ՀԱՆՑԱԳՈՐԾՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Կենտրոն վարչական շրջանի  մի խումբ բնակիչներ բաց նամակով դիմում են Սերժ Սարգսյանին, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին: Նրանք պահանջում են ազատ արձակել գողության կասկածանքով ձերբակալված երկու ոստիկաններին, իսկ  իրական մեղավորը` Ռուբեն Հովսեփյանը, կրի իր արժանի պատիժը:
«Կենտրոն համայնքում տարիներ շարունակ կատարվում են բնակարանային գողություններ եւ մնում են չբացահայտված կամ մասամբ են բացահայտվում, թեպետ մենք շատ գոհ ենք մեր համայնքը սպասարկող ոստիկաններից: Անցած տարեվերջին, մեր տեղեկություններով, ոստիկանության կենտրոնականի բաժնում բռնվում է մի հանցագործ, որը տարիներ շարունակ զբաղված է եղել մեր տները թալանելով: Այդ երիտասարդը Ռուբեն Հովսեփյանն է՝ նախկինում յոթ անգամ դատապարտված, թմրամոլ: Մենք շատ լավ ենք ճանաչում իրեն եւ իր ծնողներին: Ռ. Հ.-ն մանկուց աչքի էր ընկնում իր հանցավոր վարքով: Ծնողները լավ էլ իմացել են որդու հանցագործ վարքի մասին եւ խրախուսել: Նրա հայրը եղել է ոստիկանության աշխատակից, որին հեռացրել են համակարգից որդու պատճառով, իսկ մայրը մանկավարժ է: Այս անգամ  բացահայտվել է նրա կողմից կատարված ութ բնակարանային գողություն, բայց Հովսեփյանների ընտանիքն այնքան է սերտաճած հանցավորության հետ, որ գումարով կամ շանտաժով փորձում են խուսափել օրենքի պատասխանատվությունից: Կ. Հովսեփյանը մի քանի բնակարան է վաճառել որդուն ազատելու համար: Նրանց ընտանիքի ցինիզմը հասել է նրան, որ Ռուբենի մայրը եւ իրենց տխրահռչակ փաստաբան Սարգիս Խաչատրյանը խոսակցություններ են տարածում՝ իբր իրենց հովանավորում է մի պաշտոնյա, որը խոստացել է ազատել այդ հանցագործին: Մենք բոլորս ահաբեկված ենք, քանի դեռ Ռուբենը ազատության մեջ է: Ճանաչում ենք նաեւ այն ոստիկաններին, որոնք այսօր այդ հանցագործի եւ իր ծնողների կողմից կեղծ ցուցմունքներով կալանավորվել են: Մենք հետեւողական ենք լինելու այս գործընթացին: Ինչքանո՞վ է իրավաչափ կատարված քննությունը, կա՞ արդյոք նշված գործում անձնական դրդապատճառ, եւ ո՞վ է կանգնած թմրամոլ հանցագործի թիկունքում»:

Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի մի խումբ բնակիչներ




Լրահոս