ՀԱՐՑ. Դեկտեմբերի 4-ին Վայոց Ձորի մարզի Չիվա գյուղի իմ առանձնատուն մուտք են գործել Եղեգնաձորի «ՀԷՑ» մասնաճյուղի 4 աշխատակից՝ առանց փաստաթուղթ ներկայացնելու, մտել սենյակները, ինչ-որ գծեր փնտրել, ապա առանց արձանագրություն կազմելու՝ կապարակնքել հոսանքի միացման աղբյուրը: Այս ամենն այն դեպքում, երբ հաշվիչը գտնվում է տնից դուրս (2 օրից՝ իմ դիմումից հետո, եկել են մասնաճյուղի ղեկավարությունից, իմ տան մեջ չհայտնաբերելով հոսանքազրկման համար որեւէ հիմք՝ քանդել կապարակնքումը եւ թույլատրել հոսանքամատակարարումը): Մասնաճյուղի աշխատակիցները նման գործողություններ կատարելու իրավունք ունեի՞ն:
ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում) Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բաժանորդ Պողոսյանի առանձնատունը սնուցող հաղորդագծերը մինչեւ հաշվիչը անցնում են տան բակով, որտեղից հնարավոր է կատարել լարանցումներ՝ շրջանցելով հաշվիչը, մեր աշխատակիցներն այցելել են նաեւ բաժանորդին վերջինիս էլ. էներգիայի ծախսը եւ հաշվիչի աշխատանքը ստուգելու համար: Տեղեկացնում ենք նաեւ, որ մեր աշխատակիցները մուտք են գործել Պողոսյանի առանձնատուն իր իսկ խնդրանքով, տեղում լարումները չափելու, ինչպես նաեւ միացված բեռով հաշվիչի աշխատանքը ստուգելու համար: Մեր աշխատակիցները բաժանորդի մոտ նկատել են ոչ կենցաղային էլ. սարքավորում, եւ նրանց կողմից ժամանակավորապես կնքվել է 0,4 կՎ վահանը ստուգաչափման ընթացքում այդ սարքավորման (ինդուկտիվ բեռ) միացումը բացառելու նպատակով, ինչն ազդում է հաշվիչի աշխատանքի վրա: Բնակարաններ մուտք գործելը եղել է բաժանորդների թույլտվությամբ, աշխատանքներն էլ իրականացվել են նրանց ներկայությամբ:
Ինչ վերաբերում է փաստաթուղթ չներկայացնելուն, ապա բաժանորդը կարող է նման դեպքերում թույլ չտալ մուտք գործել իր բնակարան ու որեւէ գործողություն իրականացնել:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հարգելի՛ բնակիչներ, ցանկացած մարդուց, որը փորձում է, որեւէ հիմնարկի աշխատակից ներկայանալով, մուտք գործել ձեր բնակարան, անպայման պահանջե՛ք ներկայացնել համապատասխան փաստաթուղթ, որպեսզի հետո խնդիրների առաջ չկանգնեք: