Անօրինական որս անելու դժբախտ հետևանքները. քննիչը վիրավորվել է, ընկերը՝ մահացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարի որսի սեզոնը սկսվում է օգոստոսի 23-ից: Այդ օրվանից սկսած բոլոր նրանք, ովքեր որսորդ միության անդամ են և ունեն համապատասխան թույլտվություն, կարող են որսի դուրս գալ: Սակայն, ինչպես Armlur.am-ին հայտնի դարձավ, մարդիկ կան, ովքեր չեն համբերում մինչև որսի սեզոնի սկիզբը և շտապել են որսի:

Մոտ երկու ժամ առաջ ողբերգական դեպք է  տեղի ունեցել Տավուշի մարզի Չորաթան-Նորաշեն գյուղերի հարակից դաշտում: Armlur.am-ին հայտնի դարձավ, որ երկու ընկեր մոտոցիկլետով որսի են դուրս եկել: Ընկերներից մեկը, ով մոտոցիկլետի հետևում է նստած եղել, տեսնելով փորսուղին` կրակել է նրան, այնուհետև իջել, որպեսզի վերջնական համոզվի` կենդանին սատկել է թե՞ ոչ: Դրանից հետո մոտոցիկլետին նստած ընկերը անզգուշաբար կրակել է մյուսին, ով մահացել է:

Նման դեպք էր տեղի ունեցել նաև օգոստոսի 8-ին Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղին հարակից դաշտավայրում: Երկու քաղաքացի որսի էին դուրս եկել, բայց այն ավարտվել էր դժբախտ պատահարով: Ընկերներից մեկը անզգուշությամբ իր որսորդական հրացանով կրակել էր մյուսին, որի հետևանքով վերջինս ստացել էր մարմնական վնասվածք:

Մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն, վիրավորված քաղաքացին քննիչ է: Ուշագրավն այն է, որ նա, լինելով քննիչ, տեղյակ չէ, որ այս տարի որսի սեզոնը սկսվում է օգոստոսի 23-ից: Կամ, միգուցե տեղյակ է եղել, բայց դա որևէ բան չի փոխել: Ստացվում է` օրենքը խախտում են հենց այն մարդիկ, ովքեր պարտավոր են այն պահպանել:

Այս երկու դեպքում էլ «որսորդները» զենքին չեն տիրապետել, ինչն էլ նման ողբերգության պատճառ է դարձել:




Լրահոս