբ` այսօր՝ ժամը 15:00-ին, Նոր Նորքի 7-րդ զանգվածում տեղի բնակիչները բողոքի ակցիա կանցկացնեն քարի մշակման գործարանի կառուցման դեմ:

ԱԴԻԲԵԿՅԱՆԻ ԱՉՔԵՐՈՎ
«Սերժ Սարգսյանը նախընտրական PR-ն իրականացնում է ամերիկյան տեխնոլոգիաներով եւ ամեն մի հանդիպման ներկայացնում է ոչ թե ամբողջ ծրագիրը, այլ խոսում է մի թեմայի շուրջ` խորը, հանգամանորեն եւ լայն: Իսկ հանդիպումներն այնքան են, ինչքան նա ունի կարեւոր դրույթներ, կետեր իր ծրագրերում»,-իր այդ դիտարկումը երեկ ներկայացրել է  սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Ըստ նրա` Րաֆֆի Հովհաննիսյանը եւս նախընտրական PR-ի լավ տեխնոլոգիաներ է կիրառում, քանի որ նրա ձայնի առոգանությունը հոգեբանական ազդեցություն ունի: «Բագրատյանը հույսը դնում է ընտրողների անալիտիկ կարողությունների եւ տնտեսագիտական գիտելիքների վրա, ինչը միայն փոքր մասնագետների խումբ է: Իսկ Պարույր Հայրիկյանը մնում է իր հայրենասիրական շրջանակներում»,-նկատել է Ադիբեկյանը:

ԱՆԺԵԼԱՅԻ ՏՂԱՄԱՐԴՈՒ ՀԱՄԱՐ
Ի պաշտպանություն Անժելա Սարգսյանի գործով ազատազրկման դատապարտված Կարեն Արայանի` մի խումբ երիտասարդների կողմից ստորագրահավաք է սկսվել, իսկ հունվարի 29-ին՝ ժամը 13-ին, ՀՀ նախագահի նստավայրի դիմաց տեղի կունենա հանրահավաք՝ դիմումը Սերժ Սարգսյանին հանձնելու նպատակով:

ԱՊՇԵԼ Է
«Երբ իմացա, որ ՀԱԿ-ը չի սատարելու Հրանտ Բագրատյանի թեկնածությունը, ճիշտն ասած, ապշած էի, անսպասելի էր»,-այս մասին «ԳԱԼԱ»-ի հետ զրույցում ասել է ֆրանսահայ ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանը՝ խոսելով նախագահական ընտրություններում Հ. Բագրատյանի թեկնածության մասին: Նրա խոսքով՝ Բագրատյանը լավ տնտեսագետ է եւ ներկայացնում է լավագույն տնտեսական այլընտրանքները՝ ներկա տնտեսական ճգնաժամից դուրս գալու համար:




Լրահոս