ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ԵԽԽՎ երեկվա նիստում անդրադարձել է ՀՀ-ում կայանալիք նախագահական ընտրություններին: Ըստ նրա՝ Հայաստանում ընտրությունները պարզապես ֆարս են, եւ ընտրակեղծիքների պատճառով ընտրությունների միջոցով անհնար է հասնել իշխանափոխության:
«Ընտրացուցակներն ուռճացված են, այն դեպքում, երբ Հայաստանում ապրող ընտրողների թիվը կազմում է ընդամենը 1,8 մլն, այնինչ ընտրացուցակներում ներառված են ավելի քան 2,5 մլն ընտրողներ: Հայաստանում ընտրությունները վերածվել են պետականորեն կազմակերպված բազմակի քվեարկության, ինչպես նաեւ՝ քվեների գնման մի պետականորեն կազմակերպված միջոցառման` իշխող կուսակցության օգտին քվեարկելու հարկադրմամբ: 5-7 հարյուր հազար ձայների կեղծումն ուղիղ այնքան է, որպեսզի ապահովի իշխող կուսակցության հաղթանակը ցանկացած ընտրություններում»,-ասել է նա: Զուրաբյանի խոսքով՝ թեեւ 2012թ. ԱԺ ընտրություններից հետո ԵԽԽՎ-ն եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը կոչ են արել Հայաստանի իշխանություններին ապահովել ընտրացուցակների ճշգրտությունը, սակայն ոչ մի քայլ այդ առումով չի արվել: «Երկրի խոշոր ընդդիմադիր քաղաքական ուժերը` ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, հրաժարվել են մասնակցել կայանալիք նախագահական ընտրություններին: Այդ երեք ուժերը, անգամ կեղծված խորհրդարանական ընտրությունների արդյունքում, ստացել են 650 հազար քվե: Իսկ իրականում ստացել են հայ ընտրողների ձայների մեծամասնությունը: Ընտրություններին չմասնակցելու նրանց որոշումը, փաստորեն, նշանակում է, որ Ս. Սարգսյանին մնում է մրցել միայն մարգինալ քաղաքական ուժերի հետ»,-նշել է նա:
Երեկ ԵԽԽՎ-ում ելույթ է ունեցել նաեւ պատվիրակության ԲՀԿ-ական անդամ Վահե Հովհաննիսյանը, որը ռուս-վրացական հակամարտության գոտում հումանիտար իրավիճակի խնդրի քննարկման ժամանակ խոսել է աբխազական երկաթգծի խնդրից: Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը, Վրաստանը եւ Հայաստանն Աբխազիայի տարածքով կապող երկաթուղային գիծը չի գործում արդեն մոտ 20 տարի: Այնինչ երկաթուղու գործելու դեպքում տնտեսական մեծ աշխուժություն կլինի: Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծվել է բացառիկ հնարավորություն՝ Կովկասում լարվածությունն էապես թուլացնելու, պետությունների միջեւ նոր որակի հարաբերությունների ձեւավորման եւ առկա խնդիրները խաղաղ, կառուցողական ճանապարհով լուծելու համար, իսկ Ռուսաստանի, Աբխազիայի, Վրաստանի, Հայաստանի միջեւ երկաթուղային հաղորդակցության վերականգնումը կլինի այդ ուղղությամբ կատարված ամենակարեւոր քայլերից մեկը: «Եթե մենք իրոք ուզում ենք ավելի անվտանգ Եվրոպա, եւ եթե մենք իրոք ցանկանում ենք թեթեւացնել մարդկանց տառապանքները, ապա պարտավոր ենք դնել ճիշտ առաջնահերթություններ՝ ճիշտ դասակարգելով խնդիրների պատճառները»,-ասել է Հովհաննիսյանը:
ԿԵՂՏՈՏ ՍՊԻՏԱԿԵՂԵՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