Ռուսաստանի ռազմավարական զարգացման ինստիտուտի գլխավոր տնօրեն, ԱՊՀ երկրների երիտասարդական միության նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը օրեր առաջ հանդես էր եկել մի սենսացիոն հայտարարությամբ, որի պատճառով արձակուրդում գտնվող ողջ քաղաքական էլիտան «իրար է խառնվել»: Նիկողոսյանը որոշել է ՌԴ-ին «լավություն» անել ու հայտարարել է, թե իր կարծիքով Հայաստանը պետք է ընդգրկվի ՌԴ կազմում: Նկատենք, որ հայ հասարակությունը դեռ չէր հասցրել «մարսել» Նիկողոսյանի վերջին խայտառակությունը՝ կապված այլասերված ձեւով բռնաբարության փորձի հետ, որի մասին տեղեկատվությունը հեղեղել էր ռուսական մամուլը, հիմա էլ «Պուտին» ակումբների հիմնադիրը որոշել է իր «կաշին» փրկելու համար հանդես գալ նոր, խայտառակ ձեռնարկով` ՀՀ-ն Ռուսաստանի կազմում տեսնելու մասին հայտարարությամբ:
«Ռուսաստանը պետք է ձեւավորի կայսրություն, որովհետեւ Դաշնությունը Ռուսաստանի համար շատ փոքր է, եւ նախկին խորհրդային պետությունները պետք է համախմբվեն Ռուսաստանի հետ: Հայաստանը չի կարող դուրս մնալ տեղի ունեցող վտանգավոր զարգացումներից, եւ որեւէ անհատ չէ, որ պետք է որոշի, թե որ դաշնության կազմում լինի Հայաստանը, դա պետք է որոշի հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով: Ես համոզված եմ, որ դա սարերի հետեւում չի, եւ Հայաստանը ձայների բացարձակ մեծամասնությամբ կմտնի Ռուսաստանի կազմի մեջ, եթե Ռուսաստանը դեմ չլինի: Այդ դեպքում Հայաստանի սահմանները փաստորեն կդառնան ատոմային գերտերության սահմաններ»,-հայտարարել է Նիկողոսյանը: Երեկ ողջ օրվա ընթացքում,քաղաքական դաշտը «քարկոծում» էր Ա. Նիկողոսյանին՝ հայտարարելով, որ վերջինս իրավունք չունի ՀՀ քաղաքացի կոչվելու, քանի որ ՀՀ-ն ինքնիշխան պետություն է, եւ նման անպատասխանատու հայտարարությամբ նախ եւ առաջ խախտվում է ՀՀ Սահմանադրությունը:
Թե ով է Անդրանիկ Նիկողոսյանը, հանրության զգալի մասը շատ լավ գիտի. նրա «փառապանծ» գործունեությանն օրերս անդրադառնալու առիթ էր ունեցել նաեւ «ժողովուրդը», երբ այս պարոնը «արցունքն աչքերին» հայտարարել էր, թե պետք է պայքարի ՀՀ-ից արտագաղթի դեմ: Սակայն հասկանալու համար նրա` վերջին շրջանի վերաակտիվացման շարժառիթը, թերեւս, արժի հանրությանը հիշեցնել Նիկողոսյանի հետ կապվող վերջին խայտառակ դրվագը: Այսպես՝ դեռեւս հուլիս 9-ին «ИА Национальные интересы»-ն տեղակացրել էր, որ Ա. Նիկողոսյանն իր վարորդի հետ դաժան ծեծի է ենթարկել ու փորձել բռնաբարել իր ծանոթուհուն. «Այժմ Ռուսաստանի Գագարինի շրջանի ոստիկանությունում տուժածի հայտարարության հիման վրա ստուգումներ են անցկացվում դաժան ծեծի ու բռնաբարության փորձի մեղադրանքով»: Մեր տեղեկություններով՝ առայժմ այդ գործը «սառեցված» վիճակում է, եւ, ըստ ամենայնի, նման հայտարարությունների նպատակը հենց այդ գործի «ապասառեցումը» թույլ չտալն է:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է պարզել, թե Ա. Նիկողոսյանի հայտարարության հետ կապված ինչ դիրքորոշում ունեն քաղաքական գործիչները:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ ԱՆՈՒՇ ՍԵԴՐԱԿՅԱՆ
