Ինչն էր դրդել ամուսնուն կրակել նոր ծննդաբերած կնոջը. նոր մանրամասներ «Արմենիա» ԲԿ-ում տեղի ունեցած ողբերգական դեպքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել 2015թ հունիսի 30-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում ծծնդկանին կրակած և ինքնասպան եղած երիտասարդի ողբերգական դեպքից:

Հիշեցնենք, որ 1982թ. ծնված Հայկ Վարդանյանը բարձրացել էր Հանրապետական հիվանդանոցի ծննդատան 407 վճարովի հիվանդասենյակ եւ իր մոտ եղած հրազենով կրակել կնոջ՝ Մ. Ասատրյանի ուղղությամբ, ապա ինքնասպան եղել: Ըստ շրջանառվող լուրերի՝ ամուսինը կասկածել էր, որ երկու օր առաջ ծնված աղջիկ երեխան իր երեխան չէ:

Եվ, ահա, «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ քննչական կոմիտեն տեղի ունեցած միջադեպից հետո, քննչական գործողությունների անհրաժեշտությունից ելնելով, ԴՆԹ հետազոտության էր ենթարկել նորածին երեխային, եւ նախօրեին ստացած եզրակացության համաձայն՝ նոր ծնված աղջիկը ինքնասպան եղած Հայկ Վարդանյանի երեխան է:

Ասել է թե՝ այն վարկածներից մեկը, որ տղամարդը ցանկացել է կնոջը սպանել, քանի որ կասկածել է, թե ծնված փոքրիկը իրենը չէ, հերքվեց: Իսկ թե ինչը կարող էր լինել Հայկի կրակոցների պատճառը, դեռեւս հայտնի չէ: Նշենք, որ մեզ հասած տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն դեռ չի հարցաքննել տիկնոջը՝ նրա առողջական վիճակից ելնելով:




Լրահոս