Պետք է գյուղատնտեսության բնագավառն ավելի զարգացնել և ավելի արդյունավետ դարձնել. Հովիկ Աբրահամյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ գյուղատնտեսության ոլորտի գիտական ներուժի լիարժեք և արդյունավետ իրացման վերաբերյալ: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) ղեկավարությունը և պրոֆեսորադասախոսական կազմը:

Վարչապետը, ողջունելով ներկաներին, կարևորել է նման ձևաչափով քննարկումը` գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրները վերհանելու և զարգացման ուղղությունները նախանշելու առումով: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը գյուղատնտեսությունը հայտարարել է գերակա ուղղություն և ոլորտում ավելի բարձր ցուցանիշներ արձանագրելու գործում գործադիրն ակնկալում է ագրոպարենային համակարգի գիտական ներուժի աջակցությունը և ակտիվ համագործակցությունը:

ՀԱԱՀ ռեկտոր Արշալույս Թարվերդյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին նման աննախադեպ քննարկում նախաձեռնելու համար, որը լավ հնարավորություն է ՀՀ ագրոպարենային ոլորտի զարգացմանը վերաբերող առաջարկությունները ներկայացնելու և քննարկելու համար: Նա տեղեկատվություն է ներկայացրել ՀԱԱՀ գործունեության վերաբերյալ՝ նշելով, որ ագրարային կրթական, գիտական և խորհրդատվական համակարգերին ներկայացվող պահանջները հիմնականում պայմանավորված են ոլորտի ներկա վիճակով, առկա հիմնախնդիրներով և զարգացման ռազմավարական ծրագրերով: Բուհում իրականացվող գիտահետազոտական ծրագրերը ֆինանսավորվում են ՀՀ պետական բյուջեից (2014 թ.՝ 257.56 մլն ՀՀ դրամ): 2015թ. մարտին ՀԱԱՀ-ը 4 տարի ժամկետով ստացել է պետական հավատարմագրում: Բուհն ունի 4 մասնաճյուղ՝ Սիսիանում, Վանաձորում, Գյումրիում և Արցախում, այժմ ուսանողների թիվը հասնում է 12800-ի: Համալսարանում նորացվել են գործող լաբորատորիաների սարքավորումները, ստեղծվել է 6 նոր մասնագիտացված լաբորատորիա:

Ընդհանուր առմամբ 2005-2015 թթ. ՀԱԱՀ խորհրդատվական և տեղեկատվական համակարգի կողմից ՀՀ 10 մարզում իրականացվել է 465 ծրագիր, որին մասնակցել են շուրջ 35000 ֆերմեր, հողօգտագործող, վերամշակող և այլն: Անդրադառնալով ագրոպարենային ոլորտում գիտական մշակումներին և արտադրությունում դրանց ներդրման վիճակին ու խնդիրներին՝ ՀԱԱՀ ռեկտորը նշել է, որ վերջին տարիներին բուհում իրականացված հետազոտական աշխատանքների արդյունքում մշակվել են նոր տեխնոլոգիաներ, մեքենաներ և սարքավորումներ, որոնք փորձարկվել են արտադրական պայմաններում և պատրաստ են ներդրման ագրոնոմիայի, գյուղատնտեսության մեքենայացման, անասնաբուժության-անասնաբուծության, սննդարդյունաբերության, ագրարային տնտեսագիտության և այլ ոլորտներում:

Զեկուցումից հետո ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում արծարծվել են պետական ագրարային քաղաքականության առաջնահերթություններին, գիտական արդյունքների նյութականացմանը, արտադրության առաջնահերթ ճյուղերի ընտրությանը, տնկարանային տնտեսության զարգացմանը վերաբերող և այլ հարցեր:

Վարչապետը ողջունել է ագրարային համալսարանի գործունեության արդիականացմանն ուղղված քայլերը ու գիտական նվաճումները, բայց միաժամանակ անհրաժեշտ համարել առարկայական քայլերի ձեռնարկումը և գիտական ձեռքբերումների հենքի վրա կոնկրետ նպատակային ծրագրերի իրականացումը: Ագրարային գիտություն-արտադրություն կապի սերտացման համատեքստում կառավարության ղեկավարը կարևորել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՀԱԱՀ-ի միջև համագործակցության ակտիվացումը և համակարգված համատեղ աշխատանքը: Հովիկ Աբրահամյանը հորդորել է համատեղ ակտիվ աշխատել տեսանելի արդյունքների հասնելու համար: «Մենք՝ կառավարությունը և գիտական ոլորտը, պետք է փորձենք միասին գյուղատնտեսության բնագավառն ավելի զարգացնել և ավելի արդյունավետ դարձնել: Պետք է արդյունքների մասին խոսենք՝ բոլորիս ուժերը համատեղենք և արդյունք տանք, մեր գյուղացիներին, հողօգտագործողներին ուղղորդենք», – նշել է վարչապետը:

Ամփոփելով քննարկումը՝ գործադիրի ղեկավարը հանձնարարել է մշակել կոնկրետ իրատեսական ծրագրեր, համատեղ քննարկել շահագրգիռ գերատեսչությունների հետ և ներկայացնել ՀՀ կառավարություն:




Լրահոս