-Տիկի՛ն Սեդրակյան, Ռուսաստանի ռազմավարական զարգացման ինստիտուտի գլխավոր տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանը հայտարարել է, որ Հայաստանը պետք է ընդգրկվի ՌԴ կազմում, քանի որ դա ամենաճիշտ ուղին է ՀՀ-ի համար: Ինչպե՞ս եք գնահատում նման հայտարարությունը:
-Ես կարծում եմ, որ նման հայտարարություններն այլեւս պետք չէ անգամ քննարկել, ես հասկանում եմ, որ կան որոշակի մարդիկ, որոնք պատրաստ են մինիմալ վճարի համար դավաճանել երկրի երկարատեւ ինքնիշխան պայքարը, մենք գիտենք, թե ինչպես է դա տեղի ունենում, բայց ես կարծում եմ, որ մենք չպետք է նման բաները քննարկենք: Ռուսական պրոպագանդան, քաղաքականությունն ամեն ինչ անում է, որպեսզի ՀՀ-ն չմնա ինքնիշխան երկիր, բայց Հայաստանի դժվարությունները, պայքարը, հերոսական բանակը, Արցախյան պատերազմը, մեր երկարատեւ տառապանքները երկու ճանապարհ ունեն՝ կա՛մ կոշտ հակադարձել նման հայտարարություններին, կա՛մ անտեսել նման հայտարարությունները, իսկ ես կողմ եմ անտեսմանը: Երբ որ իրողությանը տալիս ես ավելի մեծ ուշադրություն, քան այդ իրողությունն արժանի է, ապա այդ իրողությունն արդեն թվում է իրական:
-Բայց արդյո՞ք սա զուտ Ա. Նիկողոսյանի տեսակետն է, թե՞ դա ՌԴ-ի ցանկությունն է, որը հնչում է Նիկողոսյանի «շուրթերով»:
-Ես ասում եմ՝ ՌԴ-ն կարող է ունենալ ամենատարբեր տեսակետներ, բազմաթիվ ցանկություններ ու կատարել բազմաթիվ քայլեր: Բայց արդյո՞ք մենք պետք է հետեւենք ՌԴ-ի օրինակին, իհարկե, ո՛չ, դրա համար եմ ասում՝ շատ հաճախ հարեւանի գործողությունների հանդեպ պետք է ունենալ արհամարհական վերաբերմունք: Ես կարծում եմ, որ Նիկողոսյանի եւ նրան ղեկավարող մարմինների ցանկությունները քիչ են՝ ՀՀ-ն ինքնիշխան ուղուց շեղելու համար:
ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագետ ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ
-Պարո՛ն Սաֆարյան, Ա. Նիկողոսյանը հայտարարել է, որ ՀՀ-ն պետք է ընդգրկվի ՌԴ կազմում: Ինչպես եք վերաբերվում նման դիրքորոշմանը:
-Եթե երիտասարդն արդեն միացել է ՌԴ-ին, ինքն արդեն իր ճակատագիրն ու բախտը կապել է ՌԴ-ի հետ, ինքն իրեն զգում է ռուս, ռուսական կայսրության մաս, ապրում է այնտեղ, վայելում է այն բոլոր բարիքները ինչը տեսնում է, ապա ընդհանրապես իր ինչ գործն է խառնվել ՀՀ գործերին ու մի հատ էլ ՀՀ ապագայի մասին նման տեսակետ ասել: Ինքն ակնհայտորեն չի գիտակցում, որ խախտում է ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է՝ ՀՀ-ն անկախ, ինքնիշխան, ժողովրդավարական պետություն է:
-Տեսակետ կա, որ Նիկողոսյանը սա անում է իր «կաշին» փրկելու համար, քանի որ ՌԴ-ում հնարավոր է՝ նրան դատեն բռնաբարության հոդվածով:
-Ընդհանուր առմամբ ՌԴ ծառայությունների կողմից կամպրամանտների օգտագործումը նոր երեւույթ չէ, ես դա չեմ կարող բացառել, որովհետեւ նա իսկապես տհաճ պատմության մեջ էր ընկել, ու նրան սպառնում էր ազատազրկում, իսկ եթե դա տեղի չի ունեցել, նշանակում է՝ իսկապես գործարք է տեղի ունեցել:
Սոնա Գրիգորյան